ԱՄՆ-ը պատժամիջոցներով կարող է արձագանքել Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ-ը պատժամիջոցներով կարող է արձագանքել Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային

ԱՄՆ-ը պատժամիջոցներով կարող է արձագանքել Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային

ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախագծերի, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ:

— Պրն Համբարյան, վերջերս ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստանում էր: Ամփոփելով ընդհանուր արդյունքները՝ ի՞նչ կասեք այդ այցի մասին, ինչպե՞ս այն կանդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

— Նման այցելությունները կառուցողական դեր ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցում: Այն նաեւ հնարավորություն էր օրենսդիրների համար ավելի ընդգրկուն պատկերացում ձեւավորելու լուրջ անվտանգային մարտահրավերների մասին, որոնք գալիս ենք Անկարայից եւ Բաքվից:

— Այցի շրջանակում անցկացված քննարկումների ընթացքում հատկապես շեշտվեց երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: Անդրադառնալով, մասնավորապես, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրին՝ ըստ Ձեզ, ինչ հեռանկարներ կան դրա ստորագրման համար, եւ ինչպես այն կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների առաջխաղացմանը:

— Ինչպես ցույց է տալիս ԱՄՆ ընկերությունների աշխատանքը, անհրաժեշտ է կրկնակի հարկումից խուսափելու մասին ժամանակակից, գործող պայմանագիր՝ հայ-ամերիկյան երկկողմ փոխշահավետ առեւտրի եւ ներդրումների խթանման գործընթացում արհեստական խոչընդոտները վերացնելու համար: Սա «հաղթող-հաղթող» սցենար կլինի. պրակտիկ, նվաճելի առաջնահերթություն, որը կարող է իրականացվել եւ կիրականացվի Վաշինգտոնի եւ Երեւանի պաշտոնյաների, ինչպես նաեւ հայ-ամերիկյան կոմերցիոն գործընկերությամբ շահագրգիռ կարեւոր անձանց կառուցողական ներգրավվածությամբ:

— Քննարկումների մեկ այլ կարեւոր թեման Արցախի Հանրապետությունն էր: Կոնգրեսականները եղան այնտեղ, նշեցին, որ շարունակելու են ջանքերն՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը, սակայն այցից հետո կոնգրեսականներից մի քանիսը, ոչ զարմանալիորեն, հայտնվեցին Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այնուամենայնիվ, ինչպե՞ս կբնութագրեք Ադրբեջանի նման պահվածքը, արդյո՞ք այն կարող է ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ Ամերիկայի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա:

— Մենք շատ ոգեւորված ենք Միչիգանում Հայ դատի հանձնախմբի կատարած աշխատանքով առ այն, որ նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը շարունակելու են ցուցաբերել աջակցություն Արցախին, ինչպես նաեւ Հայաստանին: Այս ջանքերը քույր քաղաքների նախագծերին եւ Արցախի ճանաչմանն ուղղված այլ նախաձեռնություններին զուգահեռ բախվում են Ադրբեջանի հզոր դիմադրությանը, սակայն դանդաղ, բայց վստահաբար կենտրոնացնում են ԱՄՆ քաղաքականությունը ժողովրդավարական ինքնորոշման վերաբերյալ Ամերիկայի հիմնական արժեքի շուրջ:

— Այս տարիների ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մշտապես իրականացրել է տարբեր նախագծեր՝ ուղղված թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Արցախի միջազգային ճանաչմանը: Այդ նախագծերը պարբերաբար ունեցել են աջակիցներ: Կցանկանայի իմանալ՝ վերջին ժամանակներում ինչ աշխատանքներ են տարվել այս երկու հարցի ուղղությամբ:

— Այս տարի կոնգրեսականների համար մենք նախաձեռնեցինք «Խոստումը» ֆիլմի էկրանավորումը: Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կազմակերպեցինք «Հերքման ճարտարապետները» ֆիլմի ցուցադրությունը, եւ կոնգրեսականների հետ հանդիպումներին մեզ միացան գործադիր պրոդյուսերներ Դին Քեյնը եւ Մոնթել Ուիլիամսը: ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծի համահովանավորների թիվը շուրջ 100 է, եւ Սենատում աջակցությունը շարունակում է աճել:

— Սեպտեմբերի 27-ին էլ տեղեկացանք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է առաջադրվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել այս ուղղությամբ, պրն Համբարյան:

— Մենք ոգեւորված ենք, որ Սենատի հատկացումների հանձնաժողովի կողմից Բաքվի դեմ Դուրբինի (ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբին- խմբ.) լրացումներով նախատեսվող պատժամիջոցների ընդունումից հետո մենք կտեսնենք կոնգրեսականների աջակցությունը՝ ավելի բաց ու հաստատակամ կերպով Ադրբեջանում աճող ճնշումներին մարտահրավեր նետելու հարցում: Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային պատասխան կտրվի նույն կերպ՝ պատժամիջոցներ, վիզայի սահմանափակումներ, այլ ծախսեր ու հետեւանքներ:

— Կցանկանայի անդրադառնալ եւս մի հարցի՝ մայիսի 16-ին ԱՄՆ-ում թուրքական դեսպանության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակման դեպքին, որից հետո այդ խմբից 12 անձի ձերբակալության հրաման տրվեց Վաշինգտոնում: Ո՞ր փուլում է իրավական գործընթացն այժմ:

— Զարմանալիորեն, Թուրքիայի արտգործնախարարն Ամերիկա կատարած իր վերջին այցի ժամանակ լուսանկարվել էր եւ խրախուսել հարձակման գործում իրենց դերն ունենալու համար ձերբակալված երկու անձի: Կարեկցանք հայտնելու փոխարեն՝ Էրդողանի կառավարությունը այդ մարդկանց դարձնում է հերոսներ եւ պախարակում նրանց, ում միակ հանցագործությունը Ամերիկայի հողում խաղաղ ցույցի մասնակցելն էր:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

armenpress.am

1