Ավստրալիայի խորհրդարանի երկու անդամ քննադատել են Ադրբեջանին
Ավստրալիայի խորհրդարանի երկու անդամ՝ Դեյվիդ Ֆինն ու Ջոն Ալեքսանդրը, Ադրբեջանին մեղադրել են Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը տապալելու մեջ։
Դեյվիդ Ֆինը խորհրդարանում ելույթ ունենալով՝ քննադատության է ենթարկել սենատոր Կոնչետա Ֆիերավանթի Ուելլսի՝ «տարածքային ամբողջականության» մասին արտահայտությունը, որ նա արել է Ադրբեջան կատարած ուղևորությունից հետո, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Իր հերթին Ջոն Ալեքսանդրը նշել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստ է խաղաղության հասնելու համար լրացուցիչ մոնիթորինգ անցկացնել։
Երկու պատգամավորն էլ մանրամասն կանգ են առել «Ադրբեջանական լանդրոմատի» գործով վերջին հետաքննության վրա։
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ վստահության միջոցառումների ամրապնդման կապակցությամբ առաջարկության մասին խոսելով՝ Ալեքսանդրը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ-ի առաջարկները, մինչդեռ Ադրբեջանը՝ ոչ, ու կոչ է արել Ավստրալիային նույնպես դերակատարություն ունենալ ԵԱՀԿ-ում որպես գործընկեր։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ նրանց հայտարարությունների համար՝ նշելով, որ դրանք հատուկ կարևորություն ունեն Արցախին աջակցելու տեսանկյունից։
news.am