Շուշի. Ազատագրումից 26 տարի անց   
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շուշի. Ազատագրումից 26 տարի անց   

Շուշի. Ազատագրումից 26 տարի անց   

1992թ. մայիսի 8-ին ազատագրվել է հայոց բերդաքաղաք Շուշին: Երբեմնի աշխարհահռչակ մշակութային կենտրոնն այս 26 տարիների ընթացքում  հայացել, շենացել ու օրեցօր վերականգնում է մշակութային կենտրոնի համբավը: Շուշիում է տեղակայված ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարութունը: Միգուցե հենց այդ պատճառով է Շուշին օրեցօր վերստանում նախկին մշակութային ոգին:

 Ստորև ներկայացնում ենք Շուշիի կրթամշակութային հաստատությունների և կենտրոնների մասին տեղեկություններ:

Շուշիի տեխնոլոգիական համալսարան

2015 թվականին հիմնադրված՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն այսօր ունի 1380 ուսանող: Համալսարանն իրականացնում է բարձրագույն, հետբուհական եւ միջին մասնագիտական կրթություն՝ Ճարտարապետաշինարարական, գյուղատնտեսական եւ տեխնոլոգիական ֆակուլտետներում:

Հիմնադրման պահից Շուշիի տեխնոլոգիական համալսարանը խնդիր էր դրել՝ տեսական գիտելիքներին զուգահեռ իր գործունեությամբ անցնել սերմից մինչև վերջնական արտադրանքի բանաձևի փորձնական իրականացմանը: Այս ուղղությամբ առաջին փորձերն արդեն կան, որի արդյունքն է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնական տեխնոլոգիաների լաբորատորիան եւ սննդի տեխնոլոգիաների բաժինը, որտեղ իրականացվում են նոր տեխնոլոգիաների փորձարկումներ, պահածոների արտադրություն, շշալցում, պիտակավորում:

Համալսարանի սննդի տեխնոլոգիաների մասնագիտության ուսանողների պատրաստած օրգանիկ ծագում ունեցող տարբեր քսուքներ եւ դեղամիջոցներ, ինչպես նաև պահածոներ, հյութեր, կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ներկայացվում են գյուղատնտեսական տարբեր տոնավաճառներում:

«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան

Երեք տարի առաջ Շուշիում հիմնադրված «ԵՄԱՈՒ» հիմնադրամի հիմնական առաքելությունն է՝ ապահովել երիտասարդների համար ժամանակակից ամենաարդյունավետ ուսումնական մեթոդներով լիարժեք մասնագիտական կրթություն: Ուսումնարանում սովորելու առաջին իսկ տարվանից աշակերտներն ապահովում են աշխատանքով:

Ընդունելությունը կազմակերպվում է անվճար հիմունքներով` իննամյա կրթության հիմքի վրա: Մասնագիտությունների ընտրանին բազմազան է՝ փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում եւ տեխնոլոգիա, մեքենաների եւ մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում, մետաղների մեխանիկական մշակում հաստոցների եւ գծերի վրա, շինարարամոնտաժային եւ վերանորոգման աշխատանքների իրականացում եւ հարդարման շինարարական աշխատանքների իրականացում:

Կրթօջախում սովորելու տեւողությունը երեք տարի է. այն բաժանվում է երկու եւ մեկ տարիների:

Այդ կերպ համալսարանի տնօրինությունը փորձում է ստեղծել ճկուն համակարգ: Երկակի համակարգով է ուսուցումը, աշկերտային համակարգ է, այսինքն` մեկ շաբաթում ուսումնարանում սովորում են ե՛ւ հանրակրթական, ե՛ւ մասնագիտական առարկաներ, երկու շաբաթ էլ շինարարական ընկերություններում են աշխատում:

Նրանք վարձատրվում են նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով` աշկերտային ուսուցման պայմանագրի հիման վրա:

«Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ

Ինստիտուտը բացվել է 1996թ., Ստեփանակերտում. Շուշի է տեղափոխվել 2012թ.: Համալսարանում գործում է երկու բաժին՝ հագուստի մոդելավորման նկարիչ- դիզայներներ և միջավայրի ինտերիեր և էքստերիեր: Նախկինում կար նաև կերամիկայի բաժին: Ինստիտուտն այսօր ունի 52 ուսանող, ընդունվում են բնական տաղանդով, նկարչական գիտելիքներով օժտվածները: Ինստիտուտը ակադեմիական կրթությամբ է, հավատարմագրվել է 2001թ: Սովորողների համար հնարավորություն է ստեղծվում ՀՀ-ում և այլ երկրներում ուսումը շարունակել: Ինստիտուտի ռեկտոր Յուրի Հովհաննիսյանի հավաստմամբ՝ համարյա բոլոր շրջանավարտներն ապահովված են աշխատանքով:

«Վարանդա» երգչախումբ

Շուշիի «Վարանդա» երգչախումբը եւ Շուշիի ազատագրումը տարեկիցներ են: Երգչախումբը հիմնադրվել է 1992թ. Զաքար Քեշիշյանի կողմից, Արամ Մանուկյանի անվան վարժարանում: Հաջորդող տարիներին երգչախումբը պետականացվել է, եւ այժմ իր ստեղծագործական կյանքը շարունակում է երեք՝ մանկական, պատանեկան եւ երիտասարդական կազմերով:

Երգչախումբը ավելի քան 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաև՝ Հայաստանում եւ Լիբանանում, համատեղ համերգներ է ունեցել իր քույր՝ Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» երգչախմբի հետ: Հիմնադրության օրվանից երգչախմբում երգել են ավելի քան 400 պատանիներ և աղջիկներ:

Հայրենի ականավոր բանաստեղծներ եւ երգահաններ շուրջ 150 նոր երգերով հարստացրել են երգչախմբի երգացանկը: Խմբի մասին պատրաստվել է վավերագրական 2 ֆիլմ, իսկ 2004թ. ձայնագրվել է «Բերդաքաղաք» խտասալիկը: 2012թ. երգչախմբի 20-ամյակի առթիվ պատրաստվել է երգչախմբի ստեղծագործական տարեգրության մասին պատմող «Երգող ամառներ» վավերագրական ֆիլմը:

Քանդակի միջազգային պուրակ

Շուշիի բաց երկնքի տակ թանգարանում «արարում են» Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումին աշխարհի 7 երկրներից մասնակցած արվեստագետների ստեղծագործությունները:

37 քանդակագործներ Իտալիայից, Բելգիայից, Բելոռուսից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Չինաստանից, Լեհաստանից, Սերբիայից,ԱՄՆ-ից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հայաստանից եւ Արցախից Շուշի քաղաքին եւ Արցախի ժողովրդին նվիրեցին 62 աշխատանք:

Քանդակի պուրակում հավաքված քարե հորինվածքները վկայում են, որ արվեստը չունի սահմաններ, որ աշխարհի ժողովուրդները կարող են միավորվել ոչ թե պատերազմելու, այլ`արարելու:

Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց

Շուշիի ազատագրումից անմիջապես հետո Արցախ ժամանելով եւ պատերազմից քարուքանդ եղած Շուշին տեսնելով, ամերիկահայ երգիչ եւ գեղանկարիչ Կարեն Ղարիբյանը որոշեց երեխաների համար բացել երաժշտական մասնագիտացված հանրակրթական դպրոց: Վերադառնալով Ամերիկա եւ իր մտահղացման մասին տեղեկացնելով իր ծանոթներին ու բարեկամներին, նա գտավ մի քանի համախոհներ, որոնք սկզբում 5, ապա 15 հոգով հիմնեցին բարեգործական ընկերակցություն, եւ ձեռնամուխ եղան դպրոցի հիմնադրման ու դրամահավաքի աշխատանքներին:

Մի քանի տարի անց՝ 1997 թվականին դպրոցն առաջին անգամ իր դռները բացեց շուշեցի 30 առաջին դասարանցիների առջեւ, որոնց թիվն այսօր անցնում է 200-ից: Ուսմանը զուգընթաց՝ տարեցտարի ավելացավ նաեւ ապահովված դասարանների թիվը: Դպրոցի յուրաքանչյուր աշակերտ ապահովված է անվճար երաժշտական գործիքով:

Ընկերակցությունը ձեռնամուխ եղավ դպրոցի դասարաններից բացի համերգային երկու դահլիճների, համակարգչային կաբինետի, սպորտդահլիճի եւ մարզական համալիրի կառուցմանը:

Այսօր դպրոցն ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, քանոնի, սրնգի, կլարնետի, շվիի, դհոլի, շեփորի, քամանչայի, ժողգործիքների, Արցախում եզակի զանգակների, օպերայի, մանկական փողային նվագախմբի դասարաններ:

Կարճ կենսագրության կողքին կրթօջախն ունի ձեռքբերումների մի ամբողջ շարք: Իր գոյության 20 տարիների ընթացքում դպրոցի սաները, մասնակցելով երաժշտական մրցույթ-փառատոներին, միշտ գրավել են առաջնային տեղեր, իսկ հանրակրթական բաժնի սաները, մասնակցելով շրջանային եւ հանրապետական առարկայական օլիմպիադաներին, միշտ ամենաբարձր միավորներն են հավաքում:

«Նարեկացի» արվեստի միություն       

Միությունը բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է բարերար Նարեկ Հարությունյանի կողմից և Շուշիում իր գործունեությունն է ծավալում 2006 թվականից: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին: Միությունում գործում են զանազան խմբակներ՝ երաժշտություն, հոգեւոր, գեղանկարչություն, լուսանկարչություն, թատրոն, հեքիաթասացություն, կարպետագործություն, կավագործություն, ազգագրական պարեր:
Ըստ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Հայկ Պապյանի՝ միությունն ունի 60-70 մշտապես հաճախող երեխա: Առաջ շատ-շատ էին հաճախողները, որովհետև այն ժամանակ Շուշիում գործող միակ մշակութային կենտրոնն էր, այժմ տարբեր դպրոցներ, կենտրոններ են բացվել: Միությունը շարունակում է իր գործունեությունը՝ շեշտը դնելով ազգայինի վրա:

Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն

Շուշիի ազատագրումից անմիջապես հետո «Արամ Մանուկյան» վարժարանում բացվել է տիկնիկային թատրոն, որը 1994թ. անվանվել է Երվանդ Մանարյանի անունով: Այնուհետև բացվել են Շուշիի դրամատիկական և «Սոս Սարգսյան» մանկապատանեկան թատրոնները: Նշված թատրոններն ու այլ մշակութային հաստատությունները սկզբնական շրջանում գործում էին հասարակական հիմունքներով, առանձին անհատների ջանքերով, հետո պետական կարգավիճակ ստացան:

Հայ թատերական արվեստի մեծ երախտավոր, շուշեցի Մկրտիչ Խանդամիրյանի անունը կրող պետական թատրոնը 2008թ. ԼՂՀ կառավարության որոշումով է կազմավորվել՝ Շուշիի «Սոս Սարգսյան» մանկապատանեկան, «Երվանդ Մանարյան» տիկնիկային և Շուշիի դրամատիկական թատրոնների միավորմամբ:

Ըստ թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանի՝ այն ունի մոտ 28 ներկայացում, որոնցից 18-ը խաղացանկային են: «Հիմնական ուշադրությունը դարձնում ենք տիկնիկային ներկայացումների վրա, որովհետև Արցախում կա Վ. Փափազյանի անվան պետական թատրոն և դրամատիկ ներկայացումների հանդիսատեսի ծարավը հագեցնում է այդ թատրոնը, իսկ տիկնիկային պետական թատրոն չկա»,- նշել է Աշխեն Հարությունյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր շաբաթ օր Շուշիի տիկինիկային դահլիճում ներկայացումներ են ցուցադրում:

Թատրոնը տեղակայված է Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքում: Դրան կից թատրոնի համար մասնաշենք է կառուցվել, որն ապահովված է ներկայացումների համար անհրաժեշտ բավարար պայմաններով:

 «Շուշիում բավականին գրագետ ու կիրթ հանդիսատես է ձևավորվել, որի մասին 15 տարի առաջ դժվարությամբ կարելի էր ասել: Ճիշտ է, տիկնիկայինի նկատմամբ հետաքրքրվածությունն ավելի մեծ է, բայց դրամատիկ ներկայացումների մշտական հանդիսատես էլ ունենք»,- ուրախությամբ շեշտում է Շուշիի պետական թատրոնի տնօրենը: Թատրոնը ակտիվ հյուրախաղեր է կազմակերպում Արցախի և ՀՀ քաղաքներում ու գյուղերում, հատկապես մեծ ուշադրություն դարձնելով սահմանամերձ բնակավայրերին և զորամասերին: Ամեն տարի թատրոնը մասնակցում է ՀՀ-ում կազմակերպվող տիկնիկային արվեստի միջազգային փառատոններին:

