Պետական արխիվում պահվում է երկրի անցյալը
Գլխավոր » Լրահոս » Պետական արխիվում պահվում է երկրի անցյալը

Պետական արխիվում պահվում է երկրի անցյալը

Պետական արխիվը ցանկացած երկրի պատմության փաստագրական արտացոլումն է: Հարուստ երկիր ու հարուստ պատմություն ունենալու հետ կարեւոր է նաեւ այդ պատմությունը պահպանելն ու սերունդներին փոխանցելը: Արցախի Պետական արխիվի գործունեության եւ խնդիրների մասին զրուցել ենք հիմնարկի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Լեռնիկ Հակոբյանի հետ:

Արցախի պետարխիվը հիմնադրվել է 1930 թվականին։ Սկզբում գործել է որպես արխիվային բյուրո, այնուհետեւ՝ արխիվային գործերի վարչություն, ներկայումս գործում է՝ որպես ԼՂՀ արդարադատության նախարարության կազմում գործող «Պետական արխիվ»։

Արխիվադարաններում պահպանվող պատմամշակութային նշանակության նյութերից, իրավական ակտերից, գործավարական եւ այլ բնույթի տասնյակ հազարավոր փաստաթղթերից ամենահինը վերաբերում է 1928 թվականին, որը վերաբերում է Շուշիի հաշտարար դատարանին։

«Արցախի երբեմնի հարուստ արխիվից քիչ բան է մնացել: Կարևոր ու հետաքրքիր տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի մեծ մասը խորհրդային տարիներին տեղափոխվել է Արցախից՝ Բաքվում կենտրոնական արխիվ ստեղծելու պատրվակով: Արցախի արխիվը տուժել է նաև պատերազմի տարիներին. ռմբակոծության պատճառով 1992թ. շենքը հրդեհվել էր, ինչի հետևանքով ոչնչացել է փաստաթղթերի մի զգալի մասը»,- ասել է Լեռնիկ Հակոբյանը։

Պետական արխիվում հաշվառման է վերցված 381 ֆոնդ, իսկ պահպանման միավորների ընդհանուր քանակն արխիվադարաներում կազմում է ավելի քան 78 հազար։

«Արխիվադարանների փաստաթղթերը բազմաբնույթ են՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական, վարչարարական,- ընգծել է տնօրենը եւ նշել, որ ներկայումս եւս շարունակվում են փաստաթղթերի եւ նյութերի հավաքագրման աշխատանքները,- Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են Արցախի վերաբերյալ շատ փաստաթղթեր, որոնք բնօրինակի կամ պատճենի տեսքով շարունակաբար ընտրանքային սկզբունքով բերվում են Ստեփանակերտ՝ համալրելու  համար  Արցախի պետական արխիվը: Արխիվը համալրվում է նաև Արցախյան շարժման ու պատերազմի, ինչպես նաեւ հետագա ժամանակաշրջանի պատմությունը ներկայացնող փաստաթղթերով, տեսագրություններով ու լուսանկարներով»։

ԼՂՀ պետական արխիվի հարստացման գործընթացն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվ» եւ «ԼՂՀ պետական արխիվ» ՊՈԱԿ-ների համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Փաստաթղթերի թիվը շարունակաբար աճում է նաեւ՝ ինչպես հիմնարկ-ձեռնարկությունների, այնպես էլ առանձին անհատների կողմից հանձնվող փաստաթղթերի հաշվին։

Շարունակական բնույթ կրող արխիվի համալրման գործընթացը հաջողում է իրականացնել նաեւ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման շնորհիվ։ Հայաստանի Ազգային արխիվի շնորհիվ Ռուսաստանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Արցախին եւ Հայաստանին վերաբերող փաստաթղթերը էլէկտրոնային տարբերակով տեղափոխելու նպատակով։

«Փաստաթղթերի տեղափոխումը այսօրվա դրությամբ երկրորդական խնդիր է։ Այսօր ամբողջ աշխարհում շարունակվում է արխիվային նյութերի թվայնացման գործընթացը։ Արխիվային նյութերը այսուհետ բաց են լինելու։ Դա ժամանակակից ձեւն է»,- նշել է Լ․Հակոբյանը։

Հինգ տարի է, ինչ Արցախի պետական արխիվում ընթանում է փաստաթղթերի թվայնացման գործընթացը։ Այսօրվա դրությամբ թվայնացվել է ավելի քան 36025 թերթ արխիվային նյութ:

«Որոշակի տեխնիկական դժվարություններ կան։ Մենք չունենք անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ, այնուհանդերձ մեր աշխատանքները կարողանում ենք հասցնել  բավարար մակարդակի»,- շեշտել է տնօրենը եւ նշել, որ թվայնացման գործընթացը թույլ կտա հետագայում խուսափել արխիվային նյութերին սպառնացող տարաբնույթ վտանգներից:

«Շենքում բացակայում են համապատասխան կլիմայական պայմանները, որոնք փաստաթղթերի պահպանման անհրաժեշտ պայմաններ են ապահովում, որը  մեծ ծախսերի հետ է կապված։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, եւ շուտով կունենանք արխիվային համապատասխան պայմաններ»,- ասել է նա։

ԼՂՀ պետական արխիվից օգտվում են ինչպես Արցախի, Հայաստանի, այնպես էլ արտերկրից եկած գիտնականներ, ուսանողներ: Քիչ չեն նաեւ բնակիչների դիմումները, ովքեր հիմնականում անձնական բնույթի տեղեկանքներ են խնդրում:

«Մեր հանրությունը, ցավոք սրտի, այն թյուրիմաց կարծիքին է, որ արխիվը մի վայր է, որտեղ հավաքում են հին, ոչ պետքական թղթերը։ Սակայն հավաստիացնում եմ, որ դա այդպես չէ։ Արխիվը բավականին լուսավոր կետ է երկրի պատմության մեջ։ Այստեղ պահվում է երկրի անցյալը։ Իսկ եթե ճանաչենք մեր երկրի անցյալը, անպայման կհասնենք ապագայի։

Մենք պետք է հասնենք նրան, որ արխիվը սերտ համագործակցի հանրային բոլոր օղակների հետ։ Մենք պետք է արխիվը դարձնենք գիտական կենտրոն, որտեղ աշխատեն գիտնականներ, պետք է գիտական աշխատանքներ իրականացվեն՝ սկսած գրքերի հրատարակումից, վերջացրած այլ ուսումնասիրություններով։ Մենք պետք է զարգացնենք մեր արխիվային քաղաքականությունը»,- իր խոսքում նշել է Լեռնիկ Հակոբյանը։

Լուսինե Թևոսյան

1