Փաշինյանն իրավիճակին չի՞ տիրապետում
Ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած եւ հետհեղափոխական լեգիտիմ կառավարություն ձեւավորելու խիստ պատասխանատու գործով զբաղված Փաշինյանը, թվում էր, պետք է այլ առաջնահերթություններ չունենար, քան Հայաստանում ստեղծված խառնիփնթոր վիճակի կարգավորումն է: Բայց արի ու տես, որ Հայաստանի համար այս լրջագույն պահին Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հրաժարականի մասին է խոսվում: Ինչպե՞ս հասկանալ սա: Ինչպե՞ս հասկանալ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին հեռացնելու մասին խոսակցությունները, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հնարավոր հրաժարականի շուրջ հայկական ԶԼՄ-ներով տարածվող «շշուկները» եւ այս ամենն Արցախի հեղափոխականացում որակող առանձին վերլուծաբանների ցնդաբանությունները:
Այստեղ երկու բացատրություն կարող է լինել: Մեկ, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի վերահսկում Հայաստան-Արցախ կապերը, եւ Արցախում գործընթացներ են ծավալվում առանց ՀՀ իշխանությունների գիտության, եւ երկու` ասպարեզից հեռացվում են մարդիկ, որոնք հրաժարվում են մասնակցել ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու խայտառակ գործարքին: Թե՛ մեկ եւ թե՛ մյուս բացատրությունը, մեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանի համար ուղիղ ճանապարհ է դեպի «գերեզման», որովհետեւ երկու դեպքում էլ ակնհայտ է, որ նա է գլխավոր գործող անձը, ինչպես իր նախորդները, որոնց մեղադրում էինք Արցախում նույնիսկ ամենաթույլ ցնցումների համար: Մեր օրերում, սակայն, երբ բոլորը Հայաստանի քարտեզի հնարավոր վերաձեւման տագնապի մեջ են, միապետ Փաշինյանը պարզապես չի կարող «պլստալ» մեղադրանքների հեղեղից:
Այսուհանդերձ, փաշինյանական լրատվամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայում մեր գլուխները հիմարություններով լցնելու համար: Նրանցից մեկը, ահա, գրում է. «Հայաստանի իշխանությունը որոշել է Արցախի ուժային մարմինները «մաքրել» այն կադրերից, ովքեր որոշակի առնչություններ ունեն հին համակարգի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների հետ։ Համենայնդեպս, թիրախում են հայտնվել բոլոր այն գեներալները, ովքեր խիստ ձեւով հակադարձել էին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի հնչեցրած ոչ այնքան հաջող հայտարարությանը»: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ուրիշ բանուգործ չունի ու զբաղված է Սասունի համար Արցախից վրեժ լուծելով: Կարող էինք սա համարել աբսուրդ, բայց այն, որ ընտրություններում «Իմ քայլից» ամենաշատ ռեյտինգային ձայներ են նկարվել հենց Սասուն Միքայելյանի համար, մտորելու տեղիք է տալիս` արդյոք, արցախյան ազատամարտը Նիկոլի «հեղափոխությանն» ստորադասելը լեզվի սայթաքո՞ւմ է եղել Սասունի կողմից, թե՞ Փաշինյանի «լավ մտածված» հրահանգը, որ ազատամարտիկը կատարել է ամենայն բծախնդրությամբ:
Քանի դեռ ոչինչ հայտնի չէ, թե երեւանյան հանդիպման ժամանակ ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը, եւ թե ինչու հանկարծ Արցախում խլրտումներ սկսվեցին, Արցախի Հանրապետության ստատուս քվոյի վերահաս փոփոխության հետ կապված տագնապները շարունակելու են խորանալ, իսկ դրան զուգահեռ նաեւ կարծրանալ Փաշինյանի արտաքին քաղաքականության հանդեպ անվստահությունը:
Հաստատ այնպես չէ, որ Արցախի ուժային կառույցները եւ, մանավանդ, Բակո Սահակյանը խանգարում են Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում կառավարություն ձեւավորել եւ կոմունիզմ կառուցել: Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի հիստերիկ հայտարարությունները, թե Արցախից փորձ է արվում միջամտել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին, ոչ միայն անհիմն էին, այլեւ վտանգավոր այն տեսանկյունից, որ դրանց արդյունքում հնարավոր էին նոր խժդժություններ Արցախում, որոնց առաջին ալիքին մենք ականատես եղանք ամիսներ առաջ, երբ մի խումբ արկածախնդիրներ ավտոլվացման կետում ծագած ինչ-որ կոնֆլիկտ փորձեցին վերածել «իշխանափոխության»: Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ցանկանում է հենց այս օրերին Հայաստանը փրկել Արցախի ազդեցությունից, ապա ինչո՞ւ, օրինակ, Ստեփանակերտի մանկապարտեզի վարիչին չհեռացնել աշխատանքից, որ Հայաստանում, հանկարծ, հակահեղափոխություն չլինի: Մի՞թե Փաշինյանը դպրոցի տնօրեններ հեռացնելու ճանապարհով չսկսեց պաշտպանել իր թավշյա հեղափոխությունը:
Ժողովրդին հիմարեցնելը մեկ-երկու հաշվի գործ է, պարոն Փաշինյան: Իսկ թե ինչպիսի տիտանական ջանքեր են պետք ժողովրդին ոտքի հանելու համար, գիտենք բոլորս: Թող ոչ մեկին չթվա, թե օտար ազգերն ինքնաբուխ կերպով են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որ օտարներն ուղղակի մեռնում են Արցախի անկախության համար, թող չթվա, թե 1965 թվականին հայ ժողովուրդն ինքնաբուխ դուրս եկավ փողոց ու պահանջեց իր «հողերը», թող ոչ մեկին չթվա, թե հայ ժողովուրդն ինքնաբուխ ազատագրեց Շուշին, թող ոչ մեկին չթվա, որ 2016թ. ապրիլին Արցախը կկարողանայինք պահել, եթե 1990-1994-ին այն ազատագրած չլինեինք մեր թափած իմացյալ արյամբ: Թող ոչ ոք չփորձի հիմարեցնել մեր ժողովրդին, երբ նա արդեն տարել է իր նորագույն պատմության ամենակարեւոր հաղթանակները`ձեռք բերելով հայրենիք եւ անկախություն: Պարոն Փաշինյան, ՀՀ նոր իշխանությունները պարտավոր են ոչ թե նվազեցնել, այլ ավելացնել մեր ձեռքբերումները, որոնք, ինչքան էլ հակառակը պնդեք, չէինք ունենա, եթե չլինեին դրանց ակունքներում կանգնած մեր ազգի լավագույն զավակները: Իսկ ինչ վերաբերում է թավշյա հեղափոխության գնահատմանն ու արժեւորմանը, ապա դա միայն ժամանակի խնդիր է: Ապագա սերունդները կտան այդ գնահատականը, իսկ այսօր ընդամենը պետք է զբաղվել «արաբական գարուն» տեսած Հայաստանն ուշքի բերելով եւ երբեք չմոռանալ, որ հզոր Հայաստանն է Արցախի անվտանգության միակ երաշխավորը:
ՀԳ. Եվ պետք չէ գայթակղվել «հեղափոխությունն արտահանելու» լենինյան մեռելածին գաղափարով, պարոն Փաշինյան: Դրանից հրաժարվեք հենց հիմա: Եվ, առհասարակ, մեկ անգամ եւս ուշադիր կարդացեք Զորի Բալայանի հայտնի նամակը Ռուսաց թագավորին: Այն բավականին հետաքրքիր է ոչ միայն գեղարվեստական, այլեւ քաղաքական առումով:
Էդիկ Անդրեասյան