Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը 20 տարեկան է

Ֆիզիկական եւ մտավոր սահմանափակումներ եւ ժամանակավոր տկարություններ ունեցող արցախցիների երկրորդ տունը՝ Ստեփանակերտի բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողնական կենտրոնը սեպտեմբերի 9-ին նշել է իր 20-ամյակը:
Արցախյան պատերազմի հետեւանքով վիրավորներին, հաշմանդամներին, իսկ հետագայում վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունեցող արցախցիներին սատարելու նպատակով բարոնուհի Քերոլայն Քոքսը նախաձեռնում է Արցախում համապատասխան կենտրոն ունենալու ծրագիրը։
«Կենտրոնի կառուցումը թե իմ, թե բարոնուհու համար մեծ մարտահրավեր էր, քանի որ վստահ չէինք, որ գաղափարը կունենա հաջողություն: Հեշտ չէր ընդունել Ք.Քոքսի՝ փլված շենքի հիման վրա երկու տարվա ընթացքում կենտրոն հիմնելու առաջարկը։ Սակայն համակերպվել այն փաստի հետ, որ Արցախի ժողովուրդը դեռեւս տեւական ժամանակ պետք է Երեւան մեկնի վերականգնողական օգնություն ստանալու համար, չէի կարող։ Մասնագետներ պատրաստելուն, հիվանդներին բուժելուն զուգահեռ շենք էինք կառուցում, եւ այսօր արդյունքը գոհացնում է բոլորիս»,- մեզ հետ զրույցում նշել է Վերականգնողական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը։
1998-ին գաղափարը ծնվեց, 2000-ին՝ կյանքի կոչվեց։ Շենքը երկու տարիների ընթացքում վերակառուցվել եւ համապատասխանեցվել է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար: Կազմակերպվեցին մեկտարյա ինտենստիվ դասընթացներ, որի ընթացքում տեղացի տասներկու բուժքույր ձեռք բերեցին սահմանափակ հնարավորություններով մարդկանց վերականգնողական բուժման նպատակով ֆիզիկական եւ աշխատանքային թերապիայի գիտելիքներ:
«Հայաստանի Հանրապետությունում գործող ոչ մի վերականգնողական կենտրոնի բժիշկ չի կարող ինձ ապացուցել, որ իրենց կենտրոնում ավելի լավ են բուժում։ Գուցե Երեւանի կենտրոնները ավելի լավ պայմաններ ունեն, բայց մեր ստանդարտները շատ ավելի բարձր են։ Եվ այդ իրողությունը մարդ տեսակ եւ լավ մասնագետ բանաձեւի մեջ է։ Այս 20 տարիների ընթացքում ես երբեւէ չեմ տեսել մի ծնողի կամ բուժվողի, ով կբողոքի մեր աշխատակիցներից։ Մարդիկ չեն ուզում դուրս գրվել, որովհետեւ տեսնում են մեր մոտ բուժվելու արդյունքը։ Իսկ այդ արդյունքը մասնագիտական վերաբերմունքի շնորհիվ է»,- նշում է Վ.Թադեւոսյանը։
Այսօր կենտրոնն ունի 60 աշխատող, որից 25-ը բժշկական մասնագետներ են, ինչպիսիք են` բժիշկ-վերականգնողաբան, վերականգնող թերապիստներ, հոգեբաններ, լոգոպեդներ, բուժքույրեր, սոցիալական աշխատող: Նրանց աշխատանքն ուղղված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց բուժելուն եւ ինտեգրելուն հասարակությանը: Կենտրոնում ստեղծվել եւ գործում են արվեստի դասընթացներ` կավագործություն, նկարչություն, մաքրամե, ինչը նպաստում է բուժվողների ինտելեկտուալ զարգացմանը: Կենտրոնում գործում է սպորտի խմբակ, որը լավ միջոց է համարվում՝ հաշմանդամի ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը բարելավելու: Վերականգնողական կենտրոնում գործում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների դասարան, ինչպես նաև՝ ջրաբուժություն:
Մարինե Գաբրիելյանը՝ չորս տարի է, ինչ որպես հոգեբան աշխատանքի է անցել վերականգնողական կենտրոնում։ Ասում է, որ կենտրոնում աշխատելու պարտադիր պայմանը աշխատանքը սիրելն է: «Յուրաքանչյուր հիվանդ առանձնահատուկ վերաբերմունքի եւ մոտեցման անհրաժեշտություն ունի։ Այստեղ անընդհատ սովորում ու փոխվում ես դեպի լավը, որովհետեւ օգնության ձեռք մեկնելիս միայն լավ որակներ ես յուրացնում»,- ասել է Մ.Գաբրիելյանը։
2000-2005թթ. բուժվողների 70%-ից ավելին պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացածներն էին, դրանից հետո եւ մինչ օրս ամեն տարի ավելանում են տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Այժմ տարեկան 1000 քաղաքացի է վերականգնողական բուժում ստանում կենտրոնում՝ տեսանելի դարձնելով կենտրոնի խիստ անհրաժեշտությունը:
Վերականգնողական կենտրոնում գործում է կրթական բաժանմունք, որտեղ պատրաստվում եւ վերապատրաստվում են համապատասխան մասնագետներ, ինչպես կենտրոնի անձնակազմի շարքերը լրացնելու համար, այնպես ել ԼՂՀ տարբեր շրջանների հիվանդանոցների համար: Այսօր վերականգնողական բուժման ծառայություններ են գործում Հադրութի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանային բուժմիավորումներում։
«Մեր աշխատակիցներն ուղիղի կապի մեջ են լինում մեզ հետ, եւ մենք հետեւում ենք նրանց աշխատանքին եւ խորհրդատվություններ կազմակերպում»,- ասել է Վ. Թադեւոսյանը եւ հայտնել, որ ապագայում նախատեսվում է Բերձորում եւս ունենալ վերականգնող մասնագետ։
Կենտրոնը մեծ նշանակություն է տալիս նաեւ մասնագետների շարունակական կրթությանը, որի շրջանակներում ՀՀ-ից եւ արտերկրից հրավիրվում են մասնագետներ դասախոսություններ վարելու եւ փորձի փոխանակման նպատակով։
2017 թվականին ԱՀ կառավարության, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ աջակցությամբ ԱՀ առողջապահության նախարարության «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ին կից ստեղծվել է «Աուտիզմի ցերեկային խնամքի եւ բուժման կենտրոն»-ը:
Վերականգնողական կենտրոնն Արցախում միակ հաստատությունն է, որը բազմապրոֆիլ մասնագիտական աշխատանք է տանում աուտիզմի խնդիրներ ունեցող երեխաների հետ: Վարդան Թադեւոսյանի խոսքով՝ նման երեխաների հետ կենտրոնում կատարվում են մասնագիտական աշխատանքներ՝ ուղղված նրանց ֆիզիկական և մտավոր զարգացմանը, ինչպես նաեւ օգնում՝ ինտեգրվելու հանրային կյանքին:
«Կենտրոնում մեկ տարվա ընթացքում բուժում եւ խնամք է ստացել 2-16 տարեկան 48 երեխա: Մեկ տարվա ընթացքում երեխաների բուժման կուրսի տեւողությունը 4 ամիս է, որտեղ ընդգրկվում են 16 երեխա: Նրանց հետ աշխատում են կենտրոնի վերապատրաստված մասնագետները, ովքեր առաջնորդվում են միջազգային բժշկական մեթոդներով»,-ասել է Վ. Թադեւոսյանը:
Կենտրոն հաճախող 11-ամյա աուտիզմի խնդիր ունեցող Գրիշայի մայր Նախշուն Մնացականյանն ասել է, որ արդեն 8 տարի է ինչ իր երեխան հաճախում է վերականգնողական կենտրոն, ընդ որում մեկ տարի էլ՝ «Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն»:
«Վերանակնգնողական կենտրոնը մեր երկրորդ տունն է դարձել: Մինչ այստեղ գալը նա չէր խոսում, չէր շփվում ընկերների հետ, անծանոթ մարդկանց ներկայությունը չէր սիրում: Տարիների ընթացքում հաճախելով կենտրոն՝ Գրիշայի մոտ արձանագրվել է նկատելի առաջընթաց. երեխայի խոսքի, վարքի, պահվածքի եւ ինքնուրույն լինելու փոփոխությունն ակնառու է»,- նշել է Ն. Մնացականյանը:
Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող 100-ից ավելի մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելու եւ աջակցություն ստանալու համար:
«Շնորհիվ վերականգնողական կենտրոնի աշխատողների մեր հաշմանդամները ոչ մի խոչընդոտի չեն հանդիպում: Ինչ հարցով դիմում ենք՝ սիրով օգնում են: Այդ սերն էլ մեր հաշմանդամներին ուժ է տալիս»,- ասում է Անահիտ Աբրահամյանը:
Վերակագնողական կենտրոնը ամեն տարի կազմակերպում է ամառային ճամբարներ եւ սպորտային միջոցառումներ: Այդ գործում համագործակցում են ԼՂՀ Մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախարարության եւ Կրթության եւ սպորտի նախարարության հետ:
20 տարիների ընթացքում այստեղ բուժվել են հազարավոր քաղաքացիներ, ոմանց մարած հույսն այստեղ է արթնացել եւ վերադարձել են կյանք՝ նոր ուժերով եւ նպատակներով:
Խոսելով կենտրոնի խնդիրների մասին՝ տնօրեն Թադեւոսյանն ընդգծում է ֆինանսական դժվարությունները եւ տարածքի փոքրությունը։ Կենտրոնն ամբողջությամբ հագեցած է, նոր գաղափարներն ու մտքերը սակայն անսպառ են մեծ ընտանիքի հոր՝ Վարդան Թադեւոսյանի համար։
«Հուսանք, որ ժամանակի ընթացքում կունենանք ժամանակակից վերականգնողական կենտրոն՝ արդի պայմանների համապատասխան, բայց ես միշտ ասում եմ, որ լավ շենքում չէ, որ բուժվողը պետք է լավ զգա իրեն։ Մարդիկ գաիս են մեզ մոտ բուժվելու նպատակով, իսկ այդ արդյունքը մենք երաշխավորում ենք»,- ընգդգծել է տնօրենը։
Լուսինե Թեւոսյան