Վառվող ջահերը մեր անմար հիշողությունն են խորհրդանշում
«Աննահանջ պայքար՝ մինչև հատուցում» խորագիրը կրող ջահերթը Ստեփանակերտում մեկնարկել է Ս. Հակոբ եկեղեցու բակից և ուղղվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Ջահերթը նախաձեռնել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները, աջակցել է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախաձեռնությանը միացել են Արցախում գործող հասարակական կազմակերպությունները, հազարավոր ուսանողներ, աշակերտներ: Երթին մասնակցում էին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, պետական այլ այրեր:
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում շեշտել է, որ սկսած 2000թ. ՀՅԴ երիտպատանեկան միություններն Արցախում կազմակերպում են ջահերթ: «1991-1994թթ. Արցախյան պահանջատիրությունն արևելահայությանը փրկեց նոր ցեղասպանությունից: Իսկ 2016թ. մեր պետականությունը պահպանողները նորից իրենց կամքի ուժով, հերոսությամբ և անձնազոհությամբ կանխեցին մի նոր ցեղասպանություն: Եվ այն հիմքը, որ դրվել է 1991-1994թթ., ունենալու է շարունակություն և հայրենազրկված արևմտահայությունը տեր է դառնալու կորսված հայրենիքին»,- ընդգծել է պատգամավորը:
«Այս վառվող ջահերը մեր անմար հիշողությունն են խորհրդանշում, իսկ մեր ազգի հիշողությունը մեզ քանիցս ցույց է տվել, որ փոքր ազգերի գոյության գրավականը հարատև ու միասնական պայքարն է, ուժի ու զենքի լեզուն: Այսօր, առավել քան երբևէ, մեզ այս գիտակցումով գործել է պետք: Թուրքիան ու Ադրբեջանը շատ հեռու են մարդանալու և մարդուն վայել քաղաքակիրթ որոշումներ ընդունելուց, իրենց սեփական սխալը ճանաչելուց, դա ապացուցված ճշմարտություն է: Այդ ճշմարտությունը մեզ ստիպում է անկախ մեր քաղաքական հայացքներից ու գաղափարներից բռունցքվել համընդհանուր գաղափարի՝ Ազատ, անկախ, միացյալ և որ ամենակարևորն է՝ հզոր Հայաստանի գաղափարի շուրջ»,- նշել է ՀՅԴ ԱԵՄ-ի ՎՄ ներկայացուցիչ Մերուժան Սուլեյմանյանը և հավելել, որ ապրիլը մեզ համար պիտի միայն ապրելու խորհրդանիշ դառնա այսուհետ:
Նույն օրը ջահերով և մոմերով երթ է կայացել նաև Ասկերան քաղաքում: