Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ է իշխում ՀՀ-ում, բոլորը պարտավորված են հաշվի նստել ՀՅԴ-ի հետ. ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար
Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ է իշխում Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ` բոլորը պարտավորված են հաշվի նստելու ՀՅԴ-ի հետ. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար, ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Նա անդրադարձավ Արցախում ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի կողմից ընդունված հայտարարության տեքստին, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքման հրատապ անհրաժեշտությանը, ՀՅԴ Բյուրոյի նոր կազմին, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին, որում նշվում էր, թե պատրաստ են ՀՅԴ-ի հետ համագործակցության:
-Պարո՛ն Իշխանյան, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։ Նման համաձայնագրի անհրաժեշտության մասին խոսակցություններն ակտիվացան նաև Ապրիլյան քառօրյայից հետո, այնուհետև դրա մասին մոռացվեց: Ինչո՞ւ եք հիմա կրկին նման համաձայնագրի կարիք տեսնում և ինչո՞վ է պայմանավորված նրա հրատապությունը:
-Դաշնակցությունը, սկսած 90-ական թվականների կեսերից, պարբերաբար տարբեր առիթներով և հետևողականորեն միշտ բարձրաձայնել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը և այն փոխհամագործակցությամբ իրավական հիմքերի ամրապնդումը, որն առկա է երկու հայկական հանրապետությունների միջև: ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի թե՛ հայտարարության, թե՛ ընդհանուր քննարկումների մեջ այդ փաստաթղթի իրականությունն առօրյա կյանքում տեսնելու հանգամանքը որևէ անակնկալ և որևէ զարմանալի երևույթ իր մեջ չպետք է պարունակի:
Իսկ հրատապությունը միշտ էլ թելադրված է եղել իրավիճակների ստեղծմամբ և դեպքերի զարգացմամբ: Կարծում եմ` թե՛ 90-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին, թե՛ դրանից հետո, տարբեր քաղաքական շարժառիթներով և նաև որոշակի միջազգային և տարածաշրջանային մակարդակով զարգացումների արդյունքում համապատասխան խնդիրը մեջտեղ է բերվել, և կարծում եմ, որ այն մտահոգությունները, որ այսօր առկա են մեր անվտանգության և նաև արտաքին քաղաքականության մեջ, հենց այդ ամենը նկատի ունենալով` Դաշնակցությունն առավել կարևորել է այս հանգրվանում հենց այդպիսի փաստաթուղթն իրականություն դարձնելը:
-Նման համաձայնագրի անհրաժեշտության մասին քննարկում եղել է նաև ՀՀ խորհրդարանում, մասնավորապես՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ դրա կարիքը դեռևս չկա, քանի որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, և դրանով ասված է ամեն ինչ: Նա նշել էր, որ միջազգային հարթակներում պետք չէ խնդիրներ ստեղծել, և որ Արցախը և ՀՀ-ն իրենց խնդիրները կարողանում են լուծել եղած հանձնառության շրջանակում:
-Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները միջազգային հարթակներում հնարավոր խնդրի մասին բարձրաձայնում են, բայց տարօրինակ և զարմանալի չէ՞, որ 2016 թվականի ապրիլից հետո ռազմաքաղաքական դաշինքի կնքումը և համապատասխան փաստաթղթի՝ շրջանառության մեջ դնելը հենց թելադրված էր Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այդ փաստաթուղթն ամբողջապես կարող է երաշխավորել Արցախի ժողովրդի և Արցախի պետության անվտանգությունը: Ի դեպ, միջանկյալ կարող եմ ասել, որ անկախ նրանից, թե ինչ է բարձրաձայնվում ՀՀ-ի խորհրդարանում, ՀՀ-ի պաշտոնական շրջանակների կողմից, տարօրինակ և տարակուսանքով պետք է ասեմ, որ վերջերս, մասնավորապես, վարչապետի կողմից հենց այդ երաշխավորի հանգամանքը չի բարձրաձայնվում, այն, ինչ բարձրաձայնվում էր նախորդ իշխանությունների կողմից միջազգային տարբեր հարթակներում, լինի դա Միավորված ազգերի կազմակերպության կամ Եվրոպայում` բրյուսելյան հարթակներում: Այնուհանդերձ, կարծում եմ, որ հայտարարությունները չպետք է բավարար լինեն որևէ ձևով մեր մտահոգությունները փարատելու համար: Այդ մտահոգությունները կարող են փարատվել գործնական քայլերով, և կարծում եմ` այդ գործնական քայլերի մեջ պետք է առաջին հերթին դիտարկել այդ կարգի փաստաթղթի ստորագրումը:
