Քանի որ Ալիևը ներկայացրեց, որ ապրիլին իր թիվ 1 խնդիրը Լելե Թեփե բարձունքը գրավելն էր, գնաց ու նկարվեց այնտեղ. Արթուր Աղաբեկյան
Գլխավոր » Հասարակական » Քանի որ Ալիևը ներկայացրեց, որ ապրիլին իր թիվ 1 խնդիրը Լելե Թեփե բարձունքը գրավելն էր, գնաց ու նկարվեց այնտեղ. Արթուր Աղաբեկյան

Քանի որ Ալիևը ներկայացրեց, որ ապրիլին իր թիվ 1 խնդիրը Լելե Թեփե բարձունքը գրավելն էր, գնաց ու նկարվեց այնտեղ. Արթուր Աղաբեկյան

Tert.am-ի հետ զրույցում Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Սամվել Բաբայանի՝ առաջնագծի մասին հայտարարություններին, «Մարտիկ» հիմնադրամի միջոցներին, «1000 դրամ նախագծին»: Ներկայացնում ենք հարցազրույցի այն հատվածը, որում Արթուր Աղաբեկյանը մեկնաբանում է Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն:

 

— Պարո՛ն Աղաբեկյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 60 հազարանոց զորախմբով վերջին զորավարժությունների ժամանակ հայտարարեց, թե «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»։

 

— Հասկանալի լինելու համար պիտի մի քիչ հեռվից գամ: Տեսեք՝ Գլխավոր շտաբը կանխատեսում է հակառակորդի հարվածի ուղղությունը, և դա կանխատեսելի էր: Սա ցանկացած բանակի պարտականությունն է. եթե ունես հակառակորդ, պետք է նաև տաս գնահատական հակառակորդի հարվածի ուղղության վերաբերյալ: Ցավոք, ռազմական գործողությունների ավարտից կամ նոր զինադադարից հետո իրական գնահատական չեղավ, թե ինչ նպատակներ էր դրել իր առջև հակառակորդը: Հայկական քաղաքական միտքը, փորձագետներ, տեղին-անտեղի, մտածված կամ ոչ, ամեն մեկը փորձեց հակառակորդի փոխարեն գնահատել, թե հակառակորդն իր նպատակին հասա՞վ, թե ոչ: Ես էլ առիթ ունեցել եմ այս մասին խոսելու ու միշտ հորդորել եմ գեներատալիտետին, որ պետք է իրական գնահատական տալ հակառակորդի գործողություններին:

 

— Ձեր կարծիքով՝ մեր գեներալիտետի գնահատականներն ադեկվատ չէի՞ն:

 

— Տարբեր գնահատականներ եղան, բայց հրապարակայնորեն չտեսա հակառակորդի գործողությունների իրական գնահատական: Մենք՝ զինվորականներս կամ իսկական փորձագետներս, վերլուծություններն անելով՝ ունեինք մեր մոտեցումները: Եթե ցանկացած մարտից առաջ կամ հետո քո հետախուզությունն իրական փաստերի չի տիրապետում, փաստերի, որոնք հստակ են, նշված՝ քարտեզների վրա և վավերացված` հակառակորդի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, և եթե չունես այդ փաստաթուղթը քո ձեռքի տակ և եթե մարտի ժամանակ հակառակորդի գեներալ չես վերցրել ու նրա պայուսակի մեջ նման քարտեզ չես գտել, ուրեմն մնում տալ գնահատական, թե իրադարձություններն ինչպես են զարգացել այդ մի քանի օրերի ընթացքում: Եթե չկան այլ իրական տվյալներ: Իրական նման փաստաթուղթ մեր հետախուզությունն իր ձեռքի տակ չուներ, իրական քարտեզ չենք ունեցել, գեներալ գերի չենք վերցրել՝ իր պայուսակի միջի քարտեզով , որպեսզի կարողանայինք գնահատել՝ ի վերջ հակառակորդն ի՞նչ նպատակ էր դրել իր առջև՝ ռազմական գործողություններ վերսկսելիս: Ոստի մնում էին փորձագիտական գնահատականները: Բայց դրանց թվում չտեսա վերջնական ձևակերպված և Գլխավոր շտաբի կողմից ներկայացված իրական գնահատական: Ես նման բան ոչ մի տեղ չկարդացի (ԳԽ մակարդակով) թեկուզ առանձին-առանձին գեներալների ելույթների մակարդակով գնահատականների ծանոթ եմ: Ես էլ արտահայտվելու առիթ ունեցել եմ, կողքից նայող չեմ եղել, քանի որ այդ իրադարձությունների ժամանակ Լելե Թեփեի աջ հատվածում եմ եղել՝ իմ նախկին փորձը հաշվի առնելով, որովհետև այդ բարձունքը ժամանակին ես եմ ազատագրել: Եվ իմ գնահատականը հետևյալն է, որ հակառակորդը ուներ 2 հիմնական նպատակ՝ աջ թևում և ձախ: Չխոսեմ ձախ թևի մասին` Մարտակերտի ուղղության, միայն խոսեմ աջ թևից, և որպեսզի Ալիևի հայտարարությունները սին հայտարարեմ, ներկայացնեմ, թե որն էր հակառակորդի նպատակն իմ պատկերացմամբ: Եթե քարտեզին ուշադիր նայեք, ապա հակառակորդը տիրել էր Լելե Թեփեի իրական բարձունքներին և աջ թևում զբաղեցրած մի քանի փոքրիկ բարձունքների, որոնք հանդիսանում են առաջնագծի առաջին խրամատները: Այսինքն` առաջնագիծ ասելով՝ պետք է հասկանալ պաշտպանական առումով մի քանի խրամատ: Հակառակորդը, տիրելով այդ խրամատներին` պետք է զարգացներ մարտը` դեպի խորություն: Ի՞նչ առավելություններ ուներ հակառակորդը դա անելու համար:

 

Այդ տարածքում, այդ բոլոր հորդորները, որ ԼՂ նախագահը տարիներ շարունակ՝ մոտ 7 տարի այդ հարցի շուրջ խոսում էր, մեր հետագա անելիքները, որ ֆիքսել էինք, թե ինչ խնդիրներ պետք է իրականացնենք Արաքսի ափին, մենք ուշացրինք: Արաքսի ափը տարբերվում է Արցախի մյուս սահմաններից, որ այստեղ բավականի մեծ խորությամբ՝ խաղաղ բնակչություն չի ապրում՝ տարբեր ուղղություններով, մոտ 70 կիլոմետր Արաքսի երկայնքով, մոտ 25 կմ՝ մինչ Հադրութ ավան: Եվ մարտը զարգացնելու լավագույն տարածքն այն է, որտեղ խաղաղ բնակիչ չկա. նրան չես ռմբակոծելու, գործ ես ունենալու միայն հակառակորդ բանակի հետ: Այսինքն` առաջխաղացման առումով, նոր ռեզերվներ ներդնելու առումով ամենալավ տարածքն է, և հակառակորդը ընտրել էր հենց այդ տարածքը. Մարտը սկսել էր և փորձել էր տարածվել խորության վրա: Ես կասեի՝ ԼՂՀ տարածքից բավականին մեծ մաս՝ միգուցե 1000 կամ 2000 քառակուսի կիլոմետր տարածքի տիրանալ` առանց խաղաղ բնակչություն տեղահանելու, առանց խաղաղ բնակչություն ռմբակոծելու, խուսափելու համար միջազգային հանրության հայտարարություններից: Ասեմ նաև, որ հակառակորդի ու նաև մեր համար առավելությունը այն է, որ Արաքսի աջ սահմանը Իրանի սահմանն է: Եվ հիմա` ունե՞ր հակառակորդը նման նպատակ: Ոչ մի թղթի վրա չի ձևակերպված, ոչ մի փաստաթուղթ էլ չունենք ձեռքի տակ, և հակառակորդը չի հայտարարել, որ իր գործողությունները պսակվել են պարտությամբ: Մենք ունենք միայն փաստ, որ նա տիրել է առաջնագծի 7-8 դիրքի, կամ առաջին գծի խրամատին`Լելե Թեփեից մինչև նրա աջ թևի վրա գտնվող, մոտ 1 կմ-ի հասնող առաջնագծի խրամատ: Գուցե մի քիչ քիչ, կարող է՝ 800 մետր, հստակ չեմ չափել: Բայց սա 5-6 առաջնագծի դիրք է: Հիմա, հակառակորդը չի հայտարարել, չի հայտարարելու, որ պարտվել է այդ ուղղությամբ, մեր Գլխավոր շտաբը իրական գնահատական չի տվել: Բայց ի՞նչ է փաստը։ Այն, որ հակառակորդը տիրել է առաջնագծին, չի կարողացել բացազատվել, Պաշտպանական բանակն անցել է պաշտպանական մարտի, պատրաստվել է հակագրոհի: Թե դա ինչի տեղի չի ունեցել ու չի վերականգնվել առաջնագիծը, առանձին թեմա է, բայց տեղի է ունեցել զինադադար: Հիմա. Ադրբեջանը կորուստներ է ունեցել, հայկական կողմը՝ ևս, և հիմա ամեն մի լիդեր, քաղաքական գործիչ պետք է ներկայացնի իր արածը որպես հաղթանակ: Ալիևը ներկայացրեց, որ իր թիվ մեկ խնդիրը Լելե Թեփեն գրավելն էր, մերոնք էլ գնահատեցին, որ կանգնեցրել են հակառակորդի առաջխաղացումը, և հակառակորդը կրել է մեծ կորուստներ:

 

Հիմա, կրե՞լ է հակառակորդը պարտություն: Իմ կարծիքով` այո, որովհետև իմ գնահատմամբ`նրա նպատակը Լելե թեփեի բարձունքը գրավելը չէր, որովհետև առնվազն էշ է հրամանատարը, և առնվազն՝ ապուշ քաղաքական գործիչը, որ իր առաջ նպատակ դնի մեկ բարձունք ազատագրել: Իմ համար՝ որպես զինվորական Լելե Թեփեն մի սովորական բարձունք է, 0 արժեք ունեցող դիրք է: Ի՞նչ ստրատեգիական դիրքի ու խնդրի մասին է խոսքը: Եվ եթե ես ժամանակին կարողանայի ընդամենը 500 մետր էլ առաջ գնալ, այնտեղ պաշտպանական գիծ սարքել, դա ավելի ստրատեգիական կլիներ, քան այն դիրքը, որը զբաղեցրել եմ ու մարտական գործողություններն ավարտելուց հետո (1994-ին .)և հանձնել եմ հաջորդ հրամանատարներին: Եվ հիմա, հակառակորդն ուզի, թե չուզի, իր ապրիլյան գործողությունները պետք է արդարացնի որպես իր ներքին սպառման պրոդուկտ: Եվ այդ արդարացման շրջանակում դիտարկեք Ալիևի այցն առաջնագիծ ու Լելե Թեփե: Սա, հավատացեք, իրական գնահատական է, սա ասում եմ, որ մեր ժողովուրդն իմանա:

 

Հիմա գանք Ալիևի զորավարժությանը: Հակառակորդն այն կազմակերպել է մեր հարավային ուղղությամբ: Զորավարժություններ , որում ընդգրկված է ոչ միայն բանակը, այլև մոբիլիզացիոն ուժերը, և Գերագույն գլխավոր նախագահի մակարդակով քննարկում է իրականացվել իրենց հետագա անելիքների մասին: Սա ևս 1 անգամ ապացուցում է, որ հենց հարավային ուղղությամբ կրելով պարտություն, հենց ապրիլյան պատերազմում չհաջողած լինելու արդյունքում են զորավարժությունը կազմակերպում աջ թևում: Չզարմանաք, որ մեկ տարի հետո նման զորավարժություն կազմակերպեն ձախ թևում: Կամ նման զորավարժություն կազմակերպեն Ասկերանի ուղղությամբ տարածքներում: Եվ չմոռանանք, որ զինադադարի ոչ միայն ուրախությամբ համաձայնել էր հայկական կողմը, այլ այն տենչում էր Ադրբեջանը:

 

— Զինադադարի նախաձեռնությունը ումի՞ց էր:

 

— Ես հայտարարում եմ, որ Ադրբեջանինը. ապրիլի 3-ին միակողմանի զինադադարի վերաբերյալ արդեն հանդես էր եկել: Դա մեսիջ էր ՌԴ Գլխավոր շտաբին, որ նախաձեռնեք, մենք պատրաստ ենք: Եվ որևէ մեկը տեղեկություն ունի՞, թե ինչ էր տեղի ունենում այդ օրերին Ադրբեջանում, ինչքան խաղաղ բնակիչ տեղահանվեց: Թվեր են՝ հազարների հասնող: Եվ կարող եմ հայտարարել, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը երբեք չի հաշվարկել, որ իր բնակչությունն այդքան ծանր կտանի ռազմական գործողությունների վերսկսումը:

 

— Մերոնք ծանր չէի՞ն տանում:

 

— Ծանր էին տանում, բայց նման մասսայական տեղահանումներ չեղան: Հադրութն իր տեղում էր, Հադրութի գյուղերն` իրենց: Մոբիլիզացիոն ռեսուրսն ամբողջությամբ, կամավոր, չսպասելով զինկոմիսարիատի կանչին՝ իրենց տեղերում էին և պատրաստվում էին ընդունել մարտը: Գումարած` ողջ հայ ժողովուրդը, ով որտեղ գտնվում էր, փորձեց իր մասնակցությունը բերել այդ պատերազմական գործողություններից սպասվող հաղթանակին: Արդյո՞ք դրան պատրաստ էր Ադրբեջանը: Իհարկե ոչ, իհարկե, նրանք ունեին վերլուծություն, որ Հայաստանը տնտեսապես վատ վիճակում է, որ մեր բանակը մարդկային ու ֆինանսական ռեսուրսների խնդիր ունի, հայ ժողովուրդը մասնատված ու արտագաղթում է: Բայց չէին սպասել, որ արտագաղթող հայը երկրագնդի որ կետում է լինի, գալու է, կանգնելու է իր երկրի պաշտպանությանը: Եվ այս ֆոնին Ալիևը պետք է առիթ փնտրեր, լիներ ու նկարվեր Լելե Թեփեում:

 

Բայց, իհարկե, չմոռանանք գնահատական տալ այս զորավարժությանը, վերջնական հասկանանք` մեր հակառակորդի նպատակը նորից ցուցամոլությո՞ւնն է, թե այլ բան, թե՞ այդքան ծախսեր կատարեց, որ ընդամենը ցույց տա իր ժողովրդին, որ տեսեք՝ «ինչքան մարտունակ ենք ու միայն Լելե Թեփեով չե՞նք բավարարվելու»:

 

— Սա իմ հաջորդ հարցն է, քանի որ սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթից հետո նրանք լռել էին, և, փաստորեն, Թրամփի ընտրությունից հետո Ալիևը առաջին անգամ նորից հոխորտաց:

 

— Ուզում եմ հանգստացնել մեր ժողովրդին. նման զորավարժությունները ընտրություններից հետո չեն կատարվում և դրանց 6 ամիս պատրաստվում է ցանկացած բանակ: Դրանք պլանային զորավարժություններ են:

 

Մեկ այլ հարցի վրա էլ եմ ուզում ուշադրություն հրավիրել. այդ զորավարժություններից մեկ օր առաջ հակառակորդը սկսեց օգտագործել փոքր հրետանի` լրիվ ուրիշ ուղղությամբ: Եվ որտե՞ղ էր տեղակայված իր հրետակոծող հրետանին: Բնակավայրերում: Սա իմ ենթադրությունն է, որ կարող եմ անել: Եվ փառք մեր Պաշտպանական բանակին, որ հակառակ կրակ չբացեց, չփորձեց լռեցնել կրակետը և դրանով չօգնեց, որ Ալիևը իր ելույթը կառուցի այն մեղադրանքով, որ հակառակորդը հրետակոծում է մեր խաղաղ բնակչությանը:

 

— Այսինքն` սադրանք էր:

 

— Այո: Կրկնում եմ` դա իմ անձնական կարծիքն է, ես նման տեղեկատվություն չունեմ:

1