Քայլ առ քայլ Արցախի մի ծայրից մյուսը
Գլխավոր » Լրահոս » Քայլ առ քայլ Արցախի մի ծայրից մյուսը

Քայլ առ քայլ Արցախի մի ծայրից մյուսը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 21-ից ՀՅԴ ԱՄՆ Երիտասարդական միության անդամ Վարագ Ղազարյանը քայլարշավ է սկսել Արցախի բոլոր շրջաններով:

Միտքը ծագել է 3 ամիս առաջ և կամաց-կամաց մշակվելով  վերջնական տեսքի եկել: «Ինձ համար շատ կարևոր է առողջ ապրելակերպը, կարևոր է հասկանալ ինչ է դա նշանակում այստեղի երեխաների համար՝ սկսած ատամների մաքրումից մինչև ֆիզիկական տարբեր ակտիվություններ: Այդ առումով ես էլ այստեղից սովորելու շատ բան ունեմ»,- ասում է Վարագը:

Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի բակալավրիատն ավարտելուց անմիջապես հետո Վարագը եկել է Հայաստան և «Դեպի Հայք» կազմակերպության միջոցով 4 ամիս կամավոր աշխատել Գյումրիում՝ փորձուսուցում անցնելով շտապ օգնության բաժնում: Այնուհետև բնապահպանական ծրագրերով 1 ամիս եղել է Կապանում և 3 ամիս՝ Երևանում. «Հայաստանում ապրած ամիսները ավելի շատ եղել են կյանքի պրակտիկա, որի ընթացքում իմ մտածելակերպը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Եթե մինչ այդ մտածում էի, որ ապագայում բժշկության բնագավառը կընտրեմ, հիմա այդպես չեմ մտածում: Ավելի շատ սկսել եմ սիրել առողջ ապրելակերպի ուղղությունը»:

29793613_1923136511032263_4282399525907202048_n

Վարագը ոտքով քայլելով, ըստ նախօրոք կազմված ուղեցույցի, շրջում է Արցախի բոլոր շրջանների 28 գյուղերով, տեղի դպրոցականների հետ խոսում առողջ ապրելակերպի մասին, լսում գյուղացիների պատմությունները և անձամբ ակատես լինում Արցախում ապրողների կենցաղին ու սովորություններին:

Ճանապարհորդությունը սկսվել է մարտի 21-ից՝ Քարվաճառից, հաջորդ կանգառը Մատաղիսն էր, այնուհետև Մարտակերտի, Շահումյանի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Հադրութի շրջանների մի շարք գյուղեր, իսկ վերջնակետը Բերձորն է: Առողջական որոշ խնդիրների պատճառով Վարագը մի քանի օր շեղվել է ժամանկացույցից, բայց այժմ շարունակում է ծրագիրը և այս օրերին գտնվում է Քաշաթաղի շրջանում:

«Ամեն օր զարթնում եմ, սկսում եմ քայլել, հասնում եմ դպրոց, աշակերտների հետ շփվում, հետո գյուղացիների հետ խոսում, լսում տարբեր պատմություններ, գրի առնում դրանք, այդ գյուղում գիշերը անցկացնում և շարժվում դեպի հաջորդ հանգրվան: Ու այսպես 7 շրջանների 28 գյուղեր՝ ամեն շրջանում 3-4 գյուղեր: Այն ավարտվելու է ապրիլի 19-ին՝ Բերձորում»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

30221925_1921854874493760_7061972273908940800_n

Արցախից ստացված տպավորություններն ու իր աչքով տեսածները նախատեսում է տպագրել հոդվածի տեսքով՝ ցույց տալու, որ Արցախը պատերազմի գոտի չէ, այստեղ ապրում են մարդիկ՝ իրենց առօրյա հոգսերով ու մտահոգություններով:

Իսկ Արցախում ծրագիրն իրականացնելն ունի ուրույն պատճառներ: Վարագը 2016թ. մասնակցել է ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միության կողմից Ասկերանում կազմակերպված պատանեկան ճամբարներին և ինքն իրեն ու երեխաներին խոստացել է վերադառնալ: Ասկերանն էլ հոգեհարազատ է դարձել և միշտ ուզում է լինել այնտեղ: «Չնայած իմ ուղուց դրանով շեղվում և ավելի եմ երկարացնում, բայց քանի որ կապ ունեմ դպրոցի, երեխաների հետ, այնտեղով էլ եմ անցնել»,- ասում է Վարագը՝ շեշտելով, որ Արցախը շատ է սիրում, այն իր վրա մեծ ազդեցություն է թողել 2016թ.: «Այստեղի մարդիկ շատ հյուրընկալ են եւ գոհ եմ, որ հանդիպել է նման զարմանահրաշ եւ բարի մարդկանց»,- շեշտում է Վարագը:

Հավելենք, որ Վարագի ծրագրի իրագործմանն աջակցում են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և ԱՀ արտաքին գործերի նախարարությունը:

30653111_1927799583899289_3884736982236004352_n

 Տաթևիկ Աղաջանյան

լուսանկարները՝ Վարագ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

1