Ամեն ինչ անելու եմ հաղթանակը Հայաստան ու Արցախ բերելու համար

Այս օրերին ՌԴ Սոչի քաղաքում անցկացվում է ամենամյա «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում են երկու երգչուհիներ՝ Էռնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանը:
Մրցութային երկու օրերի ընթացքում մեր երկիրը ներկայացնող երգչուհիները հրաշալի արդյունքներ են գրանցել. Սյուզաննան 4-րդ տեղում է (ընդհանուր՝ 237 միավոր), իսկ ահա արցախցի Էռնա Միրը (Էռնա Միրզոյան) մրցութային երկու ելույթների համար էլ ստացել է ժյուրիի մաքսիմալ միավորները՝ երկու օրում հավաքելով հնարավոր 242 միավորն ամբողջությամբ, և ներկա պահին նա գլխավորում է մրցույթի հաղթողի հորիզոնականը՝ Ուզբեկստանի ներկայացուցչի հետ միասին.
«Սա իմ կյանքի ամենալուրջ մրցույթն է: Ճիշտ է, տարբեր մրցույթների եմ մասնակցել վաղ տարիքից, բայց «Նոր ալիքը» բոլորովին այլ է»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Էռնան՝ հավելելով, որ անչափ մեծ պատասխանատվություն է զգում այս մրցույթին մասնակցելով ու մեր երկիրը ներկայացնելով:
Մրցութային վերջին օրվան Էռնան իսկապես մարտական է տրամադրված: Ասում է. «Մինչև մրցույթի մեկնարկը երբեք չեմ ասել՝ պիտի գնամ, հաղթեմ: Նպատակս եղել է լավ ելույթներով ժյուրիին ներկայացնել իմ հայրենիքը: Բայց հիմա, երբ երկու անգամ հավաքել եմ մաքսիմալ միավորներ, հասկանում եմ, որ հաղթանակից մի քայլ է պակասում: Ամեն ինչ անելու եմ հաղթանակը Հայաստան ու Արցախ բերելու համար»: