ՊԲ. «Զորավարժության ընթացքում հաշվի են առնվում Արցախյան պատերազմի և ապրիլյան քառօրյայի առավել ուսանելի դասերը»
Պաշտպանության բանակի զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հատկանշական է, որ ուսումնավարժական միջոցառումների ընթացքում, ինչպես տարբեր աստիճանի հրամանատարական օղակների և շտաբերի կողմից որոշումների ընդունման, այնպես էլ զորքերի մակարդակով դրանց իրականացման ժամանակ բավականին նպատակասլաց կերպով հաշվի են առնվում դասական ռազմարվեսի պահանջները, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյայում արձանագրված առավել ուսանելի դասերը:
Անչափ խրախուսելի է, որ ՊԲ որոշ զորատեսակներ, մասնավորապես՝ հակաօդայինները, ռազմավարական զորավարժությունների ընթացքում իրենց պատրաստակամության բարձր աստիճանը, տեսականին զուգահեռ, ցուցադրում են նաև գործնականում: Դրա ապացույցն է, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 10.15-ի սահմանում, Արցախի օդային սահմանը խախտած հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցումը Ակնայի պաշտպաական հատվածում»,- ասվում է տարածված հաղորագրությունում: