Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձի հարցը փակված է. ԼՂՀ պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «տարօրինակ» բառով որակեց ԱՄՆ Պետդեպի կոչը՝ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին:
Ի պատասխան հարցի, որ եթե ադրբեջանական կողմը դիմի, հնարավո՞ր է դիվերսանտների հետվերադարձ, Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը նշեց. «Չեմ կարծում, դա հնարավոր չէ, մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք»:
Հիշեցնենք, որ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին կրկնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը՝ դիվերսանտներին մարդասիրական դրդապատճառներով Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին և ավելացրել. «Նման մարդասիրական քայլը կնվազեցնի ճնշումն ու վստահություն կկառուցի կողմերի միջև»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ-ում դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։
Դավիթ Բաբայանը «տարօրինակ» բառով որակեց ամերիկյան կողմից առաջարկը՝ ասելով, որ շատ ավելի կարևոր հարցեր կան, սակայն ադրբեջանական կողմը կենտրոնացել է այս հարցի վրա։
«Նույն Ադրբեջանը, որ հերոսացնում է Սաֆարովին, բայց չգիտես ինչու որևէ նման կոչ չի եղել, իսկ հիմա ադրբեջանական լոբբին անընդհատ ինչ-որ փորձեր է անում: Կարծում եմ՝ հարցը փակված է: Վաղուց փակված է: Մեր կողմից եղել է մարդասիրական մեծ դրսևորում և տեղի է ունեցել ժողովրդավարական երկրին վայել, բաց, թափանցիկ դատավարություն»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, անդրադառնալով Նուլանդի՝ Բաքվում արած հայտարարություններին, Դավիթ Բաբայանը կասկած էր հայտնել, թե ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Նուլանդի խոսքը և կեսկատակ ավելացրել, որ պատրաստ են նրանից մեկին փոխարինել Սաֆարովի հետ: