Ամեն առավոտ զարթնելուց մենք գիտեինք, որ մեր ապագան հայրենիքում ենք կերտելու
Գլխավոր » Հասարակական » Ամեն առավոտ զարթնելուց մենք գիտեինք, որ մեր ապագան հայրենիքում ենք կերտելու

Ամեն առավոտ զարթնելուց մենք գիտեինք, որ մեր ապագան հայրենիքում ենք կերտելու

Ահագնացող արտագաղթի պայմաններում, բարեբախտաբար, ականատես ենք լինում նաեւ երիտասարդ սփյուռքահայ ընտանիքների վերաբնակեցմանը Հայաստանում եւ Արցախում: Նրանցից յուրաքանչյուրը հույժ կարեւոր է համարում իր` իր իսկ հայրենիքում ընտանիքի ապագան կերտելը, զավակներ մեծացնելը, իր՝ թեկուզ համեստ ներդրումն ունենալը հայրենիքի զարգացման գործում: Դժբախտաբար, այդպիսիները շատ ավելի քիչ են, քան արտագաղթողները, սակայն նրանք հույսի նշույլներ են եւ օրինակ են ծառայում բոլոր նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառներով վարանում են վերադառնալ հայրենիք:

 

 

Այդպիսի օրինակելի ընտանիքներից  է  Հարութ եւ Լիլիա Ադամյանների ընտանիքը:

 

2014 թվականին նրանք իրենց 3 զավակներով վերջնական  հաստատվել են  Արցախում:

 

Հարութը ծնունդով Լիբանանի Բուրջհամուդ հայկական թաղամասից է: Մայրը ծագումով զեյթունցի է, հայրը՝ խարդբերդցի: Ավարտել է տեղի Կիլիկյան վարժարանը: Պատանեկան շրջանում ուներ բազում նախասիրություններ, որոնցից առավել հոգեհարազատը դարձավ մարտարվեստը, որն էլ հետագայում առիթ հանդիսացավ նրա` Արցախ տեղափոխվելուն եւ հետագայում վերջանականապես հաստատվելուն:

 

1985թ. Հարութը հաճախել է Լիբանանի հայ սև գոտիների ակադեմիա և արդեն 1995-ին ստացել  սև գոտի:

 

«Մարտարվեստն իմ կյանքի կարեւորագույն մասը կազմեց, որի մեջ ես գտա մարմնի և մտքի կրթություն, հոգևոր ներդաշնակություն»,- նշում է Հարութը:

 

Այդ տարիներին աշխատում էր նաև որպես մարզիչ: 1997թ.  Կարո Քեբաբջյանը նրան առաջարկում է մեկ տարով մեկնել Արցախ` Արցախում մարտարվեստ դասավանդելու և իր գիտելիքները փոխանցելու: Նա հետեւում է ընկերոջ խորհրդին:

 

 

Արցախ գալուց մեկ տարի հետո Արցախի տարբեր շրջաններում արդեն գործում էին 20-ից  ավելի մասնաճյուղեր` 3500-ից ավելի աշակերտներով: Մեկ տարվա գործը վերջացնելուց հետո Հարութ Ադամյանին փոխարինող չեղավ, և նա որոշեց մի քանի տարի եւս մնալ Արցախում:

 

«Այդպես կապվեցի Արցախին, նրա հող ու ջրին, և արդեն ես ինքս չուզեցի վերադառնալ Լիբանան,-ասում է Հարութն ու անկեղծորեն խոստովանում,- այստեղ ամեն ինչ տարբեր է, ես ինձ ավելի ազատ եմ զգում. այնքան ազատ, որքան իրեն ազատ է զգում մարդն իր սեփական օջախում»:

 

Արցախում էլ ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Լիլիայի հետ: Լիլիան Հարութի աշակերտներից էր: «Միանգամից հավանեցի Լիլիային, նա ամենաակտիվներից էր եւ միանգամից աչքի էր ընկնում, տարբերվում մյուսներից: 2 տարի անց`1999 առաջարկեցի նրան կյանքիս ընկերը դառնալ: Շուշիում պսակադրվեցինք եւ Արցախում մեծ հայկական հարսանիք կազմակերպեցինք՝ Արցախ հրավիրելով սփյուռքի իմ բոլոր հարազատներին»,- ասում է Հարութը՝  աչքի պոչով սիրալիր նայելով  կնոջը:

 

 

Ղարաբաղում մնացին մինչև 2005թ.: Այդ ժամանակահատվածում նա պատրաստել է 12 մարզիչների, որոնք իր գործը շարունակեցին Արցախում: Լիբանանում ապրելու տարիներին ամեն առիթով Արցախ էին գալիս:

 

«Ամեն ամառային արձակուրդի ոչ թե ուրիշ երկրներ էինք գնում հանգստանալու, այլ Արցախ էինք գալիս՝ մեր ընկերների, հարազատների հետ հանգիստ անցկացնելու»,- ասում է Լիլիան:

 

Սիրիայի պատերազմը բացասաբար է ազդել  նաև Լիբանանի վրա: Ինչպես Հարութն է ասում` հայկական Բուրջհամուտը այլեւս հանգիստ չէր: Քուրդեր, արաբներ` տարբեր տեղերից աղավաղում էին հայկական միջավայրը: Դա էլ առիթ հանդիսացավ  Արցախ տեղափոխվելուն:

 

«Ամեն առավոտ զարթնելուց մենք գիտեինք,  որ մեր ապագան հայրենիքում ենք կերտելու, որ մի օր տեղափոխվելու ենք Արցախ, սակայն երեխաները դպրոցական տարիքի էին, մտածեցինք՝ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվենք: Բայց վերադարձն ավելի արագ կատարվեց…»,- ասում է Լիլիան:

