ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը

ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսն իր գործընկերներ Բրեդ Շերմանի, Թոնի Քարդենասի, Աննա Էշուի և Քեթրին Քլարքի հետ միասին հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական Սումգայիթում 26 տարի առաջ հայկական ջարդերի կապակցությամբ: Նրանքդատապարտել են հայերի հանդեպ բռնությունն ու ահաբեկումը, որը շարունակում է Իլհամ Ալիևի կառավարությունը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

 

«26 տարի առաջ հրեշները Սումգայիթում հայ բնակչության դաժան ջարդ կազմակերպեցին: Ավազակները սպանում էին հայերին փողոցներում և նրանց տներում: Զոհերի թիվը հարյուրների էր հասնում»,- հայտարարել է Ռոյսը: Նա նշել է, որ այս ողբերգական տարելիցի օրը, երբ մարդիկ սգում են անմեղ զոհերի հիշատակը, ԱՄՆ կոնգրեսականները հիշում են Ղարաբաղում շարունակվող հակամարտության մասին:

 

«Ադրբեջանի քաղաքական ղեկավարները մշտապես պատերազմ սանձազերծելու կոչեր են անում, սահմանագծին բախումներ հրահրում: Շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի առաջնորդները ձեռնպահ մնան սադրիչ հայտարարություններից: Պարտավորվում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման գործում արդյունավետ բանակցություններին»,- ասել է նա:

 

Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը, հիշելով Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում արյունալի ջարդերը, ասել է. «Եթե մտադիր ենք կասեցնել ապագայում զանգվածային սպանությունները, պետք է ճանաչենք այդ սարսափելի իրադարձություններն ու համոզվենք, որ դրանք չեն կրկնվի: Ադրբեջանում ազգային զտումների ճանաչումը կարևոր քայլ է: Սակայն պետք է ավելին անենք՝ ցույց տանք Ադրբեջանին, որ ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանն ու Արցախի պաշտպանությանը պարտադրանքից»:

 

Իր հերթին կոնգրեսական Թոնի Քարդենասը հիշեցրել է, որ ազերիների վայրագությունները Սումգայիթում փաստագրված են: «The New York Times-ը 1988-ի մայիսի 22-ին գրել էր հղի հայ կնոջ մասին, որի փորը ճղել են ու հանել երեխային: Երկու ամիս դրանից առաջ The Washington Post-ը գրել էև, որ հայերին մաշկահան էին անում, կանանց բռնաբարում ու այրում: Այդ վայրագությունները ներկայացվել են կոնգրեսականներին, որոնք դատապարտել են ոճրագործությունները:

 

Ադրբեջանի իշխանությունների անգործությունն ու ջարդերը կասեցնելու մեր անկարողությունը հանգեցրին նրան, որ հայերի դեմ թշնամանքի մեծ ալիք բարձրացավ: Ղարաբաղից դեպի արևելք ադրբեջանական ուժերը շարունակում են անտեսել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել էր 1994-ին: Ռամիլ Սաֆարովը, ով 2004-ին Բուդապեշտում կացնովգլխատել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, տուն դարձավ որպես հերոս ու հայրենասիրության «օրինակ» ադրբեջանցի երիտասարդների համար, ասել էր Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան: Այդ ընթացքում Ալիևը շարունակում է իր լկտի հայտարարությունները, հայերին մշտապես ազերիների թշնամիներ հռչակելով՝ միտում ունենալով միավորել Ադրբեջանի հասարակությանը»,- ասել է Քարդենասը:

 

Նա հիշեցրել է գրող Աքրամ Այլիսլիի հալածանքների մասին, որը կարողացել է անաչառ կերպով ներկայացնել հակամարտությունը: «Գրողը հետապնդումների զոհ դարձավ, որոնք կարող էին տեղինլինել միջնադարյան Եվրոպայում: Նրա գրքերն այրվեցին, զրկվեց ազգային գրական պարգևներից, իսկ բարձրաստիճան քաղաքական գործիչը 13 000 դոլար խոստացավ նրան, ով կկտրի գրողի ականջը:

 

Գործընկերներիս ու ամերիկացիներին հորդորում եմմիանալ ինձ՝ դատապրտելով շարունակվող բռնություններն ու անարդարությունը և շարունակել ջանքերը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- ասել է Քարդենասը:

 

Այլիսլիի «Քարե երազանքներ» գիրքը հրապարակվել է 2012-ին ռուսերեն լեզվով, ադրբեջաներեն այն լույս չի տեսել: Գործողությունը կատարվում է Բաքվում ԽՍՀՄ վերջին տարիներին, հերոսները հիշում են Այլիս գյուղումնախկին կյանքը, որտեղ հայեր ու ազերիներ են ապրել:

 

Հեղինակին քննադատել էին Բաքվում հայերի սպանություններին անդրադառնալու համար: Շուտով սկսվել էր նրա հալածանքն Ադրբեջանում՝ մեղադրել էին սեփական ժողովրդի դավաճանության մեջ: Նրա դեմ հանրահավաքներ էին կազմակերպվել, հրկիզել նրա գրքերը: Նախագահ Ալիևը գրողին զրկել էր ժողովրդական գրողի կոչումից ու նախագահական թոշակից: Իսկ Ժամանակակից մուսավաթ կուսակցությունը նույնիսկ պարգև խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջը:

 

Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյանի ու հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 

Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչվել է Հայաստանի դեսպանություններում ու Սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

 

 

www.panarmenian.net

1