Այսօր Պետոն կդառնար 50 տարեկան
Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանը (Պետո) այսօր կդառնար 50 տարեկան: ԼՂՀ գումարտակներից մեկում, որի հիմնադիրներից էր Պետոն, նշել են նրա ծննդյան տարեդարձը: Գումարտակը Արցախում ՀՅԴ առաջին վաշտն էր: Վաշտի կորիզի վրա ստեղծվեց գումարտակ, որի փոխհրամանատարն էր Պետոն:
Հերոսի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ նման հերոսների մասին միայն ներկայով է պետք խոսել, քանի որ նրանց գործը եւ հիշատակը անմահ է:
«Այսօր օդի ջերմաստիճանը մի քիչ իջել է, եւ ոմանք հնարավոր է մրսում են, սակայն ուղիղ 20 տարի առաջ հակառակորդը երկրորդ անգամ տիրացել էր Օմարին, եւ այդ բքաշունչ օրերին 3500 մետր բարձրության վրա Պետոն եւ իր զինակիները, որոնք ձեր տարիքին էին, ձեզնից փոքր, չէին ընկրկում եւ հակառակորդին ստիպում էին ծնկի գալ: Պետոյի նմանները պիտի հայ զինվորին օրինակ լինեն: Նրա նմաններին ոչինչ չէր կանգնեցնում՝ ոչ թշնամու թվային առավելությունը, ոչ բնության արհավիրքները,- նշեց հրամանատար Կարեն Ջալավյանը»:
Պետոյի զինակից Արմեն Մանուկյանը 16 տարեկանից առայսօր ծառայում է այս գումարտակում: Այսօր նա արդեն կապի դասակի հրանատար է: Պետոյին անվանում է եւ իր ուսուցիչը, եւ հայրը, եւ ավագ եղբայրը, եւ ընկերը:
«Բոլորը թերահավատորեն էին մոտենում 16-ամյա տղային, որը պնդում էր, որ կապից բան է հասկանում եւ կարող է ռազմի դաշտում օգտակար լինել, բայց ոչ Պետոն: Նա հատուկ շնորհ ուներ մարդկանց կարողությունները տեսնելու, հասկանալու զինվորին: Երբ առաջին անգամ վաշտ եկա, նախ խորաթափանց հայացքով նայեց, ապա մի քանի հարց տվեց, որից հետո հրամայեց անցնել գործի: Մեծից փոքր հարգում եւ վստահում էին նրան. հավատում էինք՝ եթե նա մեզ հետ է, կհաղթենք, անպարտ ենք: Տարբեր մասնագիտությամբ մարդիկ կային վաշտի կազմում՝ բանվոր, պրոֆեսոր, որոնց համար պատիվ էր նրա հրամանատարության ներքո գտնվելը, հրամաններին ենթարկվելը, որոնք միմիայն հայերենով էին հնչում, — պատմում է Արմեն Մանուկյանը:
Արմեն Մանուկյանը պատմում է, որ գիշերները հաճախ էր Պետոն գնում ստուգելու դիրքերը: Ստուգումներից մեկի ժամանակ տեսավ, որ ինքը ձմեռային բաճկոն չունի, իր բաճկոնը հանեց եւ նրան տվեց: Արմենն առայսօր այդ բաճկոնը պահում է՝ որպես հուշ:
«Ստուգումներից մեկի ժամանակ հետը քարտեզ էր բերել, բացեց այն եւ ձեռքով ցույց տվեց այն տարածքները, որ դեռ պետք է ազատագրենք: Հավատում էր, որ Արցախը պայքարի սկիզբն է,- հիշում է Արմենը:
Զորամասում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաեւ Առաջաձորի միջնակարգ դպրոցի սաները: Նրանք եկել էին ուխտելու, որ շարունակողն են Պետոյի սկսած գործի:
Զորամասի սերժանտական խորհուրդը դիմել է զորամասի հրամանատարությանը՝ միջնորդելու, որպեսզի զորամասը անվանակոչվի Պետրոս Ղեւոնդյանի անվամբ:
1964 թվականի հունվարի 30-ին ծնված, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ուսանող Պետոն մարտի դաշտում շատ արագ դարձավ մայոր Պետրոս Ղևոնդյան, ընտրվեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնացքի գրավման դժվարին ծրագիրը, այլև իր գումարտակով, առանց զոհ տալու իրականացրեց այն: Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն:
Շահումյանի շրջանում անցկացրած հենց առաջին իսկ օրերից Պետոն աչքի էր ընկնում մարդկանց հետ աշխատելու իր բացառիկ վարվեցողությամբ, մարդկանց հասկանալու կարողությամբ:
1991 թ. ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից մեկնում է Գետաշեն ու տեղ հասնելուն պես Պետոն ու իր ընկեր Կարոտը անմիջապես ներկայնում են Թաթուլ Կրպեյանին` քննարկելու իրենց ջոկատի հետագա անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի և Կարոտի առաջին և, ցավոք, վերջին հանդիպումն էր:
Մալիբեյլիի գրավման ժամանակ, գրոհը սկսվելուց վայրկյաններ անց Պետոն ջոկատի կազմում վիրավորվում է ուսից:
Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Ղարաբաղի ամենաօրհասական օրերին, անգամ Գետաշենի, Մարտունաշենի ողբերգական անցքերից հետո երբեք չկորցրեց հավատը առ հաղթանակ. նրա դավանանքը միայն հաղթանակն էր: Անգամ Շահումյանի դեպքերի ողբերգական ընթացքն ու իր մարտական ընկեր-հրամանատար Կարոտի անհետանալու վիշտը չխանգարեցին, որպեսզի նա կորցներ իր վճռականությունն ու անսասան ոգին:
1994 թվական. փետրվարի 14.
Թուրքական ուժերը ղարաբաղյան զորամիավորումների հարվածներից մազապուրծ` լքում են իրենց դիրքերը:
Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովել սննդով ու տաք հագուստով: Թիկունքն առաջավոր դիրքին կապող ասֆալտապատ միակ ճանապարհը, որն անցնում է Յանշաղ և Ղամիշլի գյուղերով, ձյան պատճառով տեղ- տեղ դեռևս խցանված էր: Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը և ժամանակին լուծել դիրքերում ամրացված զինվորների մատակարարման խնդիրները: Պետոն այդ նպատակով Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Գյանջա-Քյալբաջար ճանապարհահատվածի խաչմերուկի ուղղությամբ: Գյանջա տանող ճանապարհին, խաչմերուկից 6-7 կմ հեռավորության վրա հանդիպում է շտապ օգնության մեքենայի և նրա շուրջը խմբված զինվորների պատմածներից տեղեկանում, որ նրանց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել ԼՂՀ բանակի՝ այնտեղ մնացած վիրավոր զինվորներից մեկին: Բայց քանի որ ճանապարհը թուրքերի կողմից ականապատված էր, շտապ օգնության մեքենայի սպասարկող անձնակազմը, երկյուղելով ողբերգական հետևանքներից, չէր համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն էր սպասում վիրավոր զինվորը:
Պետոն, չնայած սպառնացող ստույգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնություն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա վարորդի փոխարեն անվարան նստում է շտապ օգնության մեքենայի ղեկին և միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրավոր մարտիկին:
Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթյունը և, ականի բեկորներից խոցված, Պետոն կնքում է իր մահկանացուն:
1996 թ.` հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին պարգեւատրվել է ՀՀ «Արիության» մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը:
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