Պատիւն ու խիղճը
Գլխավոր » Լրահոս » Պատիւն ու խիղճը

Պատիւն ու խիղճը

Անգլիական պարլամենտում Հայաստանի մասին արւած հարցապնդումին Լլօյդ Ջօրջը պատասխանել է մի ընդարձակ ճառով, որի հիմնական մտքերը հետեւեալներն են: Նախ՝ Հայաստանն իր անկախութիւնը պաշտպանելու եւ թիւրքական ջարդերից իրեն ապահովելու համար պիտի միմիայն իր սեփական ուժերին ապաւինի, երկրորդ` Անգլիան չի կարող միջոցներ ձեռք առնել նախկին Թիւրքիայի զանազան մասերում (ինչպէս օրինակ՝ Կիլիկիայում) կատարւող հայկական ջարդերի դէմ, որովհետեւ Անգլիան չի կարող ստանձնել աշխարհի ոստիկանութեան դերը:

Որքան է արդարացի իր յայտարարթիւնների մէջ Լլօյդ Ջօրջը:

«Գալով Երեւանի Հանրապետութեան, ասել է Լլօյդ Ջօրջը, նրա անկախութեան պաշտպանութիւնը միանգամայն կախւած է հայերից: Հայերը պէտք է սովորեն իրենք իրենց վստահել: Եթէ ուզում են, որ մենք օգնենք նրանց իրենց բանակը հագցնելու եւ ըսպառազինելու մէջ,  ուրախութեամբ կաջակցենք: Եթե ուզում են, որ սպաներ տանք իրենց բանակը մարզելու համար, կատարելապէս վստահ եմ, որ Եւրօպայի մէջ չկայ մի տէրութիւն, որ այդ տեսակէտով նրանց օգնել չուզենար: Այդ լաւագոյն բանն է իրենց համար, դա պիտի բազմապատկէ իրենց ինքնավստահութիւնը, պիտի դարձնէ նրանց աւելի առնական եւ աւելի կենսունակ: Փոխանակ միշտ իրենց աչքերը դարձնելու ուրիշ երկիրները եւ պաղատանքներ ու կոչեր ուղարկելու, թող իրենք իրենց պաշտպանեն»:

Առաջին անգամը չէ, որ հայ ժողովրդի երեսին նետւում է այն մեղադրանքը, որ նա իր անկախութիւնը ստացել է ուրիշներից եւ նրա պաշտպանությունն էլ ակնկալում է ուրիշներից: Եւ առաջին անգամը չէ, որ մենք պիտի կրկնենք, որ հայ ժողովուրդն իր  անկախութիւնը ձեռք է բերել իր անթիւ լաւագոյն զաւակների  արեան գնով  եւ պաշտպանել ու պաշտպանում է այդ անկախութիւնը իր  ճիգերի գերագոյն լարումով:

1917 թւի յունուար ամսից սկսած՝ երբ ռուսական զօրքերը հեռացան Կովկասից, մինչեւ 1918 թւի դեկտեմբեր ամիսը, երբ զինադադարից յետոյ դաշնակիցները երեւացին Անդրկովկասում, հայ ժողովուրդը մեն մենակ է ճակատել թշնամու դէմ, առանց  մի օգնութեան ոչ իր մոտիկ հարեւանների եւ ոչ էլ հեռաւոր դաշնակիցների կողմից: Չենք կարծում, որ հայ ժողովրդին հասցրած օգնութիւն համարւի 1918 թւի օգոստոսին Բագու ժամանած անգլիական փոքրաթիւ զօրամասը, որի  հրամանատարը Դանստերվիլը յետագայում պաշտօնանկ եղաւ Բագուի  ճակատը լքելու համար: Եւ այն օրերում, երբ հայ ժողովուրդը չորս կողմից օղակւած էր թշնամիներով եւ այսօր էլ, ոչ մի դաշնակից զինւորի հրացան չի պայթել Հայաստանի սահմանների պաշտպանութեան համար, մինչդեռ հայ կամաւորների արիւնը առատօրէն հոսեց դաշնակից դրօշակների տակ եւ Պաղեստինում, եւ Դարդանելում, եւ ֆրանսիական ճակատում:

Հայ ժողովուրդը վտանգի ժամին ստիպւած է եղել ապաւինել միայն իր իրոք առնական բանակին, որը եւրօպական մարզիչ սպաների կարիք չունի, որովհետեւ հայկական բանակի սպաներն ու հրամանատարները ցոյց են տւել, որ ոչ միայն  գիտեն մարզել այդ բանակը, այլեւ վարել նրան պատերազմի դաշտում:

Իսկ այն  աջակցութիւնը մեր բանակի «սպառազինման եւ հանդերձանքին», որ  «ուրախութեամբ» խոստանում էր Անգլիայի նախարարապետը, մենք մինչեւ այժմ չտեսանք: Ընդհակառակը, մեր երկրի ամենամեծ ամրությունը՝ Կարսը մեզ յանձնելուց առաջ եւ յանձնելուց էլ յետոյ, անգլիական հրամանատարութիւնը ամենայն հոգատարութեամբ դէպի հայ  ժողովրդի ինքնապաշտպանութեան գործը  դուրս հանեց  Կարսից  այն թնդանօթները եւ ռազմամթերքը, որի պակասի մասին խօսում է Լլօյդ Ջօրջը: Իսկ դրա փոխարէն մենք գիտենք, թէ ամեն անգամ, ինչ դժւարութիւններ է յարուցւում Բաթումում անգլիական հրամանատարութեան կողմից, երբ դաշնակից այս կամ այն երկրից Հայաստան է մուծւում այս կամ այն մթերքը: Պահանջ է դրւում, որ անշուշտ արդարութեան եւ հաւասարութեան սկզբունքը պահպանելու համար Հայաստան ուղարկւող կարեւոր մթերքները կիսւեն Հայաստանի եւ Ադրբէջանի միջեւ: Եւ հեշտութեամբ անտեսւում է նոյն «Հաւասարութեան եւ արդարութեան» սկզբունքը, երբ դաշնակիցների քթի տակ Ադրբէջանը ձեռք է բերում եւ՛ հարիւրաւոր թնդանօթներ, եւ՛ տասնեակ հազարաւոր հրացաններ, եւ՛ հարիւրաւոր միլիօններով փամփուշտ, եւ սաւառնակներ եւ նոյնիսկ տանկեր: Այս բոլորից յետոյ հայ ժողովուրդը իրօք պիտի շատ աւելի մեծ առնականութիւն ունենայ, քան ենթադրում է Լլօյդ Ջօրջը, որպէսզի կարողանայ պայքարել իր ազատութեան եւ անկախութեան համար: Բայց նա պայքարում է եւ դեռ կը պայքարի:

Արդարութիւնը չեն մուրում, արդարութիւնը պահանջում են: Եւ հայ ժողովուրդը իրաւունք ունի իր բաժին արդարութիւնը պահանջելու: Հայ ժողովուրդը չի խնդրում, որ օտարները գան պաշտպանելու նրա անկախութիւնը: Բայց հայ ժողովուրդը իրաւունք ունի սպասելու, որ դաշնակից պետութիւնների թշնամիներից մէկի վերաբերմամբ կիրառւի հատուցման այն չափը, որը կիրառվել է միւսների վերաբերմամբ: Մեր խօսքը Թիւրքիայի մասին է:

Ճիշտ է, Բելգիան, Սերբիան եւ Ռումանիան իբրեւ դաշնակիցներ՝ յաղթող դուրս եկան այս պատերազմից: Բայց իբրեւ կռուող կողմեր՝ առանձին առանձին վերցրած, նրանք պարտուած էին եւ զրկւած նոյնիսկ իրենց տերիտօրիաներից:  Եւ եթէ չլինէր գլխաւոր յաղթող դաշնակիցների կողմից դրւած վճռական պահանջը եւ ցոյց տւած բռունցքը, գերմանացիները չէին պարպի այդ երկիրները: Եւ ոչ յաղթող Բելգիան, ոչ Ռումանիան, ոչ Սերբիան իրենց սեփական ուժերով չէին կարող դուրս քշել գերմանացիներին իրենց երկրներից: Նոյնը պահանջում է հայ ժողովուրդը, որ նրան պատկանող հայրենիքը պարպւի թիւրքերից եւ յանձնւի իրեն:

Հաշտութեան պայմանագիրը Բելգիայի վերաբերմամբ նախատեսել էր ոչ միայն բելգիական աւերւած քաղաքները վերականգնել Գերմանիայի հաշւով, այլ նաեւ վերադարձնել Բելգիային այն ամենը, ինչ գերմանացիք տարել էին, սկսած Լուվէնի գրադարանի գրքերից, վերջացրած բելգիական գիւղացիների հաւերով: Եւ մի երկու շաբաթ առաջ ռադիօն հաղորդեց, որ Բելգիան իր հաւերը ստացաւ:

Գալով հայկական նոր ջարդերի հնարաւորութեանը, ի պատասխան իռլանդացի պատգամաւոր Օքօնօրի առարկութեանը, որ «ջարդերը արգելելը մեր (Անգլիայի) մեծագոյն պարտականութիւնն է», Լլօյդ Ջօրջը պատասխանել է, որ Անգլիան իրօք որոշ չափով պատասխանատւութիւն ունի, սակայն «իրապէս չի կարող աշխարհի ոստիկանութիւնն ստանձնել», մանաւանդ, որ հայերի ապահովութեան հոգսը «բաւական մեծ գումար» է նստել Անգլիայի գանձարանին:

Այս յայտարարութիւնը նորութիւն չէ հայ ժողովրդի համար: Մենք գիտենք, որ մի ուրիշ նախարարապետ մի ուրիշ առթիւ կշեռքի մի թաթի վրա էր դրել մի պրուսական զինւորի ոսկորներ, իսկ մյուս թաթի վրա ամբողջ հայ ժողովուրդը, մենք գիտենք, որ վերջին ջարդերի ժամանակ Կիլիկիայում ֆրանսական հրամանատարութիւնը սպառնացել էր ամեն մի սպանված ֆրանսական զինւորի համար գնդակահարել երկու թիւրք, մոռանալով յիշատակել այդ հրամանի մէջ, որ հայ կանանց ու երեխաներին սպանելը նոյնպէս արգելւում է, եւ վերջապէս այժմ մեզ գալիս են ասելու, որ աշխարհի բարքը չափող կշեռքի մի թաթի վրա դրւած է տասնեակ հազարաւոր հայ զոհերի արիւնը, իսկ միւս թաթի վրա մի հատիկ անգլիական ոսկի: Եւ ոսկին անշուշստ աւելի ծանր է կշռում:

Եւ չարաչար սխալւում է հարցապնդման հեղինակներից մեկը՝ Ասկւիտը ասելով, որ «1915թ եւ վերջին ջարդերի կրկնութիւնը արգելելը պահանջում է Եւրօպայի քրիստոնեայ կառավարութիւնների պատիւն ու խիղճը»:

Մեծ պետութիւնների համաշխարհային քաղաքականութիւն վարող նախարարապետները յիշում էին Եւրօպայի «պատւի եւ խղճի» մասին այն ժամանակ, երբ թողնում էին նախարարի պօրտֆելը եւ դառնում սոսկ ընդիմադիր պատգամավոր:

Ահա թէ ինչու փոքր մորթոտւող ազգերը չեն հաւատում այլեւս այդ պատւին ու խղճին:

«Յառաջ»-ի խմբագրական, 25 ապրիլ 1920թ.

1