Ցանկացած կոնկրետ հարցադրմանն ունեմ պատասխան. Լևոն Մկրտչյանը՝ Արայիկ Հարությունյանին
ՀՅԴ-ն տարեսկզբին կոշտ քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը՝ նշելով, որ ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:
Այդ հայտարարությանն անդրադարձավ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և նշեց. «Դաշնակցությունը թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել այդ ոլորտը, եւ ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի»։
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ Արայիկ Հարությունյանին հրավիրեց հրապարակային բանավեճի, որպեսզի հասկանան, թե ինչում են իրենց մեղադրում։
Այսօր ArmDaily.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք ընդունելու է բանավեճի հրավերը, որին ի պատասխան Հարությունյանը դաշնակցականներին խորհուրդ տվեց նման բանավեճեր չհրավիրել, որովհետև իրենց գործընկեր Լևոն Մկրտչյանին կարող են ուղղակի խայտառակ անել:
«Դաշնակցությունն ամենամեծ պատասխանատվությունն է կրում նորանկախ Հայաստանի պատմության մեջ կրթության համար: Այն խայտառակ վիճակը որ կա, ուղղակի իմ արժանապատվությունից ցածր է այդ թեմայով իրենց հետ բանավիճել»,- հավելեց նա:
Մեզ հետ զրույցում ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանն ասաց, որ այնպիսի բան չի արել, որպեսզի խայտառակի կուսակցությունն ու ժողովրդին։
«Ես զարմանքով ծանոթացա այդ ասածին։ Երկու հարթությամբ պետք է պատասխանեմ։ Ինձ թույլ չեմ տվել շուրջ մեկ տարի որևէ ձևով խոսել, քանի որ ճիշտ չէ։ Նոր համակարգը մեծ խնդիրներ ունի, պետք է ընդունեն դա։ Նախ խայտառակ կրթական համակարգի մասին։ Դա ինձ համար ընդունելի չէ։ Խնդիրներ շատ են եղել։ Հիշում եմ՝ 1998 թվականին 9 ամիս պաշտոնավարեցի իբրև նախարար, Կրթության մասին օրենք, դասագիրք գոյություն չունեինք, ուսուցիչների աշխատավարձը ցածր էր։ 9 ամիս հետո մենք ունեցանք կրթական ծրագիր, դպրոցների բարեփոխումները սկսվեցին, ուսուցիչների աշխատավարձը մի քանի անգամ բարձրացավ, Կրթության մասին օրենք ունեցանք։ Համակարգ ստեղծվեց։ Այնպես որ, կրթական համակարգը տարիների համակարգային փոփոխությունների արդյունք է և այն խայտառակ չի կարելի գնահատել։ Ի վերջո, այս նոր սերունդը, որն այսօր կա և պատասխանատվությունն իր վրա է վերցրել, առաջադեմ ու լավագույն գաղափարների կրողներն են, այդ նույն կրթական համակարգի արդյունք են»,-նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ մի քանի անգամ կարճ ժամկետով է դարձյալ նախարարի պաշտոն ստանձնել և յուրաքանչյուր ստանձնած ժամանակաշրջանի համար պատասխանատու է.
«Չեմ կարծում, որ ես կարող եմ կուսակցությանս, կամ առավել ևս ժողովրդին, խայտառակ անել։Դա բացառված է։ Եվ կրթական համակարգից ստացել եմ իմ գործունեության գնահատականը։ Քանի որ հիմա մի քանի նախարարություններ միացան իրար, ոլորտն ավելի պատասխանատու է դարձել և պետք է շատ ավելի հավասարակշռված, պատասխանատու քաղաքականությամբ զբաղվել»։
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում նախարարությունների միացմանը, Մկրտչյանը նկատեց, որ արդեն մեկ տարի է ինֆորմացիայից կտրված է, սակայն պատկերացնում է, թե ինչ մեծ բեռ է դրված նախարարության վրա և բոլորովին նոր մենեջմենթի համակարգ է այն իրենից պահանջելու.
«Պետք է հասկանանք, թե ինչպես է ղեկավարվելու այդ մեծ համակարգը, ինչպես պետք է աշխատեն բյուրոկրատական կառույցները, ինչպես պետք է աշխատեն և հարաբերվեն վարչությունները: Իմ նախարար աշխատած տարիներին երբեմն գիտության հարցերով չէինք հասցնում զբաղվել, քանի որ հանրակրթության խնդիրները շատ-շատ էին։ Դրա համար գիտության կոմիտեն բացարձակ ավտոնոմ ռեժիմով էր աշխատում։ Միայն փոխնախարարների վրա դնելով, կառույցը չի կարող աշխատել»։
Մեր այն հարցին, թե ԿԳ նախարար է եղել նաև Արմեն Աշոտյանը, սակայն Արայիկ Հարությունյանը հենց մատնանշում և թիրախավորում է իր պաշտոնավարման տարիները, ինչ միտում կա, Մկրտչյանը պատասխանեց.
«Ես հարգանք ունեմ պարոն Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ Ինքը իսկապես մեծ բեռի մեջ է և մեկ տարին , իմ կարծիքով, փոքր շրջան է այդ մեծ ծանրությունը վերցնելու։ Ցանկացած կոնկրետ հարցադրմանը ունեմ պատասխան և պատասխանատու եմ իմ գործունեության բոլոր տարիների համար»։
Նա նաև նշեց, որ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ, սակայն բովանդակային քննարկում չի եղել։
Դույսա Ղազարյան
Մանրամասները՝ տեսանյութում։