Պետք է ազգովի միաբան լինենք. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Գլխավոր » Լրահոս » Պետք է ազգովի միաբան լինենք. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Պետք է ազգովի միաբան լինենք. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Այս տարի լրանում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակը: Այդ առիթով «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

— 30 տարի առաջ Արցախում տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն՝ վերաբացվեց Արցախի թեմը: Ի՞նչ նշանակություն ունի այդ օրն Արցախի համար:

— Այդ օրը մենք քանդեցինք հոգեւոր կապանքները, հոգեւոր բլոկադան: Վերջապես հնչեց Գանձասարի զանգը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ զուգահեռ: Եվ եթե հոգեւոր բլոկադան քանդվում է, ֆիզիկականը մեխանիկորեն է քանդվում, ինչն էլ 2 տարի 7 ամիս հետո տեղի ունեցավ՝ միջանցքի ազատագրումով միացանք Մայր Հայաստանին:

— Արցախն ամուր հավատքի տաճար է, վկայությունը՝ կառուցված բազմաթիվ վանքերն են, մատուռները, եկեղեցիները, խաչքարերը: Սակայն եկեղեցին ի՞նչ վերաբերմունք ունի Ստեփանակերտի չորս բլուրներին եւ մի շարք բնակավայրերում խաչերի տեղադրման երեւույթի վերաբերյալ, որը վերջին շրջանում կարծես թե ավանդույթ է դառնում:

 — Շատ լավ վերաբերմունք ունի, եւ մենք էլ օրհնում ենք այդ խաչերը: Դրանք մեր հավատքի խորհրդանիշներն են, որոնք խորհրդանշում են Քրիստոսին:

— Ինչպե՞ս եք գնահատում հասարակության հոգեւոր արժեքների ընկալման մակարդակը, եւ ի՞նչ անելիք ունի եկեղեցին այս ուղղությամբ:

— Եկեղեցու անելիքը 2000 տարի է՝ նույն է՝ Աստծո ավետարանը տարածելը: Ազգային արժեքները, ես կարծում եմ, որ պետք է շատ ամուր պահենք: Եվ երկրորդը, բարեբախտաբար Արցախում դեռ հայ իրականության մեջ քիչ թե շատ պահպանված է ավանդական նիստ ու կացը, ու դա շատ ուրախալի է: Ավանդական հարաբերությունները, մոտեցումները դեռ պահպանված են:

— Արցախի բոլոր զորամասերում եւս եկեղեցին իր ներկայությունն ունի: Ի՞նչ առաքելություն ունեն զորամասերի հոգեւորականները:

— Առաջին հերթին՝ զորամասերի հոգեւորականները հավատք են քարոզում, ավետարան են տարածում, փորձում են գիտելիքներ փոխանցել մեր սպաներին ու զինվորներին: Երկրորդ հերթին էլ՝ հսկում են բարոյական մակարդակը, եւ դա շատ կարեւոր դերակատարություն է: Հավատն են խորացնում, ոգին են բարձրացնում. դա շատ կարեւոր առաքելություն է:

— 30 տարիների ընթացքում եկեղեցին խոհեմության խորհրդով էր պետության եւ հասարակության կողքին: Սակայն, որքանո՞վ են օրենսդրորեն կարգավորված եկեղեցի-պետություն հարաբերությունները, եւ այդ ուղղությամբ անհրաժե՞շտ են արդյոք կարգավորումներ:

— Սահմանադրության մեջ արձանագրված է մի կետ եւ կան որոշ օրենքների կետեր: Եվ եթե անգամ եկեղեցին պաշտոնապես, դե-յուրե անջատված է պետությունից, ապա դե-ֆակտո այն մեր ազգային եկեղեցի է, մեր ժողովրդի եկեղեցին է:

— Կառավարության վերջին նիստին որոշվել է՝ Արցախի թեմին ազատել հուշարձանի կարգավիճակ չունեցող այն շինությունների գույքահարկերից եւ հողի հարկերից, որոնք օգտագործվում են եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման նպատակով: Ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության այդ որոշմանը:

— Դա բնական է: Մոմի կամ մկրտության համար խաչերի վաճառքի համար չպետք է հարկվենք:

— Ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆում անցկացված  «Հեռուստամարաթոն-2016» —ի ընթացքում  հայտարարել եք, որ Արցախի բնակչությանն անհրաժեշտ են ռմբապաստարաններ: Որքանո՞վ լսելի եղավ ձեր կոչը, եւ եկեղեցին ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանությունն ապահովելու համար:

— Ապրիլյան պատերազմից հետո Արցախի թեմի խողովակով, անձանց միջոցով մենք տարբեր թեմերից գումարներ բերեցինք, եւ ասեմ, որ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1 միլիոն դոլար է տրամադրել այդ նպատակի համար: Եվ մենք էլ մի քանի հարյուր հազար դոլար փոխանցեցինք մեր խողովակով:

— Արցախցիները մշտապես դժվարությունները դիմագրավել են հավատքով, եւ հարցազրույցներից մեկում խոսելով Արցախյան շարժման հաղթանակի մասին՝ նշել էիք, որ «Աստված մեր կողմն էր»: Կարծում եք՝ այսօր Աստված մե՞ր կողմում է:

— Աստված միշտ մեր կողքին է, եթե մենք Աստծո հետ լինենք, եթե համապատասխան բարոյական գործեր անենք:

— Եկեղեցին ինչ դեր ունի հասարակության մեջ բեւեռացումները չեզոքացնելու եւ միասնականությունը պահպանելու գործում:

Եկեղեցին՝ բացի հավատքի, Ավետարանի քարոզից, քարոզում է նաեւ ազգային միաբանություն, սեր  եւ համերաշխություն: Սա մեր մեկ ընտանիքն է, որի մեջ պետք է լինի ներդաշնակ խաղաղություն: Եվ եթե ազգը միաբան է, կատարյալ Աստծո օրհնություն է լինում այդտեղ: Դրա համար մեր գաղտնիքը մեկն է՝ պետք է ազգովի միաբան լինենք եւ մաքուր աշխատենք, մաքուր ծառայենք:

Լուսինե Թեւոսյան

1