Սահմանադրության նախագիծը  չպետք է հեռանա ժողովրդավարության սկզբունքներից
Գլխավոր » Հասարակական » Սահմանադրության նախագիծը  չպետք է հեռանա ժողովրդավարության սկզբունքներից

Սահմանադրության նախագիծը  չպետք է հեռանա ժողովրդավարության սկզբունքներից

ԼՂՀ Սահմանադրության նոր նախագծի մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանի հետ:

— Պարոն Գաբրիելյան, Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն»  խմբակցությունը դեմ է արտահայտվել, իհարկե՝ հիմնավորելով իր մոտեցումներն ու տեսակետները: Այնուամենայինիվ, կարո՞ղ ենք, այսպես ասած, հանգիստ ապրել՝ առանց երկրի հիմնական օրենքի փոփոխության:

— Ընդհանուր առմամբ՝ Դաշնակցությունը մեկ անգամ չէ, որ կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին՝ նպատակ հետապնդելով դրանով իսկ անցնելու է՛լ ավելի ժողովրդավարական կառավարման համակարգին: Մեր պարագայում, ինչպես 2016 թվականին ՀՀ-ում է իրականացվել, Արցախում ևս հաստատել կառավարման խորհրդարանական համակարգ:

Ի սկզբանե ամեն ինչ իր հունով էր ընթանում, և Արցախում գործող քաղաքական ուժերի գրեթե մեծամասնությունը կողմ էր այդ մոդելի ներդրմանը: Սակայն, ցավոք սրտի, հետագայում քաղաքական հարթակում շրջանառության մեջ դրվեց սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգ, որը ենթադրում էր գործող կիսանախագահական համակարգից անցում խիստ արտահայտված նախագահական համակարգի: Բնական է ենթադրել, որ այս ամենը հակասում էր Դաշնակցության սկզբունքներին և շեղում էր իր իսկ որդեգրած ուղեգծից: ՀՅԴ ողջ կառույցի կողմից ձեռնարկվեցին քայլեր, սակայն գործադրած ջանքերն ապարդյուն էին:

Անդրադառնալով Ձեր հարցի երկրորդ մասին՝ պատասխանեմ. ավելի լավ է ապրել հնի մեջ, քան հայտնվել անորոշության մեջ: Ենթադրում եմ նաև, որ այս անորոշությունը երկար կյանք ունենալ չի կարող: Երկու հայկական պետական կազմավորումները իրարամերժ կյանքով չեն կարող ապրել: Գտնում եմ նաև, որ այս Սահմանադրության նախագիծը քաղաքական պատվեր է՝ իջեցված այլ տեղից, բայց ոչ Արցախից:

— Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն նախադրյալները, որ հիմք հանդիսացան, Սահմանադրությունն հանրաքվեի ներկայացնելու: Եւ դա այն դեպքում, երբ ՀՀ-ում արդեն փուլ առ փուլ անցնում են կառավարման խորհրդարանական համակարգին:

— Հետևելով քարոզարշավի ընթացքին՝ հանգել եմ այն եզրակացությանը, որ ոչ ճիշտ ընկալում կա, ավելի ճիշտ՝ շփոթության մեջ են դրել հասարակությանը: Ստացվում է այնպես, որ Սահմանադրության այս նախագիծը, ավելի դիպուկ՝ նախագահական համակարգն անցնելը պայմանավորված է ապրիլյան ռազմական գործողություններով: Այսինքն՝ երկրին պակասում էր ուժեղ համակարգ, ուժեղ ձեռք, որի արդյունքում ունեցել ենք կորուստներ, տեղ են գտել մի շարք բացեր, թերություններ և այլն: Դրան հակված են հատկապես տարիքավոր քաղաքացիները, ովքեր առ այսօր տառապում են «Ստալինիզմով»:

Քաղաքական այս պարտադրանքի փակագծերը չեմ ցանկանում բացել: Կարծում եմ, որ Սահմանադրության բացասական ազդեցության մասին կխոսվի հետագայում «Այո»-ի կողմնակիցների կողմից:

— Պարոն Գաբրիելյան, Դուք մի քանի անգամ անդրադարձաք Սահմանադրության նախագծի մի շարք հայեցակարգերի, որոնք անընդունելի են ՀՅԴ-ի կողմից և որոնք, ըստ Ձեզ, Արցախն ավելի են հեռացնում ժողովրդավարությունից: Գուցե որոշակիորեն մանրամասնե՞ք այն:

— Նախ նշեմ, որ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի կողմից կյանքի կոչված սահմանադրական բարեփոխումների հանձնախումբը քառասունից ավելի առաջարկություններ է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին: Մի շարք համատեղ քննարկումների արդյունքում ընդունվել են մի քանի առաջարկություններ, միայն, ցավոք սրտի, մասնագիտական հանձնաժողովը ընդհանրապես չքննարկեց, այսպես ասած, մի շարք հայեցակետային առաջարկություններ՝ պատճառաբանելով, որ լիազորված չեն այն հիմնավորելու: Հետևաբար, ներմուծված այդ սկզբունքային հայեցակետերը, որոնք հետագայում ներառվեցին հոդվածների տեսքով, Սահմանադրության նախագծում մեզ համար, համենայնդեպս, մնացին լուսանցքից դուրս կարգավիճակում: Իմիջայլոց նշեմ, որ դրանք, թեկուզև մասամբ ընդունվելու դեպքում՝ շատ հնարավոր էր, որ ՀՅԴ-ն կողմ քվեարկեր նոր Սահմանադրության նախագծին:

— Որո՞նք են այդ կետերը:

— Առաջին և ամենագլխավորը՝ դա ԱԺ և հանրապետության նախագահի միաժամանակյա ընտրություններն են: Ավելի սեղմ արտահայտվեմ՝ երկրի ղեկավարման տեսանկյունից իշխանության այս երկու թևերից որևէ մեկի կողմից իր գործառույթներն իրականացնելու անհնարինության (պատճառները ներկայացված են Սահմանադրության նախագծում) դեպքում երկու թևն էլ միաժամանակ հրաժարական են տալիս ու միաժամանակ է կատարվում ընտրություն: Աբսուրդի հասնող իրավիճակ:

Երկրորդը՝ նոր կառավարության ձևավորման պրոցեսը, ավելի ճիշտ, կառավարման կառուցվածքը նոր Սահմանադրությամբ հաստատում է նախագահը: Հաշվի առնելով, որ գործադիր իշխանության ձևավորման այս գործընթացն անչափ կարևոր է երկրի կյանքում, ՀՅԴ-ն առաջարկեց, որ այն իր հետագա քննարկումն ու հաստատումը ստանա Աժ-ում, որն, իհարկե, չընդունվեց:

Երրորդ՝ ԼՂՀ-ի պետական սահմանի հստակեցման առումով Դաշնակցությունն առաջարկեց, որ հանրային իշխանությունը տարածվի կոնկրետ այն տարածքների վրա, որոնք ամրագրված են 1991 թվականի Անկախության հռչակագրով և 1998 թվականին ԱԺ-ի կողմից ընդունված ԼՂՀ տարածքային բաժանումների մասին որոշումով: Առաջարկն ընդունվեց մասամբ և ամրագրվեց գործող Սահմանադրության դրույթով:

Չորրորդ՝ տեղական ինքնակառավարման մարմինների մասին հոդվածներում հստակեցված չեն ընտրական մեխանիզմների հայեցակետերը:

Զուտ ժողովրդավարության տեսանկյունից՝ նման մոտեցումները դատապարտելի են:

— Պարոն Գաբրիելյան, նախկինում որպես Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավար, կխնդրեի ավելի բացեք փակագծերը ՏԻՄ համակարգի առումով:

— Պետք էնշել, որ գործող Սահմանադրությամբ «ԼՂՀ ընտրական օրենսգրքով» և թե «Տեղական ինքնակառավարման» ԼՂՀ օրենքներով նախանշված դրույթները հնարավորություն են ընձեռնում լրիվությամբ կարգավորել տեղական իշխանությունների գործունեությունը: Այն, իհարկե, իդեալական չէ, բայց վատն էլ չէ: Կառավարության կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու դեպքում կարելի կլինի բարելավել տեղական իշխանությունների գործունեությունը: Հիմք ընդունելով ՏԻՄ համակարգին վերաբերվող սահմանադրական որոշ հիմնադրույթների լղոզված, ոչ հստակ ձևակերպումները, իսկ ավելի շատ՝ քարոզարշավի մասնակիցների ու մասնագիտական հանձնաժողովի որոշ անդամների մեկնաբանությունները, գալիս ես այն համոզման, որ վտանգված է ինքնակառավառման մեխանիզմի գործադրումը իշխանության տեղական մարմիններում:

Պարոն Գաբրիելյան, քարոզարշավն արդեն բավական առաջ է ընթացել: Դեմ քվեարկողների մասին այնպիսի կարծիք է շրջանառվում, որ դրանով  իբր «թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում»: Ի՞նչ կասեիք այդ մասին:

— Դեմ քվեարկողներին այլ աչքով են նայում: Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ  ֆեյսբուքյան իմ էջում, որ քարոզչություն իրականացնող որոշ երևելիներ այնքան են խորացել քարոզչական մեխանիզմների մշակության գործընթացում, որ առաջ են քաշել և ակտիվորեն առաջ են տանում «Այո՝ Արցախին» կամ «Փետրվարի 20-ին՝ այո Արցախին» կարգախոսներ: Դիտավորություն տեսնելով այս կարգախոսների բուն էության մեջ, ինքս ինձ հարց եմ տալիս՝ Արցախի այն քաղաքացիները, ովքեր դեմ են առաջադրվող  Սահմանադրությանը և պատրաստվում են  «ոչ» ասելու, ինչպիսի կարգավիճակի մեջ են հայտնվելու: Եզրակացությունը միանշանակ է և պարզ. նշանակում է՝ դեմ արտահայտվողները միանշանակ ձևով դեմ են Արցախում իրականացվող բոլոր գործընթացներին, քաղաքականությանը, մեր անկախությանը, մեր ինքնիշխանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և այլն: Նշանակում է՝ բոլոր նրանք երկրի անվստահելի քաղաքացիներ են, ու չի կարելի ոչինչ վստահել նրանց:

  Հարցազրույցը՝ Լիլիա Բաղրյանի

1