Տեղի է ունեցել «Պատերազմ... աչքեր... ծաղիկներ...» գրքի շնորհանդեսը
Գլխավոր » Լրահոս » Տեղի է ունեցել «Պատերազմ... աչքեր... ծաղիկներ...» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Պատերազմ… աչքեր… ծաղիկներ…» գրքի շնորհանդեսը

«Այնտեղ, ուր կա պատերազմ, կա կիսատ մնացած ինչ-որ բան՝ մանկություն, սեր, երազանք, կյանք…Մարդը շարունակում է ապրել՝ իր մեջ կրելով կիսատը, որը ոչ մի բանով լրացնել, ամբողջացնել հնարավոր չէ: Մարդը պատերազմ չի ուզում, բայց պատերազմը «հարմարվել է» մարդուն…»․ փետրվարի 27-ին Ստեփանակերտի «Արմատներ» կենտրոնում տեղի ունեցած երիտասարդ ստեղծագործող Հերմինե Ավագյանի անդրանիկ գրքի շնորհանդեսը մեկնարկել է գրքի ասելիքն ամբողջացնող այս տողերով։

Շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, գրքի հերոսները, պատերազմը վերապրած եւ «խաղաղության» սերունդը, որը վերապրեց գրքի ամեն մի տողը, ամեն մի պատումը։

28535248_1838931063070209_491377659_n

«Թերթելով գրքի էջերը զգացի եւ ապրեցի հազարավոր հայ մանուկների պատերազմ դարձած մանկությունը, վերընթերցեցի մի աշխատություն, որտեղ ճշմարիտ կերպով ներկայացված եւ ամբողջացված է Արցախյան պատերազմը։ Հերմինեն կարողացել է արտացոլել այդ ամեն իր անդրանիկ աշխատությունում»,- իր խոսքում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Պատերազմ…աչքեր…ծաղիկներ…» գիրքը հեղինակը նվիրել է հոր՝ Արցախյան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, Աշանի ինքնապաշտպանական ջոկատի, այնուհետև վաշտի հրամանատար, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» շքանշանակիր Արմեն Ավագյանին։

«Մենակ Արմենը կարող է Էմիլին տուն բերել․․․,- Արմեն Ավագյանի մայր Նաիրա Ավագյանն առանց հուզվելու չկարողացավ պատմել որդու մասին։ Որդին միայն ադրբեջանցիների կողմից գերեվարված գյուղի կոլտնտեսության ղեկավարին տուն բերելու հարցում չէր միակը, միակն էր նաեւ ինքնաշեն զենքերի պատրաստման գործում, ձորակի առաջին ինքնապաշտպանական  ջոկատի ստեղծման եւ հարակից մի շարք գյուղերի ղեկավարման հարցում,- Հերմինեն իր առաջին զավակի անունը դրեց հոր անունով՝ Արմեն։ Թոռնիկս բարձր է պահում որդուս պատիվը եւ հիշատակը»։

Հերմինե Ավագյանի մայր Մարինե Ավագյանը եւս խոսք ուներ ասելու․«Խաղաղություն եմ ցանկանում, որ այսուհետ Արցախ աշխարհում խաղաղություն լինի եւ չլինեն կիսատ մնացած մանկություններ, որ ծաղիկները մայր հողից պոկվեին միայն երջանկություն բերելու համար՝ հարսանիքին, նշանդրեքին, կնունքին, սիրածին նվիրելու համար։ Թող էլ ոչ մի մոր աչքերից արդյունք չթափվի»։

Շնորհանդեսին ցուցադրվել են նաեւ գրքի նկարները, որոնք նկարազարդել է արմատներով աշանեցի,  Արմեն Ավագյանի մանկության ընկեր, արվեստագետ, նկարչուհի Լիաննա Քոչարյանը։ Միջոցառման ներկաները փաստեցին՝ պատկերազարդումը համահունչ է գրքի ասելիքին՝ ամեն մեկը մի ասելիքով, ամեն մեկը մի առանձին պատմություն։

28511236_1838886923074623_1047538241_n

«Քանի որ անձամբ ճանաչել եմ գրքի յուրաքանչյուր հերոսի, աշխատել եմ առանձնահատուկ սիրով, բայց նաեւ մեծ պատասխանատվությամբ եւ զգուշությամբ,- իր խոսքում նշել է Լիաննա Քոչարյանը,- զգացել, ապրել եմ այդ պատմությունը եւ գրքի տողերը ինձ ցույց են տվել, թե ինչպես նկարազարդեմ եւ ներկայացնեմ գրքի ասելիքի զգացական դաշտը»։

1991 թվականին Աշան գյուղ գործուղված լրագրող Նվարդ Սողոմոնյանը եւս առիթ է ունցել ծանոթանալու Արմեն Ավագյանին եւ հեղինակի ընտանիքի պատմությանը։

«Ինձ զարմացրել էր (եւ մինչև հիմա էլ զարմացնում է) նրա՝ տարիքին անհարիր լրջությունը, խոհեմությունը, որ տեսել եմ նրա աչքերում, արագ, ծանրակշիռ, ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը, որ պիտի ունենա զինվորական հրամանատարը,  քաջությունը, սերը օջախի, ընկերոջ, հողի, հայրենիքի հանդեպ, որ էություն է, շաղախ՝ առանց ցուցադրության»,- այսպես է բնորոշում Աշան գյուղի ջոկատի հրամանատար Արմեն Ավագյանին Նվարդ Սողոմոնյանը։

Գրքի յուրաքանչյուր պատում հեղինակը կոչել է «լուսամուտ»։ Տասնմեկերորդ պատումը սակայն հեղինակը թողել է դատարկ էջի վրա։ Այն խորհրդանշում է հավատը խաղաղության հանդեպ։

«Ես հավատում եմ, որ մի օր խաղաղ երկնքի տակ կծնվի այն պատմվածքը, որը կպատմի խաղաղության եւ ոչ թե պատերազմի մասին»,- ասել է Հերմինե Ավագյանը։

28511919_1838888693074446_1263069042_n

Նշենք, որ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է հեղինակի ծննդավայրի՝ Աշան գյուղի դպրոցական մարզադահլիճի կահավորմանը:

1