— Ասում եք, որ վարչապետի կողմից չի բարձրաձայնվում երաշխավոր լինելու հանգամանքը, բայց նույն ԼՂ հարցի կարգավորման շրջանակներում ՀՀ վարչապետը միանշանակ շարունակում է առաջ տանել այն պնդումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, քանի որ Արցախն է բանակցային կողմը, իսկ Հայաստանն ընդամենը միջնորդ է և հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը: Ի դեպ, ՀՅԴ ընդհանուր ժողովը ևս արձանագրեց, որ բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ:
-Կարծում եմ` այդ առումով, իհարկե, այստեղ տեսակետների տարբերություն չպետք է լինի, և միանշանակ ողջունելի են թե՛ մեր կողմի, թե՛ մյուս կողմի կարծիքները, բայց անվտանգության երաշխավորի հանգամանքին, կարծում եմ, պետք է ավելի խորապես անդրադառնալ, ուսումնասիրել, և մեզ մոտ, այդուհանդերձ, կան այդ կարգի մտահոգություններ:
-Իսկ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ընդհանուր գործընթացում Դուք որևէ տեղաշարժ նկատո՞ւմ եք, ինչքանո՞վ են հնարավոր Արցախը բանակցությունների լիարժեք կողմ դարձնելու ՀՀ և Արցախի մոտեցումները:
-Եթե 1994թ-ին այդ հնարավորությունն առկա էր, կարծում եմ՝ 22-23 տարվա ոչ վաղ անցյալի իրավիճակը կարող է ևս մեկ անգամ թելադրել նմանօրինակ եռակողմ բանակցային գործընթաց, և այդ առումով առանց Արցախի ուղղակի և լիիրավ մասնակցության, կարծում եմ, բանակցային գործընթացի որևէ անմիջական արդյունք մենք չենք կարող շոշափելի դարձնել:
-Պարո՛ն Իշխանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ 33–րդ ընդհանուր ժողովին ուղերձ էր հղել, որտեղ նշում էր, որ պատրաստ են ՀՅԴ-ի հետ համագործակցության: Ի՞նչ ձևաչափով և ի՞նչ օրակարգով եք հնարավոր համարում ՀՀ իշխանությունների հետ ՀՅԴ-ի համագործակցությունը:
-Մենք՝ ժողովի մասնակիցներս, ժողովի 5-րդ օրը ստանալով այդ ուղերձը, նաև անդրադարձանք դրան, բայց կարծում եմ, որ դա առաջիկա նորընտիր ՀՅԴ Բյուրոյի՝ որպես գործադիր մարմին, և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի` որպես Հայաստանի կառույցի պատասխանատու կառույցի անելիքներն են: Այդ առումով պետք է մենք սպասենք ապագա զարգացումներին և նաև, ինչու չէ, որոշակի շփումների արդյունքում համապատասխան քայլերին:
-Դուք կարծում եք, որ ՀՀ իշխանությունների հետ համագործակցության հնարավորությունները թերևս միայն կվերաբերեն արտաքին քաղաքականության ոլորտի՞ն՝ հաշվի առնելով նաև Ընդհանուր ժողովի ուղերձները, որոնք հիմնականում ԼՂՀ և արտաքին հիմնախնդիրներին էին առնչվում:
-Չեմ կարող հիմա ուղղակիորեն մեկնաբանել այդ համագործակցության առաջարկի իմաստն ու բովանդակությունը, բայց մեկ բան կարող եմ մեր կողմից բարձրաձայնել. անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ է իշխում Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ` բոլորը պարտավորված են հաշվի նստել ՀՅԴ-ի հետ՝ անկախ նրանից` ՀՅԴ-ն իշխանության մե՞ջ է, թե՞ իշխանությունից դուրս, անկախ նրանից` խորհրդարանո՞ւմ է, թե՞ խորհրդարանից դուրս: ՀՅԴ-ն այն համահայկական կառույցն է, որի հետ պարտավորված են հաշվի նստել բոլորը՝ նկատի ունենալով ազգային և համապետական շահերը:
-Պարո՛ն Իշխանյան, հաշվի առնելով ՀՅԴ ղեկավար կազմի փոփոխությունները՝ կարելի՞ է սպասել ՀՅԴ-ի ռազմավարության որոշակի փոփոխություն, կարծես Բյուրոյի կազմում մեծ թիվ են կազմել Սփյուռքի դաշնակցականները:
— Նախ ցանկացած նոր ժողովի արդյունքում ընտրվում է նոր Բյուրո, նոր Բյուրոյի մեջ միշտ լինում են նախորդ բյուրոյի անդամներ և նոր անդամներ, այս անգամ էլ, եթե ուշադրությամբ հետևեք, այդ օրինաչափ սկզբունքներից զերծ չէր Դաշնակցության 33-րդ համաժողովը: Այնուհանդերձ, մեր ընդհանուր սկզբունքները և ռազմավարությունը հենց մշակում է ՀՅԴ բարձրագույն ժողովը, և կարծում եմ՝ առաջիկայում թե՛ մամուլի ասուլիսով, թե՛ ժողովի արդյունքների մասին համապատասխան հայտարարությամբ ու տեղեկատվությամբ հանդես կգա պատասխանատու մարմինը, նկատի ունեմ՝ ՀՅԴ Բյուրոն։ Կարծում եմ` այդ առումով այս պահին դեպքերից առաջ ընկնելն իմաստ չունի:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՅԴ Բյուրոյի կազմից դուրս մնացին այնպիսի առանցքային գործիչներ, ինչպիսին, օրինակ, Հրանտ Մարգարյանն էր, դա նշանակո՞ւմ է, որ նախկին կազմի աշխատանքները գոհացուցիչ չէին:
-Դաշնակցության գործունեությունը, կարծում եմ, միշտ էլ արդարացված է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դաշնակցության մեջ միշտ էլ որոշումները կայացվում են կոլեգիալ կերպով, և ներքին ժողովրդավարության, ներկուսակցական ժողովրդավարության նիշն այնքան բարձր է, որ որևէ հանգամանք չպետք է պայմանավորված լինի անհատներով կամ անձերով: