Առաջադրվելուս գլխավոր նպատակը միասնական, հզոր և օրինապահ երկիր ունենալն է. պատգամավորի թեկնածու
Գլխավոր » Լրահոս » Առաջադրվելուս գլխավոր նպատակը միասնական, հզոր և օրինապահ երկիր ունենալն է. պատգամավորի թեկնածու

Առաջադրվելուս գլխավոր նպատակը միասնական, հզոր և օրինապահ երկիր ունենալն է. պատգամավորի թեկնածու

Հոկտեմբերի 7-ին Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքում կկայանա Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրություն:

«Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Ալյոնա Գրիգորյանի հետ:
-Ինչու՞ որոշեցիք առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու:
Երբ մաս ես կազմում ազգային-քաղաքական մի ուժի, որի գլխավոր նպատակը միասնական, հզոր և օրինապահ երկիր ունենալն է և որին հասնելու համար կան հստակ ծրագրեր, ապա նմանատիպ ընտրություններին մասնակցություն ունենալը ընկալում ես որպես քեզ վստահված կարևոր գործ, որին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ: Այս ընտրություններին իմ մասնակցությունը դրա օրինակն է, իսկ թե ինչու հիմա, կարծում եմ՝ այնքան եմ քաղաքականապես հասունացել, որ կկարողանամ իմ առջև դրված խնդիրներին պատասխանատվությամբ մոտենալ:
-Դուք միակ կին թեկնածուն եք, դա Ձեզ կաշկանդու՞մ է:
Որպես կին՝ ես կրողն եմ այն արժեքների, որոնք վայել են հայ կնոջը: Իսկ այս ընտրապայքարը մի հարթակ է, որտեղ չկա սեռային խտրականություն: Եթե հայ իրականության մեջ ես առաջին կին թեկնածուն լինեի, գո՞ւցե մտածելու տեղիք տար: Նույնիսկ  եթե մի պահ երկմտած լինեի  թեկնածությունս առաջադրել-չառաջադրելու հարցի շուրջ, ապա  դա հաստատ իմ՝ կին լինելու հանգամանքը չէր լինի: Երբեք չպետք է կնոջը տարանջատել քաղաքականությունից, այսօր կանայք շատ ակտիվ են քաղաքական հարթակում, և աշխարհի փորձն ապացուցում է, որ հենց նրանք են կարողանում իրենց առաջադեմ գաղափարներով ու ծրագրերով նեցուկ լինել տղամարդկանց:
-Շատերը ձեզ ճանաչում են Արցախի երիտասարդական դաշտից, գիտենք, որ ակտիվ մասնակցություն եք ունեցել երիտասարդական, հասարակական տարբեր հանրային ձեռնարկների, հաճախ կազմակերպել կամ համակարգել դրանք: Մեծ քաղաքականություն մտնելը կարո՞ղ ենք համարել հերթական տրամաբանական քայլ, թե՞ որոշել եք փոխել ձեր կյանքի հունը:
Կյանքի հունը փոխելու մասին չեմ մտածել, քանզի այսօրվա  նախաձեռնած քայլս ընկալում եմ որպես գործիս շարունակություն,պարզապես՝ ավելի բարձր հարթակում: Այդ հարթակից բարձրացնելու եմ երիտասարդությանը հուզող այն խնդիրները, որոնց հետ առնչվել եմ քանիցս եւ որոնց քաջատեղյակ եմ: Իմ նպատակը՝ խորհրդարանում երիտասարդության խոսքը հնչեցնելն է եւ առհասարակ մեր իրականության խնդիրները բարձրացնելն է ու լուծման ուղիների որոնումը:
-Առաջադրված թեկնածուներից դուք միակն եք, որ ներկայացնում եք քաղաքական ուժ. դա առավելություն ե՞ք համարում, թե՞ խոչընդոտ:
Ես ներկայացնում եմ ոչ թե պարզապես  քաղաքական ուժ, ինչպես շատ հաճախ լինում է մեր իրականության մեջ, այլ՝ ազգային- քաղաքական ուժ. սա՛ պետք է կարևորել ըստ իս: Միանշանակ, սա  առավելություն եմ ընկալում ու   ոչ միայն այս ընտրապայքարում:  Կարծում եմ՝ քաղաքական գործընթացներում պետք է մտնեն քաղաքականացված անձինք՝ ներկայացնելով իրենց քաղաքական ուժի տեսլականը բոլոր այն խնդիրների ու հարցերի շուրջ, որոնք առկա են մեր երկրում:
-Եթե ընտրվեք ԱԺ պատգամավոր, ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:
Երբ քաջ գիտակցում ես «պատգամավոր» բառի իմաստը, քո հայրենակիցների իրավունքների համար պայքարելու առաքելությունդ, ի՞նչ պետք է լինի  առաջին քայլդ. բնականաբար, համակարգել բոլոր այն հարցերը, որոնք ներկայացվել են քարոզարշավին, որոնց լուծումը մարդիկ քեզ են վստահել և փնտրել լուծման եղանակները: Այդ ամենին զուգահեռ՝   պարտավոր եմ և մեծ սիրով իրականացնելու եմ բոլոր այն կետերը, որոնք ընդգրկված են իմ նախընտրական քարոզարշավում:
Ժողովրդի վստահության  և համբերության հետ խաղալ չի կարելի, այդ վերաբերյալ, կարծում եմ, պիտի արդեն դասեր լինեինք քաղած: Արցախի անվտանգությունն ամենաթանկն է, որ դրված է սեղանին, այդ ամենաթանկը միշտ եւ միշտ ամուր պահել է պետք:
-Իսկ եթե չընտրվեքո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:
Չնտրվելու դեպքում  էլ շարունակելու եմ կատարել այն, ինչ կատարում էի մինչ այսօր,  ավելացրած նաև այն ամենը, ինչը պետք է կատարեի ընտրվելուց հետո: Ես ամեն օր հանդիպումներ եմ ունենում բնակիչների հետ, և այն, ինչ մարդիկ ներկայացնում են ինձ, իմ չընտրվելու դեպքում էլ չեմ կարող մոռացության տալ, պարզապես, այդ պարագայում, լուծումներ գտնելու այլ եղանակներ պետք է փնտրեմ:
-Ի՞նչ կցանկանայիք ձեր ընտրողներին և մրցակից թեկնածուներին:
Ինձ կամ մյուս թեկնածուներին ընտրողը մեր երկրի մեծագույն արժեքն  է, մեր ժողովուրդը, որին ցանկանում եմ հետեւյալը՝ ում էլ որ ընտրեն միշտ հպարտանան իրենց կատարած ընտրությամբ, առիթ չունենան հիասթափվելու: Մեզ՝ թեկնածուներիս, ցանկանում եմ հաջողություն, թող մեզնից յուրաքանչյուրի հաղթանակը դառնա ժողովրդի հաղթանակը, իսկ պարտությունները լինեն միայն  ընտրապայքարներում:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
1