Աչքիս առաջ սպանեցին երեք երեխաներիս, մորս ու հարսիս
Գլխավոր » Հասարակական » Աչքիս առաջ սպանեցին երեք երեխաներիս, մորս ու հարսիս

Աչքիս առաջ սպանեցին երեք երեխաներիս, մորս ու հարսիս

Հերիքնազան Գրիգորյանի պատմությունը

1916 թ., Վան

Ցեղասպանությունը վերապրած Հերիքնազան Գրիգորյանը պատմում է, որ Զատկից հետո գյուղը չորս կողմից  շրջապատել են և սկսել կրակել: Բոլոր տղամարդկանց մեծ ու փոքր սպանել են: Նրան բռնել են և գյուղի մյուս կանանց հետ միասին տարել մի  տուն ու մեկ ամիս  պահել այնտեղ: Քրդերն ու թուրքերը շատ կանանց  փախցրել  տարել են, շատերին կախել: Նրա աչքի առաջ սպանել են երեք երեխաներին, մորն ու հարսին: Այնուհետև  նրանց տարել են եկեղեցի, որպեսզի բոլորին վառեն, բայց վառել են միայն քահանային եկեղեցու հետ միասին: Բռնելով զրկանքներով լի գաղթի ճանապարհը դեպի Վան` հասել է Վանի հայկական մասը, ուր գտել է իր ամուսնուն:

 

Ես ապրում էի մեր գիւղում, մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց՝ ես, ամուսինս և 4 երեխայ, չորսն էլ տղայ: Զատկից յետոյ՝ Կարմիր Կիրակի օրը մեր շրջանի գայմագամը 15 ձիաւորով եկաւ մեր գիւղը փախած հայ ասկեարներ բռնելու համար: Իմ մարդուս տարել էին ամալիա, բայց այնտեղից նա փախել և եկել էր մեր գիւղը, մեր գիւղի միւդիրը, որ մի լաւ մարդ էր, վերցրել էր նորան իր մօտ զափթիա: Երբ գայմագամը եկաւ, միւդիրը մարդուս իմաց տուեց, որ մարդս փախչի, եթէ ոչ, նորան էլ կը բռնեն: Մարդս վերցրեց իր հրացանը և փախաւ միւս գիւղացիների հետ Խառակոնիս: Գայմագամը գնաց գիւղից և նորից մեծ բազմութեամբ երեկոյեան վերադարձաւ մեր գիւղը:

 

Ես վերցրի իմ երեխաներս և գնացի մեր հարևանի տուն: Առաւօտեան լոյսը բացւելուն պէս իմացանք, որ թիւրքերը եղել են Մանդանում (հայոց գիւղ է) և սրի են անցկացրել տղամարդոց: Երիտասարդ մարդիկ և կանայք, որոնք կարողացել են, փախել էին գիւղից և մի մասը մեզ մոտ գալով, մի մասը Խառակոնիս փախչելով մի կերպ ազատուել էին:

 

Երբ կէսօր եղաւ, շրջապատեցին մեր գիւղը չորս կողմից և սկսեցին կրակել: Այդպէս կրակ զարկելով չորս կողմից մտան մեր գիւղին մէջ: Գիւղին մէջ պատահած բոլոր տղամարդոց կոտորելուց յետոյ մտան մեր տները և տներում սկսեցին տղամարդ փնտրել և կոտորել: Վախենալով, թէ կը մտնեն մեր տուն և իմ երեխաներիս էլ կը կոտորեն, ես դուրս եկայ տնից, որ մի ապահով տեղ թաքնուեմ երեխաներովս: Երբ ես դուրս եկայ, իսկոյն իմ 15 տարեկան Խոսրով տղայիս բռնեց մի քիւրտ, որ սպանէ: Որքան աղաչեցի, անկարող եղայ ազատել: Ւմ ներկայութեամբ 5 գնդակ արձակեցին նորա վերայ և նա վար ընկաւ գետին, բայց դեռ մեռած չէր:

 

Շալակեցի նորան և բերեցի հարևանի տուն: Ես կուզէի նորան տանել ինձ հետ, բայց նա չուզեց այդ և աղաչեց ինձ փախչել և ազատուել. «Ինձ հալալ արա ծծիդ կաթը, ես կը մեռնիմ, իսկ դու փախիր»: Դուռը փակեցի նորա վերայ և դուրս եկայ, որ փախչեմ: Ինձ բռնեցին, և գիւղի միւս կանանց հետ միասին, տարան Պետրոս աղայի տունը, որը մի մեծ հայեաթ ունէր: Մնացինք այնտեղ 4 շաբաթ, ամէն տեսակ բռնութիւն մեզ վրայ կը գործադրէին, տղամարդ փնտրելու պատրուակով շատ անգամ կանանց կը կախէին, քանի քանի երեխաներ սպաննեցին այդ բակում և քանի քանի կանանց փախցրին, ես չեմ կարող հաշուել:

 

Մենք ամբողջ օրերով նստած էինք միմեանց կպած, գլուխներս վեր չէինք բարձրացներ, որ մեզ չտեսնեն, ամէն մէկս իր հոգսի հետ էր, բացի լացից և արտասուքից մենք ոչ մի մխիթարանք չունէինք: Եղբօրս կինը, որ չէր ուզում գնալ քիւրտրի և թուրքերի հետ, խլեցին նորա երեխային գրկից և սպաննեցին մոր և մեր ներկայութամբ: Նոյնը արեցին և ինձ հետ, իմ երեխայիս էլ իմ ձեռքից խլեցին, իմ ներկայութեամբ 6 տարեկան Օգսէնիս և սպաննեցին:

 

Մի քանի օր յետոյ էլ, նորից եկան ինձ մօտ և խլեցին միւս տղայիս՝ 3 տարեկան Վարազդատին և սպաննեցին, այսպիսով իմ երեք երեխաներիս իմ ներկայութեամբ սպաննեցին: Իմ ներկայութեամբ սպաննեցին նոյնպէս մորս, որը չէր թողնում, որ իր հարսին՝ եղբորս կնոջը տանեն: Սպաննեցին նոյնպէս եղբորս կնոջ քրոջը, որը չէր ուզում գնալ քրտերի հետ: Այդ բոլոր նահատակներին ես թաղել եմ իմ ձեռքով: Չորս շաբաթից յետոյ մեզ տարան դէպի եկեղեցի, որ վառեն բոլորիս եկեղեցու մէջ, ուր սպաննել էին մեր քահանային և կապել էին եկեղեցու սիւնից, որ վառեն: Մեզ էլ նորա հետ պիտի վառէին, բայց դրանց գլխաւորը չթողեց: Այրեցին մեր ներկայութեամբ մեր եկեղեցին և քահանային մէջին: Մեր լացին, թէ մի՛ այրէք եկեղեցին՝ նոքա պատասխանում էին, թէ Գերմանը մեզի իրաւունք է տուել այդպէս անելու:

 

Մեզ փոխանակ այրելու ուղարկեցին Վան: Ճանապարհին ամէն տեսակ զրկանքներ և նեղութիւններ կրելուց յետոյ վերջապէս թուրքաց մասից անցանք Վանի հայոց մասը, ուր և գտայ ամուսնուս: Երբ նահանջը սկսուեց, մենք էլ փախանք: Այժմ մարդս գնացել է Երկիր վար ու ցանք անելու, մնացել եմ ես իմ միակ և փոքրիկ երեխայիս հետ:

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 437, թթ. 26 շրջ. – 28 շրջ., բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 77 – 79:

Աղբյուրը՝  http://armeniangenocide100.org/

1