Գորգագործարան

Արցախում գործող Ղարաբաղ Կարպետ ընկերությունն աշխարհին է ներկայացնում արցախյան լավագույն գորգերը՝ պահպանելով հայկական գորգագործության ավանդույթները: 2014 թվականից գորգագործների բանակին են միացել նաեւ Շուշիի 25 գորգագործ՝ վերակենդանացնելով Շուշիի՝ գորգագործությամբ զարգացած լինելու համբավը: Շուշիի արտադրամասում ձեռքերի արագ շարժումով ստեղծվում են գորգեր, որոնցից ամեն մեկը եզակի մշակութային արժեք է իրենից ներկայացնում:

Շուշիի գորգերի թանգարան

Վարդան Ասծատրյանի կողմից աշխարհի տարբեր երկրներից` Ավստրիայից, Շվեյցարիայից, Ստամբուլից եւ Գերմանիայից ձեռք բերված արցախյան հնագույն գորգերի եւ կարպետների հավաքածուն 2013 թվականին հանգրվան է գտել Արցախի բերդաքաղաք Շուշիում: Արտերկրից ժամանած գորգերին են միացել նաեւ Արցախի հայտնի գորգագործների հին գորգերն ու ավանդական արհեստների հին առարկաներ: Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են նաեւ թուրքմենական եւ աֆղանական գորգերի օրինակներ, ինչպես նաեւ կան ռուսական մշակույթի որոշ արտեֆակտներ:

Այսօր թանգարանն ունի շուրջ 300 գորգ, որոնք գործվել էին 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է 120-գորգ՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» եւ այլն:

Գորգարվեստի թանգարանը հիմնելու նպատակը եղել է՝ փրկել արցախյան ավանդական գորգը մոռացությունից, ինչպես նաեւ՝ հարևան Ադրբեջանի յուրացումից։ Շուշիի գորգերի թանգարանը Արցախի գորգագործության հարուստ ավանդույթների մասին վկայող անգնահատելի հաստատություն է, որը նաեւ հրաշալի հնարավորություն է Արցախի հայտնի գորգագործությունն ուսումնասիրելու ու, միաժամանակ, այն վերածելու գորգարվեստի զարգացման կենտրոնի։

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2013 թվականին: ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում  Կերպարվեստի պետական թանգարանը, Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը:

Կերպարվեստի պետական թանգարան

Կերպարվեստի պետական թանգարանը բացվել է 2013թ. մայիսի 9-ին պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ:

Թանգարանի հավաքածուն կազմված է բացառապես նվիրատվություններից: Թանգարանի շենքը կառուցվել է Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները: Թանգարանի առանձնահատկություններից են նվիրատուների հարուստ ցուցակը և ներկայացվող աշխատանքների լայն աշխարհագրությունը` Արցախ, Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Մադագասկար և այլն: Մեծ արժեք են ներկայացնում հատկապես թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մ. Սարյան, Գառզու, Է. Շահին, Ժանսեմ, Հ. Հակոբյան, Դ. Բուռլյուկ, Ա. Շևչենկո, Ա. Սաֆոխին, Դ. Պլավինսկի և այլք):

Ըստ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանի՝ թանգարանում պարբերաբար կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ, դասական համերգներ, կինոդիտումներ, գեղանկարի և քանդակի սիմպոզիումներ, մշակութային, կրթադաստիարակչական միջոցառումներ: Թանգարանի միջազգային նախագծերից է շուշեցի հայտնի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը կրող քանդակի սիմպոզիումը, որը այս տարի կանցկացվի 6-րդ անգամ:

2017 թվականին Շուշիի կերպարվեստի թանգարան է այցելել 3773 այցելու, որից 438-ը՝ արտերկրից: Արտերկրի այցելուների հիմնական մասը ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Պարսկաստանից, Անգլիայից և այլ երկրներից են: Իսկ 2018թ. անցած ամիսների ընթացքում թանգարան է այցելել 234 անձ:

Պրոֆ. Գր. Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան

Թանգարանը հիմնադրվել է 2014թ.՝ Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, ով այդ նպատակով Արցախին է նվիրել հանքաքարերի, լեռնային ապարների և օրգանական բրածո մնացորդների իր անձնական հավաքածուն, որն ընդգրկում է 400 ցուցանմուշ աշխարհի 40 պետություններից և ՌԴ 20 երկրամասերից: Ցուցադրության են ներկայացված նաև Արցախի տարբեր շրջաններից հավաքագրված հանքաքարեր և օգտակար հանածոներ: Թանգարանի նվիրատուներից են նաև Ռուբեն Վարդանյանը, նրա երկու որդիները, Քրիս Խաչանովը, «Բեյզ մեթալս» ընկերությունը:

Թանգարանը տեղակայված է նախկին «Կանաչ դեղատուն» կոչվող շենքում:

«Շուշի քաղաքի թանգարարաններ» ՊՈԱԿ-ի բաժնի վարիչ Սարո Սարյանի խոսքով՝ թանգարան են այցելում զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից: Ներկայացված նմուշներից որոշները եզակի են»:

Շուշի քաղաքի պատմության թանգարան

Շուշի քաղաքի «Ձորի թաղի» կենտրոնում գտնվող՝ 19-րդ դարի սկզբի փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին պատկանող հիասքանչ առանձնատանը տեղակայված Շուշի

քաղաքի պատմության թանգարանը հանդիսանում է հնագույն քաղաք-ամրոցի բազմադարյա անցյալը լուսաբանող հնությունների կենտրոն։ Այստեղ ցուցադրվում են Շուշիի հիմնադրման ժամանակի՝ 18-րդ դարի մասին նախկին տեղեկությունները հերքող՝ ուշ բրոնզեդարյան և հելլենիստական ժամանակաշրջանի հարուստ հնագիտական տեղեկություններ։

Թանգարանի հավաքածուն (թվով շուրջ 5000 առարկաներ) շատ հարուստ է ազգագրական բնույթի տեղեկություններով: Այստեղ հավաքված են հաճախակի իրենցից իրական արվեստի գլուխգործոցներ ներկայացնող տեղական արհեստագործների արտադրանքներ։ 19-րդ դարի կենցաղի առարկաները լուսաբանում են Անդրկովկասի խոշորագույն մշակութային կենտրոնի բնակիչների կյանքը։ Դահլիճների պատերին տեղադրված լուսանկարների և վերարտադրվածքների հավաքածուն շոշափելի են դարձնում այդ դարաշրջանի քաղաքի մշակութային կյանքը։ Հավաքված հնություններից շատերը լուսաբանում են քաղաքի սև օրերը, երբ 1920 թվականի մարտի 22-23-ը թուրք -թաթարական կանոնավոր և անկանոն զորքերը հրդեհեցին Շուշի քաղաքի գրեթե ամբողջ հայկական մասը, գրեթե 30 հազար հայ բնակչությունից կոտորեցին 8 հազարին, իսկ ողջ մնացածները մազապուրծ փախան և ապաստան գտան Արցախի գյուղերում։ Առանձին վահանակ է տրամադրված 1992 թվականի մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։ Այստեղ տեղադրված է մարտերի պատմությունը լուսային էֆեկտներով ուղեկցող՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը:

Հայկական դրամի թանգարան   

2018թ. Մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի աջակցությամբ Շուշիում տեղի է ունեցել հայկական դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շուշիի դրամի թանգարանում ցուցադրության է դրված հին հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի՝ Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներ ու թղթադրամներ: Ընդհանուր առմամբ՝ ներկայացված է 700 մետաղադրամ և թղթադրամ, որոնցից ամենահինը Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե մետաղադրամն է: Այն գտնվել է Հայաստանի տարածքից և թվագրվում է մ. թ. ա. 4-րդ դարի վերջով:

Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Արցախին նվիրված ցուցադրությանը, որում ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշի քաղաքում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տարբեր տարիների թողարկած հուշադրամներ՝ նվիրված Արցախին:

Հ.Գ. Բացի վերոնշյալից, Շուշիի տեսքն ամբողջացնում են տարաբնույթ կրթական, մշակութային, հասարակական հաստատություններ, կենտրոններ ու միություններ, որոնց բոլորին թերթի սահմաններում անդրադառնալ հնարավոր չէ:

Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1