Ֆրանսիայի հայ համայնքը նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու որոշում չունի
Ֆրանսիայի հայ համայնքն այդ երկրում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում որևէ թեկնածուին աջակցելու հստակ դիրքորոշում չունի:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, այս իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածուները ևս. «բավականին ներդրում չունեցան»:
«Շարունակում ենք աշխատել: Արդյոք համայնքի որոշ կազմակերպություններ կամ կուսակցությունները հստակ դիրքորոշում կարտահայտե՞ն, հիմա այդ նշանները չկան: Այսօր կոչ չկա, մենք պետք է փորձենք այնպես աշխատել, որ ով էլ նախագահ դառնա, նրա հետ կրկին կապեր հաստատենք: Սակայն, կարծում եմ, որ երբեք նույն կերպ չի լինի ինչպես Օլանդի օրոք»,- շեշտեց Փափազյանը:
Նրա խոսքով՝ հայ համայնքը ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կապեր ուներ դեռևս ընտրվելուց շուրջ 15 տարի առաջ: «Նա համայնքի թեկնածուն էր: Այս հինգ տարիների ընթացքում նա առիթ տվեց, որ Ֆրանսիայի պետության ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներին ներկայացնենք Հայ դատը, հայկական խնդիրները, Ցեղասպանության, ուրացման հարցերը, Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության խնդիրները և այլն: Պատմականորեն այս 5 տարիների ընթացքում այս աշխատանքը տարանք ամենաբարձր մակարդակով: Հիմա նա որոշել է չառաջադրվել, ուստի մեզնից պահանջվում է աշխատանքը նորից սկսել: Ով էլ նախագահ լինի, նույն հարաբերությունները չենք ունենալու, այսինքն՝ պետք է նոր մշակենք, աշխատենք և գաղութի ու Հայ դատի պահանջները նորից ներկայացնենք»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահը:
Փափազյանի բնորոշմամբ՝ այսօրվա դրությամբ Ֆրանսիայում ներքաղաքական իրավիճակը բավականին բարդ է, որովհետև ամենայն հավանականությամբ երկրի երկու հիմնական քաղաքական կուսակցությունների՝ Սոցիալիստների ու Հանրապետականների թեկնածուները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չեն լինելու: «Սա է հիմնական պատկերը: Ամենայն հավանականությամբ, տեսնելու ենք «Ազգային ճակատ» կուսակցության և En Marche! շարժման թեկնածուներին»,- նշեց Մուրադ Փափազյանը:
Ֆրանսիայում մայիսի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններում միմյանց հետ մրցում են չորս հիմնական թեկնածուներ՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, En Marche! շարժման առաջնորդ Էմանուիլ Մակրոնը, «Հանրապետականների» առաջնորդ Ֆրանսուա Ֆիյոնը և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը: