Այսքան հողատուներ որտեղի՞ց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Այսքան հողատուներ որտեղի՞ց

Այսքան հողատուներ որտեղի՞ց

Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է խիստ ուշագրավ տեղեկատվություն: Ըստ այդմ՝ միջազգային IPSC սոցիոլոգիական ընկերությունը Արցախում սոցհարցում է անցկացրել` պարզելու, թե արցախցիները կո՞ղմ են հող տալուն: Պարզվել է, որ արցախցիների 99,7 տոկոսը դեմ է 7 շրջանները միանգամից Ադրբեջանին հանձնելուն, 99,4 տոկոսը դեմ է այդ շրջաններն անգամ փուլային տարբերակով Ադրբեջանին հանձնելուն, ավելին` 82 տոկոսը համարում է, որ եթե Արցախին ստիպեն հող հանձնել, ապա արցախցիները պարտավոր են զենք վերցնել եւ թույլ չտալ այդ հողատվությունը: Ճիշտ է, սոցիոլոգիական հարցումն անցկացվել է այս տարվա հուլիսին, երբ ապրիլյան վերքերը դեռ թարմ էին, սակայն չեմ կարծում, որ հիմա արցախցիների դիրքորոշումը կարող է սկզբունքորեն կամ էականորեն փոխված լինել:

 

Այնպես որ` մարդիկ իրենց հողը չեն հանձնում ու չեն հանձնելու, դուք ո՞ւմ հողն ենք հանձնում կամ խոսում հանձնելու հավանականության մասին: Ո՞վ ասաց, որ հողատվությունը խաղաղության հաստատման հիմքն է լինելու, եթե անգամ միանգամից հանձնենք, 7-ն էլ՝ իրար հետ, մեկ օրում, ու որպեսզի ամեն ինչ համապատասխանի սովորությանը՝ գիշերը: Խոսքն անգամ այն մասին չէ, որ Ադրբեջանը 7-ը ստանալուց հետո էլի է ուզելու, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի հետ այդ մարդիկ ապրելու են՝ կողք կողքի, հարեւան գյուղ-քաղաքներում, պարտադրված խաղաղությամբ, ի դեպ, հողատվությունը պարտադրված խաղաղությունն է, իսկ դա պարտադրանքով չի լինում` գոնե ժողովուրդների միջև:

 

Եվ ուրեմն` ասենք` տվեցինք, հետո՞: Ո՞վ է երաշխավորում, որ արցախցին ու ադրբեջանցին խաղաղ են ապրելու, թվով որերո՞րդ նախագահը կամ համանախագահը, կամ խաղաղապահը: Ի վերջո, եթե հողատվությունը միջպետական, միջազգային, միջժողովրդական խաղաղության հաստատման հիմք է կամ միջոց, ապա ինչո՞ւ հիմա հայերն ու թուրքերը /արեւմուտքի/ խաղաղ չեն ապրում, չէ՞ որ այդքան հող ենք տվել, ինչ ուզել են, տվել ենք, ինչքան ունեցել ենք, մեծ մասը տվել ենք` լավագույն մասը, երազանքի մասը: Փաստորեն, հողատվությունը խաղաղություն չի բերում, քանի որ բոլոր պատերազմները հողի համար են, գոնե մեծ մասը հաստատ հողի համար են եղել, մեր պատերազմները հաստատ հողի համար են եղել, բոլորը, ու մենք, բացի վերջին դեպքից, միշտ տվել ենք ու միշտ խաղաղություն չենք ստացել` տալուց էլ, չտալուց էլ, ուրեմն ինչո՞ւ տանք: Ո՞ւմ տանք, թուրքի՞ն, որը հայկական հողերի հավաքածու ունի: Լավ, պարզ չէ՞, որ երբ մի ազգ իր հողերը շարունակաբար տալիս է մեկ այլ ժողովրդի, միշտ` միեւնույնին` ամեն անգամ պնդելով, որ լավ է քիչը պահենք, քան ամբողջը կորցնենք, գալիս է մի օր, երբ այդ քիչն էլ չի լինում, տալու բան չի լինում, հողը, անգամ` ամենասուրբ, մանավանդ` ամենասուրբը ավարտվելու առանձնահատկություն ունի: Մի օր, երբ միշտ տալիս ես ու երբեք չես խրատվում, տեսնում ես, որ քեզ էլ չի մնացել: Նրանք, որոնց տվել ես, էլի են ուզում, ինչպես ցույց է տալիս պատմությունը: Նրանք, ովքեր երաշխավորում էին, որ սա էլ տուր, էլ չես տա, լուռ հետեւում են այդ դարավոր հողազրկումիդ, ինչպես ցույց է տալիս նույն պատմությունը:

 

Լավ, այսքան հող չունենք, այսքան հողատուներ որտեղի՞ց ունեցանք… Հերիք չէ՞, խրատվել, հասկանալ եթե անգամ չի ստացվում, գոնե չե՞ք հոգնել այս դարավոր հողատվությունից, հող՝ խաղաղության դիմաց սուտ խոստումներից, անվտանգության երաշխիքներից, չարերի հետ բարիդրացիությունից, սեւին սպիտակ ասելուց, գերեզմանները՝ լավագույն տղերքի, հեռվում թողնելուց, ու պատմական հայրենիք երազելուց:

 

Բերեք փոխարենը տուն սարքենք: Ի՞նչ է շատ Հայաստանում, տան պահանջարկը, ի՞նչ հողեր են մեծամասնություն կազմում 7 շրջաններում, ամայի: Բերեք այդ հողերն ամայի չթողնենք, մեզ էլ` անտուն:

 

Եկեք մեզ անտուն չթողնենք… Եվ խաղաղվենք:

 

Հովիկ Աֆյան

1