Սփյուռքի նախարարությունը իբրև առանձին գերատեսչություն պետք է շարունակեր գործել. Շահան Գանդահարյա
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
– Պարոն Գանդահարյան, առաջիկայում 17 նախարարությունից կմնա 12-ը, կլուծարվի նաև Սփյուռքի նախարարությունը։ Տեսակետ կա, որ այն պետք է լուծարվեր, քանի որ կար այդ նախարարությունը, բայց այն չաշխատեց։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարությունների կրճատման քայլը։
– Կրճատումները որևէ կառավարության պարագայում օրինաչափ են։ Ըստ կառավարության աշխատանքային ծրագրի, այնտեղ նշված դրույթների, առաջնահերթությունների՝ համապատասխան որոշումներ են կայացվում օպտիմալացման մոտեցումները նկատի ունենալով։ Այս դեպքում, կարծում եմ, Սփյուռքի նախարարությունը իբրև առանձին գերատեսչություն պետք է շարունակեր գործել։ Անցած ուղին մեզ հուշում է, որ հայրենիք-Սփյուռք կապերի գործընթացը որոշակի կառուցակարգման է ենթարկվել՝ հատկապես մասնագիտական ոլորտներում համահայկական մարդուժի ներգրավման ուղղությամբ։ Կուտակված փորձի վրա, կարծում եմ, անհրաժեշտ կլինի նոր գործառույթներ ապահովել։ Մեր ազգի համրանքի ճնշող մեծամասնությունը Սփյուռքում է ապրում, և կարծում եմ՝ հայրենակենտրոն ցանցային կառույցներ ստեղծելը, համապատասխան կառույցներ առաջացնելը անկախ գերատեսչություն է պահանջում։
– Առհասարակ, Սփյուռքն ինչպե՞ս է արձագանքում նախարարության լուծարման գաղափարին։ Դուք երկար տարիներ համագործակցել եք Սփյուռքի նախարարության հետ։ Արդյոք լուծարումն ապացույց չէ՞ այն բանի, որ նախարարությունը իր առաքելությունը չճշգրտեց ու չկատարեց։
– Սփյուռքյան արձագանքներ դեռևս կլինեն. ես կարծում եմ, որ արդյունավետ համագործակցություն է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ տեղեկատվական բնագավառում՝ ճանաչողականության, պետական տանիքի տակ համախմբման, համատեղ քննարկումների և համահայկական լրատվադաշտի խնդիրների լուծման ուղղությամբ ուղիների որոնման առումով։
– Հնարավո՞ր է, որ Սփյուռքի հետ կապերը փոխվարչապետի գրասենյակի կողմից համակարգվեն։ Արդյոք փոխգործակցության առումով արդյունավետ կարո՞ղ է լինել այս տարբերակը։
– Ինչ էլ որ լինի ձևաչափը, համոզված եմ, որ համագործակցությունը ակտիվորեն պետք է շարունակել։ Համապատասխան պաշտոնյաներն ակնարկել են հայրենադարձության օրակարգի և հեռանկարային առումով Սփյուռքի խորհրդատվական դերը դեպի իրավական դաշտ անցումի նախապատրաստության օրակարգի արծարծումով։ Կարծում եմ, որ այս երկու գերակա ուղղությունները անպայման կներառվեն նոր կառավարության ծրագրում։ Ի վերջո՝ ազգի համրանքի մեծամասնությունը կազմող Սփյուռքը իրավական հիմք պիտի ունենա մասնակցելու համահայկական տարողունակություն ունեցող խնդիրների քննարկման և որոշման գործընթացներին՝ դա կլինի երկպալատ խորհրդարանի տեսքով, թե այլ կերպ։ Իսկ նման օրակարգերի նախապատրաստության, նման մեծ ծրագրերի նախագծման համար անպայման պետք է մասնակից լինի Սփյուռքը։
– Պարոն Գանդահարյան, մենք հիշում ենք, որ Սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք համաժողովներ էր անցկացնում, բայց դրանք այդպես էլ չէին արդյունավորվում։ Անգամ հռչակած նպատակները և հայտարարությունները կյանքի չէին կոչվում։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։
– Մինչև Սփյուռքի նախարարության ձևավորումը՝ նման համաժողովներ կազմակերպում էր ԱԳՆ-ն։ Այս տիպի համաժողովներ, forum-ներ անցկացնում են տարբեր երկրներ ևս։ Նման մասշտաբի և բազմամարդ համաժողովները առիթ են ելույթներ լսելու, հարցեր տալու, մտքեր փոխանակելու, միմյանց ճանաչելու և կապեր հաստատելու։ Կարծում եմ՝ այդ առումով օրինաչափ էին համաժողովները։ Առանձնացնեմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով և առանցքայնորեն ներկայացուցչական համաժողովը, որին հաջողվեց ստեղծել բրգաձև կառույց՝ նկատի ունեմ պետական հանձնաժողովը, տարածաշրջանային և տեղական հանձնաժողովները և իրականացված համակարգումը աշխարհում 100-ամյակի միջոցառումներին միջազգային հնչեղություն ապահովելու տեսակետից։