«Ապագա սերնդի հետ կապված մեր հաջողությունները կրկնապատկելու համար մեծ հույսեր ունենք». Աշոտ Դանիելյան
Եռամիասնության ամրապնդմանն ուղղված տասնօրյա Համահայկական 7-րդ խաղերը մասնակիցների եւ երկրպագուների տպավորությունների ու հույզերի հետ միասին առանձնացել են նաեւ մեր մարզիկների ձեռքբերումներով եւ հաջողություններով:
Խաղերի անցկացման եւ արդյունքների ամփոփման մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԿԳՍ նախարարության նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի հետ:
Վերջինս նշել է, որ Արցախի պատվիրակությունը բարձր արդյունքներ է ցուցադրել շախմատի, սպորտային պարերի, սեղանի թենիսի, թեթեւ ատլետիկայի մրցաշարերում եւ նվաճել 8 ոսկե, 12 արծաթե եւ 15 բրոնզե մեդալներ:
Վոլեյբոլի մրցաշարում տղամարդկանց թիմը գրավել է 3-րդ տեղը:
«Համահայկական խաղերն Եռամիասնության տոն կարելի է համարել: Ամբողջ աշխարհի հայերը միավորվել եւ ընկերության արդար մրցապայքարում ցուցադրել են իրենց սպորտային բացառիկ հատկությունները: Միասնություն՝ սպորտով: Մեր կարգախոսը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր մարզիկի հաղթանակը մեր համընդհանուր՝ համահայկական հաղթանակն է», — հավելել է նա:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Արցախի մարզիկների հաջողությունները եւ 5-րդ հորիզոնականում հայտնվելը համարել լավ ցուցանիշ:
«Ապառաժ»-ն անդրադարձել է Երեւանում Արցախի ֆուտբոլային թիմի՝ խաղերն ավարտելու հարցին: Ըստ փոխնախարարի՝ ֆուտբոլային մրցապայքարն ավարտվել է պատվիրակության համաձայնությամբ, քանի որ կանոնակարգի համաձայն՝ վերջին 5 տարիների ընթացքում առաջին լիգայում կամ բարձրագույն խմբում հանդես եկած ֆուտբոլիստների մասնակցությունը Համահայկական խաղերում բացառվում է:
Աշոտ Դանիելյանը հավելել է, որ Արցախի ֆուտբոլային թիմը պատրաստվում է Հայաստանի 1-ին լիգայի առաջնությանը:
«Նոր ծանոթություններ են ստեղծվել մարզիկների եւ մարզիչների միջե, իսկ պատվիրակությունների միջեւ հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռքբերվել: Ապագա սերնդի հետ կապված մեր հաջողությունները կրկնապատկելու համար մեծ հույսեր ունենք» ,- եզրափակել է նա:
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