Ապրիլի 17-ը ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ՝ ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻ Հիշատակի Օրն է

20 տարի առաջ այս օրը ուղղաթիռի վթարից զոհվեց Հայ ազատամարտի աննկուն մարտիկ, հայդուկապետ, Ազգի հերոս, դաշնակցական, գյուլիստանցի Շահեն Զինավորի Մեղրյանը՝ ՄԵԾՆ Շահենը:
Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը` 1969թ. ընդունվել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետ: 1975 թ. ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան:
Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988 թ.: Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, որ զգաց, թե առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը և սկսեց կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը: 1990 թ. հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունը ամբողջությամբ գերի է վերցվում թշնամու կողմից` Մարտունաշենի ճանապարհին: Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում, 1990 թ. հունվարի 12-13-ին, երբ ազերիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տվեց այդ մարտում: Շահենը Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991 թ., երբ տխրահռչակ «կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ:
1991 թ. հունիսին ազերիները, ռուսների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ: 1991 թ., Շահենը` իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը: Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով, գրավված տարածքներն ազատագրել: 1991 թ. նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը: Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ: 1992 թ.հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ` թվով 25 հոգի և այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք:
Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր` Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: Գյուրան բոյի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, թե ինչպես էին ազերիները խուճապահար փախչում, նկարահանել է օպերատոր Նևզորովը և ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով: Այդ հաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը: 1993 թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիսատնը և գրավեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները: Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց, ավաղ, 1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի ընկերների հետ գնում էր Երևան, ուղղաթիռը խփեցին … զոհվեցին բոլորը:
Գյուլիստանի արծիվը` Շահենը, մնաց մեր հուշերում որպես ազնիվ եւ քաջարի, իրական հերոս: