Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը
ԼՂՀ Զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանման վարչությունում նոյեմբերի 25-ին կայացավ «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» անգլերեն գրքի շնորհանդեսը: Գրքի համահեղինակներն Ազոխի հնագիտական արշավախմբի մասնակիցներ են, որոնք ԼՂՀ նախագահի կողմից արժանացան «Վաչագան Բարեպաշտ» մեդալի: Բացման խոսքում գիտնական Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ երկրի նախագահն ընդգծել է, որ կարևորում է կատարված աշխատանքն այն առումով, որ այս պահին բացի մեր ռազմական կարողություններից, ունակ ենք աշխատելու որպես գիտելիքահենք ժողովուրդ: Գիրքը հրատարակել է հանրահայտ «Springer» հրատարակչությունը, բաղկացած է 15 գլուխներից և 40 հոդվածներից:
Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ գիրքը և տեղացի մասնագետների, և ԼՂՀ իշխանությունների և Ազոխի բնակիչների համընդհանուր ջանքերի արդյունք է, որը տարածվելու է ամբողջ աշխարհի բոլոր հայտնի համալսարաններում: Գիրքը նվիրվում է արշավախմբի նախկին գիտաշխատող, քարանձավների առանձնահատկության մասնագետ, շատ լայն գիտելիքներ տեր, մեզնից վաղաժամ հեռացած, Մադրիդի համալսարանի պրոֆեսոր Պատրիսիո Դոմինգոյին, որն արշավախմբում աշխատել է ավելի քան 10 տարի: Գիրքը ներկայացված է Մադրիդի համալսարանի դասախոս, երկրաբան Ջոն Մյորրի և նրա ասպիրանտների կատարած հետազոտությունների միջոցով:
Ազոխի քարանձավը ձևավորվել է քարակրից՝ մոտ 150-200մլն տարի առաջ: Ծավալված հնագիտական աշխատանքների արդյունքում մի քանի տարում կազմվել է քարանձավի եռաչափ պատկերով ճշգրիտ քարտեզը, քարանձավն ունի հատակի տարբեր բարձրություններ՝ ներսում տարբեր անցումներով, որոնք միմյանց են միացնում նրա առանձին հատվածներ: Քարտեզում ցույց է տրված այն ուղղությունները, որով մտնում և դուրս են գալիս: Ունի մի քանի մուտքեր՝ թվագրված 2-րդ, 5-րդ, բոլորին քաջ հայտնի Ազոխ 1-ին մուտքից բացի: Դեղին գույնով նշված են մշակութային բնույթ ունեցող նստվածքները: Բոլոր շերտերը նկարագրված են և տարեգրված ըստ ժամանակաշրջանների՝ ամենահին շերտը 800 հազար տարվա վաղեմություն ունի, իսկ ամենաերիտասարդն ունի 300 հազար տարվա վաղեմություն: Եվրոպական տարածաշրջանում Ազոխի քարանձավը հնության տեսակետից թվով 3-րդն է աշխարհում:
Անգլիայի Բրեդֆորդի թանգարանի գիտաշխատող, արշավախմբի ծրագրերի տնօրեն դոկտոր Թանյա Քինգն ասաց, որ Ազոխի քարանձավով են անցել Աֆրիկայից դեպի Եվրասիա տանող նախամարդու միգրացիայի ուղիները: Դոկտորն ընդգծեց, որ քարանձավում իրարից անկախ տարբեր ժամանակաշրջանում ապրել են նեանդերթալցի նախամարդու 3 առանձին տիպեր: Քարանձավն ունի 13 մետրանոց մշակութային շերտ և 300 հազար տարվա ծածկույթ: Դեռևս խորհրդային տարիներին կատարված հետազոտությունների արդյունքում հնեա-կենսաբանական ծածկույթում հայտնաբերվել է նեանդերթալցու ստորին ծնոտի մի հատված և գիտնականները եկել են այն եզրակացության, որ նախամարդու միգրացիաներն ընթացել են հիմնականում 3 ուղղությամբ՝ արևմտյան, միջերկրածովյան և կովկասյան միջանցքներով, վերջինիս հանգրվաններից է Ազոխի քարանձավը: Բնակլիմայական պայմաններից ելնելով, նախամարդը Աֆրիկայից շարժվել է դեպի Եվրասիա: Ազոխի քարանձավում 20 տարի առաջ հայտնաբերվել է ուղիղ քայլող մարդու կմախքը: Նախամարդուն ուղեկցել են տարբեր կենդանիներ, որոնց կմախքը հաջողվել է վերականգնել: Հիմնականում դա քարանձավի հսկա արջն է, որի թաթից-թաթ բացվածքը 5 մետր է, 14 սանտիմետրանոց ժանիքներով, կա նաև չղջիկների անհետացած տեսակ: Այդ ամբողջ հարստությունը պիտի մնա քարանձավում և հնագետները որոշ սահմանափակում են մտցրել այնտեղ, հույժ կարևորությունից բացի այցելողների ցանկում:
Մադրիդի Բնության պատմության պոլեանտոլոգիայի թանգարանի բաժնի վարիչ Յոլանդա Ֆերնանդեսը տվյալներ ցուցադրեց, թե ինչպես է նախամարդը գոյատևել քարանձավում: Նախամարդը զբաղվել է քարե գործիքների մշակմամբ, որոնք պատրաստվել են քարանձավից դուրս: Այդ գործիքներ համար հումք է ծառայել օբսիդիանը, որի հանքավայրը գտնվել է քարանձավից 40-50 կմ հեռավորության վրա և ենթադրվում է, որ տեղի է ունեցել ապրանքափոխանակություն մի այլ վայրում ապրող նախամարդու հետ: Կան նաև տեղական հումքից պատրաստված քարե գործիքներ, որոնք օգտագործվել են կենդանիներին սպանելու, միսը մշակելու համար: Բնությունը կտրուկ տարբեր է եղել այսօրվա բնությունից, գետը շատ մոտ էր հոսում, նախամարդիկ ուսումնասիրել են, թե ոնց դուրս գան քարանձավից: Դա երևում է այն կենդանիների ոսկորներից, որոնք չկային այդ տարածքում և կան այլ վայրերից բերված ոսկորների մնացորդներ: Ձմռան քնի ժամանակ որսացել են արջեր, որոնց և միսն են օգտագործել և մորթին: Ցավալի է սակայն, որ անցյալ դարի 60-ական թթ.-ին, երբ Ազոխի քարանձավում կատարվել են առաջին պեղումները, որոշ հնագիտական արժեքավոր նյութեր դուրս են բերվել ու ոչնչացվել: Սակայն արշավախմբի անդամ Ֆիլիպ Բեկկերին հաջողվել է պարզել, որ նախամարդու ստորին ծնոտի բեկորն ունի 250 հազար տարվա վաղեմություն: Վերջերս դրա արտապատկերն ուսումնասիրվեց Մադրիդի հնագիտության թանգարանում, ուսումնասիրողները դա վերագրում են հոմո-հելդերբայսիս՝ ավելի վաղ մարդու տեսակին: Քարանձավում հայտնաբերվել է 100 հազար տարվա վաղեմություն ունեցող ատամի նմուշ, որը մոտ է այն նեանդերթալ տեսակին, որ հայտնաբերվել է Եվրոպայում: Պեղումները քարանձավում դեռ շարունակվում են և, ով գիտի՞, թե Ազոխի քարանձավն էլ ինչ անակնկալներ կմատուցի հնագետներին և հետաքրքրասեր հասարակությանը:
Հետաքրքիր ու շատ բովանդակալից հանդիպումից հետո ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը հնագետներին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, որը համարեց և արշավախմբի և Արցախի իշխանությունների և, ընդհանրապես ողջ առաջադեմ հասարակության կարևոր ձեռքբերումը, որովհետև այն վերաբերում է ամբողջ մարդկության նախապատմությանը, քաղաքակրթության խորքերից մեկին, որ բացահայտում է մարդկության ակունքները:
Կային, իհարկե, խանգարող հանգամանքներ, ինչպես միշտ, մեր հարևանների կողմից, որոնք ցանկանում էին կամայական արգելքներ դնել գրքի լույս ընծայման ճանապարհին, սակայն, դա արդեն անցյալում է:
Լիլիա Բաղրյան