Անդյան երկրների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Անդյան խորհրդարանը, որն Անդյան երկրների (Չիլի, Բոլիվիա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա) Համայնքի ղեկավար մարմինն է, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, խորհրդարանի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Մոնտեվիդեոյում:
Նախագիծը հեղինակել է Անդյան խորհրդարանի Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո Դե Լա Կրուզը: Բանաձևում ասվում է, որ 2016 թվականի ապրիլի 24-ին 101-րդ տարելիցն էր հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, որն իրագործվել է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և խլել 1,5 միլիոն մարդու կյանք:
Բանաձևը շեշտում է.
1.Դատապարտել տարբեր համայնքների և ժողովուրդների դեմ իրականացված միջազգային հանցագործությունները, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, ցեղասպանությունը և ագրեսիայի հանցագործությունները,
2.Ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից ծրագրավորված Հայոց ցեղասպանությունը և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին և նրանց ժառանգներին (խմբ.- ցեղասպանության զոհերի), ովքեր ողջ աշխարհում կազմում են հայկական համայնքը: Դատապարտել ցանկացած ժխտողական քաղաքականություն` ուղղված Հայոց ցեղասպանությանը և հայ ժողովրդի հանդեպ իրականացված մարդկության դեմ հանցագործությանը:
3.Հորդորել միջազգային հանրությանը կիրառել ՄԱԿ-ի ընդունած սկզբունքը, որը ենթադրում է պաշտպանել քաղաքացիներին ցեղասպանություններից, մարդկության դեմ իրականացվող հանցագործություններից և մարդու իրավունքների ցանկացած կոպիտ խախտումներից, ձեռնարկել միջոցներ, որպեսզի հնարավոր լինի տարբեր համայնքներին, ժողովուրդներին ու ազգերին փրկել բռնության հետևանքով առաջացած տառապանքից:
Բանաձևը ենթադրում է հորդորել միջազգային հանրությանը ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը որպես պատմական փաստ և աջակցել ճշմարտության ու արդարության փնտրտուքին: