Պետք է մեր առաջարկն աստիճանաբար համապատասխանեցնենք աշխատաշուկայի պահանջներին
Գլխավոր » Լրահոս » Պետք է մեր առաջարկն աստիճանաբար համապատասխանեցնենք աշխատաշուկայի պահանջներին

Պետք է մեր առաջարկն աստիճանաբար համապատասխանեցնենք աշխատաշուկայի պահանջներին

2018թ. hոկտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈԿ դոցենտ Արմեն Յուրիկի Սարգսյանը։ ԱրՊՀ նորընտիր ռեկտորի հետ «Ապառաժ»-ի բացառիկ հարցազրույցը Արցախում բարձրագույն կրթության առկա խնդիրների և դրանց լուծման՝ Արմեն Սարգսյանի տեսլականների մասին է:

— Պարոն Սարգսյան, մոտ մեկ ամիս առաջ ընտրվել եք ԱրՊՀ ռեկտոր: Այս կարճ ժամանակաընթացքում դժվար է խոսել կատարած աշխատանքների մասին, բայց հետաքրքիր է՝ որո՞նք են եղել Ձեր առաջին քայլերը:

— Նախ պետք է ասեմ, որ ժառանգել եմ կայուն համակարգ: Արցախի պետական համալսարանում ստեղծված է այն նորարարական հիմքը, որի վրա հենվելով՝ կարող ենք ապահովել համալսարանի շարունակական զարգացումը: Սա, իհարկե, չի նշանակում, թե անելիքներ, հիմնախնդիրներ չկան, առավել ևս, որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ պետության, բարձրագույն կրթության առջև ծառացած մարտահրավերները շատ-շատ են:

Առաջին հերթին՝ մենք նպատակ ունենք կազմել Արցախի պետական համալսարանի գործունեությունը համակարգող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ժողովածու, որի մեջ առանձին բաժիններով ներկայացված են լինելու այդ գործունեությունը համակարգող ԼՂՀ օրենքները, կառավարության որոշումները, նախարարի հրամանները, ԱրՊՀ գիտական խորհրդի կողմից ընդունված որոշումները, կանոնակարգերը, ներքին կանոնադրությունները, կարգերը: Այդ նպատակով ներկայումս կատարվում են խմբագրական և սրբագրական աշխատանքներ:

— Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ անհրաժեշտ է ընդունելությունն այնպես կազմակերպել, որ ապագա մասնագետների քանակը համապատասխանի աշխատաշուկային: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի լուծումը:

— Այս բնագավառը շատ քիչ է ուսումնասիրված. անհապաղ ուսումնասիրման ու համապատասխան քայլեր ձեռնարկելու կարիք ունի: Շվեյցարիայի՝ Հարավային Կովկասի գծով ծրագրերի համակարգող Ֆիլիպ Էգելը, որի հետ համատեղ մի շարք հաջողված ծրագրեր են իրագործվել, պատրաստակամություն է հայտնել շարունակել դրանք և նոր ծրագրեր ընդգրկել: Ներկայացվածների մեջ առաջինը համապատասխան մասնագետների և կրթական ծրագրերի միջոցով ԱՀ աշխատաշուկայի ուսումնասիրությունն է, ինչը մեզ հնարավորություն կտա տեղեկանալու իրական պատկերին և հետագայում ըստ դրա կազմելու մեր կրթական ծրագրերի ցանկը՝ տվյալ մասնագիտություններով ընդունելություն կազմակերպելու: Սա նուրբ հարց է, բայց ես համոզված եմ, որ հաջողության ենք հասնելու:

Մենք պետք է աստիճանաբար անցնենք մեր առաջարկը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն: Սա վերաբերում է ոչ միայն մասնագիտությունների ցանկի ընտրմանը, այլ նաև համապատասխան մասնագետների և կրթական ծրագրերի գծով անվճար ուսուցման տեղեր հատկացնելուն, ինչը կատարվում է լիազոր մարմնի ներկայացմամբ և կառավարության որոշմամբ:

Դժբախտաբար, այսօր մենք ունենք այնպիսի մասնագիտությունների և կրթական ծրագրերի բաժիններ, որտեղ արդեն մի քանի տարի շարունակ ընդունելություն չի կազմակերպվել` դիմորդների պակասով պայմանավորված: Սակայն, ուրախությամբ պետք է նշել, որ արդեն կարծես վերականգնվել է այդ բացը մաթեմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն մասնագիտությունների գծով, մեծ աճ է գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա առարկաների կրթական ծրագրերի գծով: Միջոցներ պետք է ձեռնարկենք քիմիա, ֆիզիկա, տուրիզմ մասնագիտությունների գծով: Դժբախտաբար, միայն ԱրՊՀ-ից չէ կախված այդ մասնագիտությունների զարգացումը: Այստեղ պետք է լինի պահանջարկ և օրենսդրական դաշտի համապատասխան փոփոխություն:

— ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախկին փոխնախարարի կարծիքով՝ Արցախում դպրոցական կրթության մակարդակը բավարա՞ր է արդյոք լավ ուսանող ու հետագայում լավ մասնագետ դառնալու համար:

— Հաճախ բարձրաձայնում ենք հարցեր՝ առանց տարբերակելու եղած թերությունների և բացթողումների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Միանշանակ պետք է ասել, որ առկա թերությունների մեծ մասը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով: Բոլորին թվում է, որ եթե մենք անցել ենք Բոլոնյան գործընթացի պահանջների իրականացմանը, ներդրել ենք կրեդիտային համակարգ, դպրոցներում՝ 12-ամյա ուսուցում, ապա մի քանի տարի հետո պետք է ստանանք լիարժեք արդյունք: Սա Եվրոպայից բերված համակարգ է, որտեղ այն տասնամյակներ շարունակ ունեցել է իր հիմքը և, բնականաբար, երկարատև ժամանակ է պետք, որպեսզի այս ամենը հիմնավորվի: Սա չի նշանակում, թե բոլոր թերությունները պայմանավորում եմ օբյեկտիվ պատճառներով: Կան նաև սուբյեկտիվ պատճառներ: Շատ մեծ գործ կա կատարելու, որին խանգարում է նաև Արցախի Հանրապետության չճանաչված լինելը: Մեծ խոչընդոտ է նաև շատ քիչ աշակերտներ ընդգրկող տասնյակ դպրոցների առկայությունը: Քաշաթաղի շրջանի դպրոցների մեծ մասում մենք զգալի ներդրումներ ենք կատարում, ունենք դպրոցներ, որտեղ աշակերտների թիվը քիչ է դպրոցի աշխատակիցների թվից: Սրանք ևս օբյեկտիվ պատճառներ են, բայց պետք է հնարավորինս կարողանալ օպտիմալացնել և առավելագույնս բացառել սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված սխալները:

— Դուք Արցախի բարբառի, բանահյուսության վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատությունների ու հոդվածների հեղինակ եք: Ի՞նչ եք կարծում՝ ռեկտորի պաշտոնը կխանգարի՞ Ձեր գիտական հետագա գործունեությանը:

— ԱրՊՀ-ն Արցախի Հանրապետության ամենամեծ գիտական օջախն է, և յուրաքանչյուր դասախոս պարտավոր է զբաղվել գիտական գործունեությամբ: Ինչ վերաբերում է իմ գիտական աշխատանքներին՝ պետք է ասեմ, որ Ձեր նշած գիտական աշխատանքների մեծ մասի հիմքը դրվել է հենց Արցախի պետական համալսարանում, որովհետև Արցախի բանահյուսությունը, ազգագրությունը, բարբառը այն ուղղություններն են, որտեղ գիտական աշխատանք հնարավոր չէ կատարել առանց ուսանողների, առանց ժողովրդի ներկայացուցիչների: Ինչ խոսք, որոշ ժամանակ դեռևս հնարավոր չի լինի լայնամասշտաբ գիտական գործունեություն իրականացնել, բայց դա ոչ թե կխանգարի, այլ, ընդհակառակը, կօգնի, որովհետև առաջիկայում ես նպատակ ունեմ իմ աշխատանքները շարունակել թիմով, որտեղ ընդգրկված կլինեն դասախոսներ, ասպիրանտներ, մագիստրանտներ, ուսանողներ:

Իհարկե, բոլոր միջոցները պետք է ներդնել, որպեսզի ԱրՊՀ-ում գիտությունն աննախադեպ զարգացում ունենա. այդ ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկում ենք: Խոսքը վերաբերում է ԱրՊՀ գիտական տեղեկագրում՝ Արցախից բացի, նաև այլ երկրների ներկայացուցիչների աշխատանքների ընդգրկմանը, Արցախում միջազգային գիտաժողովների կազմակերպմանը:

— ԱրՊՀ-ն մի շարք հուշագրեր է ստորագրել ՀՀ և այլ երկրների համալսարանների հետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք տվյալ հուշագրերից:

— Գտնում եմ, որ համալսարանը չպետք է սահմանափակվի իր պատերի ներսում բարձրագույն կրթություն կազմակերպելով, այլ պետք է նաև հնարավորություններ ստեղծի, որ մեր ուսանողներն այլ ուսումնական հաստատություններում փորձուսուցում անցնեն, մասնակցնեն այլ համալսարանների ուսումնական կյանքին և այնտեղից կրեդիտներ փոխանցեն: Բոլոնյան գործընթացի, կրեդիտային համակարգով ուսուցման հիմքում դրված է նաև կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգը: Ուրախությամբ պետք է նշել, որ ԱրՊՀ-ի երկու ուսանողուհի անցյալ տարի մեկ ուսումնական տարի ուսանել են Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան համալսարանում, որի հետ հուշագիր ունի մեր համալսարանը: Եվս մեկ ուսանող այս տարի ուղարկվել է նույն համալսարանը: Վերջերս մեր մոտ էր Չեխիայի համալսարանից մի ասպիրանտ, ով երկու ամիս աշխատել և գիտահետազոտական աշխատանքներ է կատարել մեզ մոտ: Այդպիսի ծրագրեր շատ կան: Ներկայումս աշխատանքներ են տարվում Սան-Պաոլոյի համալսարանի հետ նման կապեր ստեղծելու ուղղությամբ, աշխարհի առաջնակարգ 15 բուհերից մեկի, որն ունի շուրջ 90.000 ուսանող, իսկ ռեկտորը մեր հայրենակիցն է: ՀՀ համալսարանների հետ համագործակցության մեծ փորձ ունենք:

—  Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ ուղղություններով եք աշխատում:

— ԱրՊՀ գլխավոր շենքը վերակառուցվում է՝ համապատասխանեցնելով միջազգային բոլոր չափանիշներին: Շենքի մեծ մասը քանդվել և հիմքից է կառուցվել, մեծ մասը վերակառուցվելու է, փոխվելու են կառուցվածքը, տանիքը, նախատեսվում է հագեցնել լաբորատորիաներով: Իսկ շենքի բացումը նախատեսվում է 2020 թվականին:

Առաջիկայում մեզ շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ 2019թ. լրանում է Արցախի մայր բուհի 50-ամյակը: Բնականաբար, այդ տոնը նշելու համար պետք են նախապատրաստական մի շարք աշխատանքներ: Նախատեսում ենք կազմել և հրատարակել ԱրՊՀ 50-ամյա տարեգրությունը, գիտական հոդվածների ժողովածու, կազմակերպել միջազգային գիտաժողովներ՝ ուսանողական և դասախոսական: ԱրՊՀ-ի առաջնային խնդիրն այսօր հավատարմագրման գործընթացին դիմելն է: Այն իրականացնում է ՀՀ Որակի ապահովման ազգային կենտրոնը: Համաձայն կառավարության որոշման՝ հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2019թ. դեկտեմբերի 30-ը: Ներկայումս կատարվող աշխատանքների առաջընթացը հաշվի առնելով՝ համոզված եմ, որ մենք կարող ենք սահմանված ժամկետում դիմել հավատարմագրման և կենտրոնի կողմից ստանալ այն:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1