Պատերազմը կանխելու միակ ձևը պատրաստ լինելն է թշնամու կողմից ցանկացած հավանական քայլի
Պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձում է քաղաքական-դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու և նոր պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը տարբեր առիթներով, այդ թվում նաև միջազգային հարթակներում բարձրաձայնել են խնդրի մասին՝ ըստ էության միջազգային գործընկերներին ահազանգելով ղարաբաղյան ճակատում ստեղծված պայթունավտանգ իրավիճակի մասին և կոչ անելով ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ կանխելու լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը: Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է արել մասնավորապես «Ֆրանս պրես» գործակալությանը տված հարցազրույցում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը իր հերթին Մոսկվայում հայտարարել է, թե Հայաստանի հետ բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ կասեցված են:
Ինչպե՞ս կզարգանա իրադրությունը ղարաբաղյան հարցի շուրջ, հայկական կողմին կհաջողվի՞ քաղաքական միջոցներով նվազեցնել ռազմական լարվածությունը արցախյան ճակատում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
— Պարոն Մանոյան, կհաջողվի՞ արդյոք կանխել նոր պատերազմը, այս հայտարարություններն ի՞նչ նպատակով են արվում:
— Հայտարարությունների նպատակն այն է, ինչ ասում են, այսինքն՝ դիմել միջազգային ուժերին, բայց թե ինչի կհանգեցնի իրավիճակը, դժվար է կանխատեսել: Կարծում եմ՝ եթե Ադրբեջանը ոչ թե 100, այլ թեկուզ 55 տոկոսով վստահ լիներ, որ կհաղթի պատերազմը, ապա կսկսեր այն: Այդ ինքնավստահությունը չունի, դրա համար էլ չի սկսում: Իսկ այն, որ բանակցային գործընթացը սառեցված է, իրականում այդպես էր նույնիսկ նախորդ տարվա ապրիլից առաջ: Ադրբեջանը շարունակում է հետևել իր ոչ կառուցողական մոտեցմանը բանակցությունների ընթացքում: Կարծում ենք, որ անհրաժեշտ է, որ ճնշում բանեցնենք Ադրբեջանի վրա հետևյալ քայլերով.
ստորագրել Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիրը: Դա ինչ-որ տեղ կնշանակի, որ Հայաստանը մի քայլ էլ ավելի բարձրացրել է Արցախի ճանաչման մակարդակը։
Այդ քայլով նաև դիմել այլ պետությունների, որպեսզի նրանք ևս առնվազն Հայաստանի չափ ճանաչեն Արցախի հանրապետությունը: Անպայման չէ, որ դրանք լինեն խոշոր պետությունները, որոնք շահեր ունեն մեր տարածաշրջանում:
Ճանաչումը տարբեր մակարդակներ ունի և տարբեր ձևերով է դրսևորվում, հետևաբար ճիշտ չենք համարում ասել, թե Հայաստանը չի ճանաչում կամ Հայաստանի կողմից ճանաչումը նշանակում է պատերազմ: Հայաստանը որոշ քայլեր արել է ճանաչման ուղղությամբ, որի նման եթե այլ պետություններ էլ անեն, դա արդեն ճնշում կլինի Ադրբեջանի վրա՝ ստիպելով ավելի լրջանալ: Օրինակ, Հայաստանում կա Արցախի հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն, որը որպես դիվանագիտական կարգավիճակ նույնն է, ինչ դեսպանությունները: Եվ ուրեմն, եթե այլ պետություններ ևս նման քայլեր սկսեն ձեռնարկել նաև Հայաստանի դիմումով, դա ավելի մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա, որպեսզի լրջանա բանակցային գործընթացում: Իսկ եթե չլրջանա, ինքը գիտի: Եթե այդ գործընթացը շարունակվի, կարող է լինել այնպես, որ մի շարք պետություններ ճանաչեն Արցախը, և այդ ձևով հարցը համարենք իրավականորեն լուծված:
— ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում ասել էր, որ մինչև տարեվերջ մեկ պետություն կարող է ճանաչել Արցախի անկախությունը: Կարծում եք՝ իրական հիմքեր կա՞ն դրա համար:
— Չգիտեմ՝ նախարարը ո՞ր երկիրը նկատի ուներ, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը ցույց տա՝ ինքն էլ է քայլ կատարում դեպի ճանաչում: ՀՀ նախագահը արդեն հայտարարել է այդ մասին և հանձնարարել արտգործնախարարությանը պատրաստել Արցախի հետ պայմանագիրը ապրիլյան իրադարձություններից հետո: Ըստ երևույթին, այն պատրաստ է, բայց սպասվում է ինչ-որ հարմար պահի: Կարծում ենք, որ հարմար պահը արդեն կար անցյալ ապրիլին: Եվ եթե Ադրբեջանը, մեղմ ասած, ապակառուցողական վարքագիծ է ցույց տալիս, համաձայնություն չի տալիս հիմնախնդրի կարգավորման հետ համեմատած՝ շատ պարզ քայլերի իրագործմանը, ինչպիսին է, օրինակ, շփման գծում վերահսկողական մեխանիզմների ներդրումը, ապա ի՞նչ կարիք կա սպասելու այլ առիթի: Պետք է անպայման քայլեր ձեռնարկել, որ Ադրբեջանը զգա ճնշում իր վրա, իսկ նշված քայլը ամենաճիշտն է:
