Ազգային փոքրամասնությունները՝ կլոր սեղանի եւ մշակութային փառատոնի թեմա
Գլխավոր » Լրահոս » Ազգային փոքրամասնությունները՝ կլոր սեղանի եւ մշակութային փառատոնի թեմա

Ազգային փոքրամասնությունները՝ կլոր սեղանի եւ մշակութային փառատոնի թեմա

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայանալիք «Արցախը մեր տունն է» ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոնին ընդառաջ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կազմակերպվել է կլոր սեղան՝ Արցախի եւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների, ինչպես նաեւ պետական մարմինների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ազգային փոքրամասնությունների մշակույթների փառատոն Արցախում առաջին անգամ է կազմակերպվում՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ: Նախարարության նախաձեռնության նպատակը հստակ է՝ վերհանել ազգային փոքրամասնությունների խնդիրները եւ ապահովել հնարավոր լուծումներ:

«Պետությունների միջազգային հեղինակությունը պայմանավորվում է տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքով: Մենք կարեւորում ենք այսպիսի միջոցառումները, եւ կարծում ենք, որ այս կլոր սեղանը առարկայական կդարձնի մեր մոտեցումները եւ մեր հետագա աշխատանքներն ավելի գործնական կլինեն»,- ասել է ԱՀ մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

ԱՀ մշակույթի նախարարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ չնայած Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքին, Արցախը մշտապես առաջնորդվել է մարդասիրական նորմերով եւ օրենքներով:

«Ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոն նախաձեռնելը նպատակ է հետապնդում վերհանել Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրները եւ պետության եւ հասարակության ուշադրությունը հրավիրել  դրանց վրա»,- ասել է Աշոտ Սարգսյանը եւ նշել, որ այդպիսով նախարարությունը նպատակ ունի ամրապնդելու Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունների միջև բարեկամական կապերը:

Կլոր սեղանի ժամանակ Արցախում պաշտոնապես գրանցված ռուսական եւ հունական ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների նախագահները ներկայացրել են համայնքներին հուզող խնդիրները՝ նշելով, որ հիմնական դժվարությունը ազգային մշակույթի, լեզվի ու ավանդույթների պահպանումն է, ինչպես մի շարք խնդիրների լուծումը, մասնավորապես հունական Մեհմանա գյուղի ավտոճանապարհի բարեկարգումը եւ ժամանակավոր բնակության իրավունքի երկարաձգման հարցեր, որոնք ինչ-որ չափով կլուծեն վերը նշված խնդիրները:

Արցախում պաշտոնապես գրանցված են 2՝ ռուսական եւ հունական ազգային փոքրամասնությունների կազմակերպություններ՝ համապատասխանաբար 40 եւ 238 անդամով: Բացի դրանից Արցախում կան նաեւ ասորիներ, եզդիներ, վրացիներ, ուկրաինացիներ, օսեթներ եւ հյուսիսային Կովկասի ազգության ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 400 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Հատկանշական է, որ նախքան Արցախյան պատերազմը Արցախն ունեցել է հազարավոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Իսկ 1992 թվականի մայիսի վերջին ԼՂՀ Գերագույն խորհուրդի նախագահությունն աշխարհում նախադեպը չունեցող որոշում է ընդունել՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տալով այլ բնակավայր տեղափոխվելու հնարավորություն եւ տրամադրելով Երեւան տեղափոխող մեքենաներ:

Պատերազմի հետեւանքով Արցախում ազգային փոքրամասնությունների թվաքանակը քչացել է. պատերազմի ավարտին Արցախ են վերադարձել հունական մի քանի ընտանիքներ միայն: Սակայն Արցախում ազգային փոքրամասնությունների փոքր ներկայությունը պատճառ չէ խնդրով հավուր պատշաճի չզբաղվելու համար:

2018-2019 թվականների Արցախի պետական բյուջեով, թեկուզեւ չնչին, բայց հատկացումներ են տրվել Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Իսկ ԱՀ մշակույթի նախարարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժինը մշակել եւ Արդարադատության նախարարության փորձագիտությանն է ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի» նախագիծ, որի ընդունումը օրենսդրական պարտավորություններ կսահմանի եւ լայն հնարավորություններ կստեղծի այդ ուղղությամբ աշխատանքներ ծավալելու համար:

Լուսինե Թեւոսյան

1