ԱՄՆ 15 սենատորներ հանդես են եկել նամակ-կոչով
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » ԱՄՆ 15 սենատորներ հանդես են եկել նամակ-կոչով

ԱՄՆ 15 սենատորներ հանդես են եկել նամակ-կոչով

ԱՄՆ 15 սենատոր, ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունից, համատեղ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և 100-րդ տարելիցին արժանի հարգանք մատուցել զոհերի հիշատակին: ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատորներ Մենեդեսին և Գարդներին, ինչպես նաև նրանց գործընկերներին` մարդկության դեմ այս հանցագործությունը դատապարտելու համար:

 

Ինչպես հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից, Համբարյանը նշել է, որ չնայած մոտենում ենք ցեղասպանության 100-ամյա տարելիցին` Բարաք Օաբաման դեռևս  չի կատարել խոստումը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունն ու վերջ դնելու ԱՄՆ-ում Անկարայի վետոյին այս հարցի շուրջ:

 

Սենատորներ Մենեդեսի և Գարդների նախաձեռնած նամակում շեշտվում է, որ չնայած Սենատն ունի Հայոց ցեղասպանության դատապարտման երկար պատմություն, այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի վարչակազմը ֆորմալ կերպով այդ ոճրագործությունը չի անվանել «ցեղասպանություն»:

 

Օբամային հղված նամակի տակ ստորագրել են սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռիչարդ Դուրբինը, Դայան Ֆեյնշտեյնը, Քորի Գարդները, Դին Հելլերը, Մարկ Քըրքը, Էդվարդ Մարքեյը, Ռոբերտ Մենեդեսը, Գերի Պետերսը, Ջեք Ռիդը, Մարկո Ռուբիոն, Բրայան Շացը, Դեբի Ստաբենոուն, Էլիզաբեթ Ուորենը և Շելդոն Ուայթհաուսը:

 

Օբամային նամակ են հղել նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները՝ հանրապետական Ռոբերտ Դոլդի և դեմոկրատ Ֆրենկ Փալոունի գլխավորությամբ: 

1