— Ի՞նչն է այսօր խանգարում, որ ՀՀ-ն Արցախի ճանաչման գործընթաց սկսի:
— Մեր տեսանկյունից՝ խանգարող հանգամանք չկա: Այդ հարցը պետք է ուղղեք արտգործնախարությանը կամ նախագահականին:
— Այսինքն՝ սրա՞նք են պատերազմը կանխելու գործիքները:
— Պատերազմը հնարավոր չէ կանխել միայն քաղաքական գործիքներով: Պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ուրիշ ձև չկա: Իմ ասածն այն է, որ հարկավոր է սայլը տեղից շարժել բանակցային գործընթացում, Ադրբեջանի վրա ճնշում պետք է լինի: Պատերազմը կանխելու միակ ձևը պատրաստ լինելն է թշնամու կողմից ցանկացած հավանական քայլի: Քաղաքական միջոցները կարող են նպաստել, որ միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը հայտարարություններ անեն, որ «Ադրբեջան, խելոք մնա»: Դա, բնականաբար, կունենա իր ազդեցությունը, բայց եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ հաղթելու է պատերազմը, կսկսեր պատերազմը՝ անկախ նրանից, թե քանի պետություն է հայտարարություն արել:
— Այդ դեպքում ինչո՞ւ է ադրբեջանական կողմը վերջին մի քանի ամիսներին հետևողականորեն սրում իրադրությունը:
— Ադրբեջանը մշտապես սրում է իրադրությունը որևէ հավանական հանդիպումից առաջ, լինեն Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումները, նրանց այցելությունները տարածաշրջան կամ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Ամեն անգամ, երբ միջնորդները փորձում են ինչ-որ բան անել, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե «ես դժգոհ եմ»: Մյուսն էլ՝ ներքին սպառման համար ցույց տալու, թե «տեսեք, ինչ-որ բան անում ենք»: Բայց վերջին անգամ, կարծում եմ, բավական ուժեղ ապտակ ստացան, և դա հակառակ արդյունքն ունեցավ:
— Եվս մի հարց՝ ավելի շատ կապված ներքաղաքական իրադարձությունների հետ: ԱԺ նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերից մեկը (գիտեք, թե ում մասին է խոսքը) սկսել է բացահայտորեն հող հանձնելու քարոզչություն անել՝ ասելով, թե ղարաբաղյան հարցում պիտի գնանք խաղաղության, փոխզիջումների և այլն, և այլն: Ճի՞շտ եք համարում այս մոտեցումը ներկա իրավիճակում:
— Խոսքը, բնականաբար, ՀԱԿ-ի մասին է: Երկու կարևոր խնդիր կա՝ կապված իրենց մոտեցման հետ: Նախ, իրենց այն մոտեցումը, որ մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի, երկրի ներսում հարցերը չեն կարգավորվի, շատ սխալ մոտեցում է: Նրանք տարբեր անուններով կուսակցություններ ունեցած ժամանակ հետևել են այդ մոտեցմանը, այդ պատճառով էլ Ղարաբաղի խնդիրը բեռ են համարել Հայաստանի զարգացման համար: Մենք դեմ ենք այդ մոտեցմանը: Ղարաբաղի հարցը կարգավորվի՝ Հայաստանում կոռուպցիան չի վերանա, օլիգարխիկ համակարգը չի վերանա: Ընդհակառակը, եթե այդ հարցերը լուծենք Հայաստանի ներսում, կհեշտացնենք Արցախի հարցի կարգավորումը, որովհետև կլինենք շատ ավելի ուժեղ պետություն: Սա մոտեցման սկզբունքային տարբերություններից մեկն է:
Երկրորդը, իրենք այնպես են խոսում, որ կարծեք՝ Ադրբեջանի նախագահը գիշերը չի քնել, սպասում է՝ առավոտը բացվի և հայկական կողմն ասի՝ արի ստորագրենք հաշտության պայմանագիրը: Այդպես չէ: Մենք մեր գործընկեր նախագահից դժգոհ ենք, որ շատ է այս հարցի մասին խոսում, իսկ իրենք ասում են՝ այո, շատ է խոսում, բայց անկեղծ չի: Խելքին մոտ բաներ չեն ասում՝ անկախ նրանից, թե ինչպես են պատկերացնում հարցի լուծումը:
Կարծում եմ՝ իրենց ճիգն այն է, թե հասարակության մեջ կլինի բնակչության մի քանի տոկոս, որը ցանկանում է խաղաղություն ամեն գնով: Կարծում եմ՝ բոլորն են խաղաղություն ուզում, բայց ոչ ի գին ամեն ինչի: Եվ իրենք փորձում են այդ շերտի վրա կենտրոնանալ:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
1in.am