 

«Լիբանանում ապրելու տարիներին հասկացա, որ հայը հարգված, ընդունված է բոլորի կողմից: Հայի ցավը եւ ուրախությունը նաեւ իրենցն է: Հայկական տոնի կամ սգի օրերին, ի նշան հարգանքի, արաբները փակում էին իրենց խանութները, ինչը Հայաստանում և Արցախում չկա>>,-պատմում է Լիլիան:

 

Լիլիան մասնագիտությամբ լրագրող է: Լիբանանի հայկական դպրոցում աշխատում էր որպես ուսուցչուհի:

 

Արցախ տեղափոխվելով՝ Հարութը շարունակեց իր գործը` որպես մարզիչ: Մի քանի ամիս է` աշխատում է նաև ԼՂՀ զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող՝ մարզելով  նաև զինվորներին:

 

«Իմ մարտարվեստը  ոչ միայն մարմինն է կոփում, այլեւ՝ ոգին: Դրա համար կարեւորում եմ, որ այն ուսուցանվի նաեւ բանակում: Հայի ոգին միշտ բարձր է և հպարտ, քանի որ մերն է այս երկիրը, հողը, պատմական հարստությունները: Մենք ազգովի պետք է լինենք զինվորական՝ և ֆիզիկապես, և հոգեպես ուժեղ»,- ասում է նա:

 

Խոսելով Արցախում ապրելու դժվարությունների ու խոչընդոտների մասին՝ Հարութը մեկնաբանում է, որ, անշուշտ, դժվարություններ կան աշխատանքի, ուսման մակարդակի առումներով, սակայն այդ դժվարություններն առկա են նաև օտար երկրում: Սփյուռքում  կարող ես մի քանի աշխատանք գտնել եւ անել միաժամանակ, շատ գումար վաստակել, սակայն  այնտեղ էլ ծախսերն են շատ. ուսումը վճարովի է եւ այլն:

 

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ մի օր վերադառնան Լիբանան, Հ. Ադամյանը պատասխանում է. «Մենք որոշում ենք ընդունել վերջնականապես տեղափոխվել Արցախ, և այդ որոշումը ոչինչ չի կարող փոխել, հակառակ դեպքում՝ չէինք տեղափոխվի ,- ասում է նա ու շարունակում,- տեղափոխվելով Արցախ՝ մենք մեր հույսը չենք դրել պետության վրա: Տունն ունեինք, աշխատանքս` որպես մարզիչ, կար, միայն բանակում աշխատանքի ընդունվելու հարցում աջակցեցին, բայց ուրիշ հարցով չենք դիմել, չենք էլ դիմելու… Մենք քչով բավարարվում ենք: Չենք բողոքում ոչ մի բանից՝ հուսալով եւ հավատալով վաղվա օրվան: Անշուշտ, մեզ նման շատ  սփյուռքահայեր կուզենային վերադառնալ հայրենիք, եթե աշխատանք ունենային Արցախում: Կարծում եմ՝ այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, եւ հուսով եմ` շուտով շատերը կվերադառնան»:

 

Հարութը և Լիլիան ունեն 3 զավակ` 2 որդի` Արամը և Գաբրիելը, և փոքրիկ Սարինը, որը 4 տարեկան է: Որդիները հոր նախասիրությունները և ընտրած մասնագիտությունը մասամբ են կիսում, ավելի շատ նրանց բեմարվեստն է գրավում:

 

Մեծ որդին` Արամը, այս տարի ընդունվել է Երևանի առաջատար վարժարաններից մեկը:

 

Փոքրիկ Սարինը հաճախում է երաժշտական դպրոց. շատ է սիրում երգել: Եւ առիթը բաց չի թողնում իր «արվեստը» ներկայացնել բոլոր նրանց, ովքեր հյուր են գալիս իրենց տուն: «Ապառաժ»-ի խմբագրությունն էլ բացառություն չեղավ: Մենք ունկնդրեցինք նույնիսկ փոքրիկ երգչուհու հեղինակած երգերը:

 

 

Այսօր Արցախի Սեւ գոտիների ակադեմիան, որի սերմերը հենց Հարութն է գցել, մեծ հաջողությունների է հասել միջազգային ասպարեզում: Այսօր ունենք Եվրոպայի աշխարհի չեմպիոններ, առաջատարներ: Հարցին, թե ո՞րն է արցախցիների՝ այս մարտարվեստում աննախադեպ հաջողության գրավականը, Հարութը պատասխանում է.

 

«Արցախցի պատանին իմ հանդիպած ամենաընդունակ պատանին է: Շատ շուտ են ընկալում ամեն ինչ` լինի դա արվեստ, մշակույթ, թե սպորտ: Պատասխանատու եւ համառ են: Միայն պետք է ճիշտ ուղորդել նրանց, եւ շատ կարճ ժամանակահատվածում հաջողության կհասնեն»:

 

Խոսելով բացթողումների մասին՝ Հարութն ափսոսանքով է նշում, որ այսօր Արցախում չեն գործում մինչ 2005 թվականը եղած Արցախի սեւ գոտիների ակադեմիայի 20 մասնաճյուղերը: Պատճառը, բնականաբար, նյութական օժանդակության պակասն է:

 

«Այսօր շատ կարեւոր է, որ  սահմանամերձ գյուղերում ունենանք մասնաճյուղեր, քանի որ Ստեփանակերտում արդեն բավականին զբաղմունք կա: Սահմանամերձ գյուղի պատանին եւ երիտասարդը իրավունք ունեն ավելի աշխույժ եւ հագեցած առօրյա, ավելի տոկուն մարմին եւ ոգի ունենալու»,- ասաց Հարութը:

Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ

1