Ավարտվել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի առաջին բանակումը
Գլխավոր » Գաղափարական » Ավարտվել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի առաջին բանակումը

Ավարտվել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի առաջին բանակումը

Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում կազմակերպված Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մեկուսի մասնաճյուղի առաջին բանակումն երեկ՝ օգոստոսի 27-ին ավարտվել է:

Բանակումի փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԿԿ անդամներ Արթուր Մոսիյանը, Սերգեյ Շահվերդյանը, Վահագն Դադայանը, ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետ Վրեժ Ասմարյանը, բանակումի մասնակիցների ծնողներ եւ հարազատներ:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ բանակումը պատահական չէ կազմակերպվել Պատարա գյուղում. գյուղի տարածքում գտնվող Լեսնոյ գյուղն ազատագրված այն գյուղերից է, որի ազատագրմանը մասնակցություն են ունեցել ՀՄԸՄ-ականներ սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից:

«Այս բանակումը բոլորի կողմից նույն կերպ է մեկնաբանվում՝ կազմակերպված փոքր բանակ: ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի առաջին բանակումով դրվում է մի սկիզբ, որը հետադարձ չունի»,- ասել է Իշխանյանը:

ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետ Վրեժ Ասմարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել բանակումի իրականացմանը օժանդակություն ցուցաբերած անձանց, նշելով. «Այս բանակումով գրվեցին Արցախի ՀՄԸՄ 111-րդ մասնաճյուղի պատմության առաջին էջերը»:

ՀՄԸՄ 111-րդ մասնաճյուղի աշխատանքները հունավորելու նպատակով Լիբանանից Արցախ գործուղված Նարեկ Հանեյանն էլ իր ելույթում նշել է, որ ՀՄԸՄ-ի համար մեծ կարեւորություն ունի Արցախի մասնաճյուղի հիմնումը:

«Բանակումին մասնակից Արցախի պատանիներն արդարացրրել են մեր սպասումներն ու հույսերը: Ես վստահ եմ, որ մի քանի տարի անց Արցախի մասնաճյուղը ՀՄԸՄ ամենահզոր մասնաճյուղերից է լինելու»,- ասել է Հանեյանը:

Փակման արարողության ժամանակ բանակումի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր, որից հետո սկաուտները հանդես եկել մի շարք մարզական եւ մշակութային համարներով:

Լուսինե Թեւոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1