ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հավայի նահանգի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչող բանաձևը` ապրիլի 24-ը հայտարարելով Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարան և այլք: Ստորագրման գործընթացին, բացի այս սենատորներից, ներկա են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները,- գրում է Asbarez.com-ը:
«Սենատը միանում է Հավայիների հայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Սենատը կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկության դեմ գործած այդ սարսափելի հանցանքները»,- նշված է բանաձևում: