Փորձում ենք Արցախի նախագահական ընտրություններին համաձայնեցված մեկ թեկնածու ունենալ
Գլխավոր » Լրահոս » Փորձում ենք Արցախի նախագահական ընտրություններին համաձայնեցված մեկ թեկնածու ունենալ

Փորձում ենք Արցախի նախագահական ընտրություններին համաձայնեցված մեկ թեկնածու ունենալ

Արցախ Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2020 թ-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին՝ նշեց, որ ՀՅԴ-ն դեռևս հստակ չի որոշել սեփական թեկնածուով հանդես կգա, թե կաջակցի այլ քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուի: «Փորձում ենք ԱՀ նախագահական ընտրություններին համաձայնեցված մեկ թեկնածու ունենալ, եթե դա չհաջողվի աշնանը, ամենայն հավանականությամբ նոյեմբերին կհրավիրենք արտակարգ ժողով, որտեղ մեր թեկնածուն կառաջադրենք»,-ասաց նա:

— Պարոն Բալայան, 2020 թ-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ 4 քաղաքական ուժեր հայտարարել են, որ սեփական թեկնածուով հանդես կգան: Նաև Սամվել Բաբայանն է ընտրություններին մասնակցելու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց սկսել: ՀՅԴ-ն ևս սեփական թեկնածու ունենալը չէր բացառել, թեև մինչ այդ հայտարարել էր, որ Արցախի քաղաքական ուժերի հետ նախընտրական բանակցությունների փուլ է սկսում: ՀՅԴ-ն, ի վերջո, նախագահի թեկնածու կունենա՞, թե ոչ:

— Մենք օգոստոսի 29-ին հանդես ենք եկել հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ ներսում համերաշխություն ապահովելու նկատառումով և առաջարկել ենք քաղաքական ուժերին բանակցել որոշակի գաղափարների շուրջ, որը պետք է նյութականանա 2020 թվականի ընտրություններից հետո, այսինքն՝ ով կարող է նախագահ դառնալ և այդ գաղափարներն իրականություն դարձնել: Ասեմ, որ արդեն մեկ շաբաթ առաջ մենք այդ կոնսուլտացիանները Արցախում գրանցված 22 կուսակցությունների հետ վարել ենք, և հիմա 2-րդ փուլ պետք է ընթանա, որից հետո որոշվի, թե ով կարող է լինել այդ թեկնածուն: Այո, ի սկզբանե մենք ասել ենք, որ մենք ունենք նախագահի մեր կուսակցական թեկնածուն, բայց որպեսզի լինի ներքին համաձայնություն, այդպես փորձում ենք համաձայնեցված մեկ թեկնածուի վրա կանգնել, այսինքն՝ մենք պատրաստ ենք բանակցել, խոսել և հնարավոր է՝ կանգ առնենք այլ կուսակցությունից թեկնածուի վրա, կամ գուցե անկուսակցական լինի, առայժմ հստակեցված չէ: Եթե դա չհաջողվի աշնանը, ամենայն հավանականությամբ նոյեմբերին կհրավիրենք արտակարգ ժողով, որտեղ մեր թեկնածուն կառաջադրենք, այսինքն մենք այս ճանապարհն ենք ուզում անցնել: Կարևոր է մեր այս նախաձեռնությունը, որպեսզի 2020 թ-ից հետ էլ հեշտ լինի նախագահի համար աշխատել և ունենալ հանրային մեծ օժանդակություն և համակրանք:

— Ասացիք, որ ունեք նախագահի Ձեր կուսակցական թեկնածուն, կասե՞ք, ամեն դեպքում, թե ում մասին է խոսքը:

— Իհարկե չեմ կարող ասել, ինչպես ասում են, դեռևս ժամանակ կա, և կարիք չկա բանակցություններից առաջ անուն նշել:

— Իսկ առաջադրված թեկնածուների հետ կոնկրետ հանդիպումներ եղե՞լ են և կա՞ն այնպիսիք, որոնք Ձեզ հետո ունեն առավել գաղափարական ընդհանրություններ, և ընդհանրապես միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին ինչպե՞ս են արձագանքում:

— Պատկերացրեք՝ բոլոր քաղաքական ուժերն էլ մեր գաղափարները կիսում են, այն գաղափարները, որոնց միջոցով պետք է երկիրը առաջ շարժվի: Մի մասն էլ ընդհանրապես դեմ չէ, որ միասնական ճակատով փորձ արվի դուրս գալ: Իսկ գաղափարները վերաբերում են Արցախի տարածքային ամբողջականության հարցերին, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական արդարությանը և այսպես շատ ու շատ հարցերին, որոնց պետք է փորձենք արմատական լուծումներ ապահովել: Այս գաղափարների շուրջ է առայժմ, իսկ թեկնածուների շուրջ երկրորդ փուլում քննարկում կկատարենք, ամենայն հավանականությամբ Արցախի բարեկամների ֆորումի ավարտից հետո: Հավանաբար, տեղյակ եք, որ կուսակցության աջակցությամբ և Արցախյան կառավարության մասնակցությամբ ֆորում է կազմակերպվել, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, 30 երկրներից շուրջ 150 պատվիրակներ կլինեն, այս ամենը վերջացնելուց հետո կանցնենք մյուս փուլին:

— Իսկ որքանո՞վ է արդարացված ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու ձեր նպատակը, մեկ թեկնածուով ընտրությունները ժողովրդավարական կարելի՞ է համարել:

— Ես համոզված եմ՝ մեկ թեկնածու չի լինի, մի քանիսը կլինեն, պարզապես, խնդիրն այն է, որ ԱԺ-ի և նախագահական ընտրությունները նույն օրը պետք է կայանան, հետևաբար, ինչպես ասում են, գայթակղիչ է այն առումով, որ ամեն մի կուսակցություն կնախընտրի իր թեկնածուն ունենալ։ Այս տեսանկյունից գտնում ենք, որ մի տեսակ անհարմար է փոքր տարածքով և փոքր ժողովրդով 10-ից 12 թեկնածուներ ունենալը, մի տեսակ գեղեցիկ չէ: Մյուս կողմից էլ այդքան շատ թեկնածու ունենալը նշանակում է հասարակությանը բաժանել տարբեր շերտերի: Իհարկե, ընտրությունները երկրի զարգացման ինստիտուցիոնալ համակարգերից մեկն են, բայց ընտրություններն ունեն նաև բացասական հետևանքներ․ ամեն մի ընտրությունից հետո մենք ստիպված ենք լինում հանրության մեջ փորձել խաղաղություն հաստատել, մարդկանց միջև տարաձայնությունները հարթել, որովհետև վերջիվերջո մի ժողովուրդ ենք, որն ունի մեկ նպատակ, և մեզ համար շռայլություն կլինի եղած ուժերը բաժան-բաժան անել: Կարծում ենք՝ այդ ճանապարհը դեռևս սպառված չէ, մենք կփորձենք գնալ և հասնել մեր նպատակին:

— Պարոն Բալայան, տարբեր կարծիքներ են հնչում, որ սա Արցախի անկախ պատմության համար առանձնահատուկ ընտրություններ են, իր տեսակով՝ բավական անկանխատեսելի և այս անգամ իսկապես մարդիկ պիտի կողմնորոշվեն ու գնան իրենց ձայները տան, համակարծի՞ք եք:

— Իհարկե այո, իսկապես յուրօրինակ է լինելու այն տեսանկյունից, որ մենք կատարում ենք այս ընտրությունները նոր սահմանադրության պայմաններում, երբ միասնաբար պետք է ընտրենք և՛ Ազգային ժողով, և՛ նախագահ, այս տեսանկյունից, այո, քաղաքական ուժերի մոտեցումները տարբեր կլինեն: Նաև մեկ այլ հանգամանք էլ կա, վերջիվերջո, նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը վերջանում է, և այս տեսանկյունից, ինչպես ասում են, նախագահական ինստիտուտին «տեր դառնալը» գայթակղիչ է դառնում:

— Իսկ Ձեզ համար անհանգստացուցիչ չէ՞, երբ նախագահ Բակո Սահակյանը դեռևս որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի աջակցության մասին հայտարարությամբ հանդես չի եկել, և նաև Հայաստանի իշխանությունները, կարծես, խուսափում են այս կամ այն թեկնածուին աջակցություն հայտնել:

— Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կորոշակիանա, Արցախի նախագահն էլ որոշակի մոտեցում կունենա: Ամեն դեպքում ինքը քաղաքականապես ակտիվ անձնավորություն է և չեմ կարծում, որ կողքից նայողի դերակատարություն ունենա: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, իհարկե, մի կողմից որ նայում ենք, ճիշտ է, որ ՀՀ-ն Արցախի ներքին գործերին չխառնվի և հակառակը, ԱՀ-ն՝ ՀՀ-ի ներքին գործերին չխառնվի, բայց այստեղ այլ հարց էլ կա․ մեր երկու երկրների հարաբերություններն այն աստիճանի են, մենք այնպես չի, որ բարեկամ երկրներ ենք, մենք իրար մեջ ապրող երկրներ ենք, իրարից անբաժան, այլ կարգավիճակ ունենք: Համենայն դեպս այդ խորհուրդները, մասնակցությունը, եթե բարի է, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, եթե կոշտ միջամտություն չի կամ հակասահմանադրական չի, ես այդ մոտեցումները միայն ու միայն ողջունում եմ: Ամեն դեպքում, հնարավոր է, որևէ մի թեկնածուի աջակցություն հայտնեն, վերջիվերջո, ինչպես ասում են, միասին պետք է ճանապարհ անցնեն և վատ չի լինի, եթե կարևոր նշանակության հարցերը համաձայնեցվեն՝ իհարկե՝ Սահմանադրության, օրենքի տառին համապատասխան:

— Պարոն Բալայան, երկու երկրների միջև արդեն իսկ որոշակի լարվածություն է ձևավորվել, մասնավորապես, թեկնածուներից Վիտալի Բալասանյանի շուրջ ստեղծված աղմուկն ինչպե՞ս կգնահատեք: Բալասանյանի՝ ՀՀ իշխանությունների դեմ արված հայտարարությանը նույնիսկ արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ նշելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն պահում է «որպես խուլիգան, այլ ոչ թե՝ Արցախի նախագահի թեկնածու»:

— Ինձ դուր չի գալիս այն տեսանկյունից, որ ես կցանկանայի, որ ամեն մի հարց լուծվի փոխհամաձայնության, խաղաղության մթնոլորտում, վերջիվերջո, Վիտալի Բալասանյանն Արցախում հայտնի անձնավորություն է, ճանապարհ ունի անցած, ծառայություններ ունի մատուցած և ցանկալի կլինի, որ իր ներդրումն այս երկրում նույնպես լինի: Համենայն դեպս իմ մոտեցումն այն է, որ մտքերը կարելի է արտահայտել՝ բառերը խնայելով:

— Իսկ նրա հավանական հաղթանակը ի՞նչ սցենար կարող է ունենալ:

— Եթե նույնիսկ Բալասանյանը նախագահ ընտրվի, համենայն դեպս ինքը լուրջ, պատասխանատու անձնավորություն է, չեմ կարծում, որ կհասնի այնպիսի վիճակի, որ ՀՀ-ի ու Արցախի միջև խնդիրներ կառաջանան: Բոլորսն էլ քաջ գիտակցում ենք, որ դա կործանարար է երկու կողմերի համար էլ և չեմ կարծում, որ այդ ճանապարհով կգնան: Ուղղակի նախընտրական շրջան է, և միշտ էլ կրքերի որոշակի բորբոքում է լինում, լարվածության մթնոլորտ է լինում: Կցանկանայի՝ թե՛ ԱՀ-ից, թե՛ ՀՀ-ից, մանավանդ պաշտոնական շրջանակներից, այդպես կոշտ ու տհաճ մոտեցումներ չլինեին, որովհետև ոչ մի կողմին էլ դա օգուտ չի բերում:

— Իսկ Արցախի հանրության մոտ ինչպիսի՞ տրամադրություններ կան,տեսնո՞ւմ ենք, որ քաղաքական ուժերի մոտ աստիճանաբար մրցակցությունը սրվում է, հանրությունն ինչպե՞ս է արձագանքում նախընտրական այս իրավիճակներին:

— Արցախի հայությունը մի տեսակ յուրօրինակ բնավորություն ունի, իմ մոտ տպավորություն է, որ ժողովուրդը կողքից մի տեսակ հանգիստ նայողի, դատավորի դերակատարություն ունի: Ինչպես ասում են՝ ժամանակը կգա, բարին էլ հետը, և համապատասխան մոտեցում կլինի, մեկն ունի որոշակի մոտեցում, վերլուծություն, բայց չեմ կարծում, որ ժողովուրդը արտառոց կամ ոչ պետականամետ որոշում կկայացնի, համոզված եմ, որ Արցախի հայությունը, ինչպես դարեր շարունակ խոհեմ քայլեր է կատարել, այս անգամ էլ նման խոհեմ քայլեր կկատարի:

Հեղինակ Նելլի Լազարյան

1