Մեզ համար Արցախն անսակարկելի արժեք է. Ավստրալիայում ԱՀ ներկայացուցիչ
Գլխավոր » Լրահոս » Մեզ համար Արցախն անսակարկելի արժեք է. Ավստրալիայում ԱՀ ներկայացուցիչ

Մեզ համար Արցախն անսակարկելի արժեք է. Ավստրալիայում ԱՀ ներկայացուցիչ

Հուլիսի 20-22-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Արցախում էին ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցները և արտերկրում մշտական ներկայացուցիչները։ Օգտվելով առիթից՝ «Ապառաժ»-ը Ավստրալիայում Արցախի ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի հետ զրուցել է Ավստալիայում ներկայացուցչության գործունեության, խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:

-Պարոն Միքայելյան, ի՞նչ արդյունքներ ունեցավ ԱՀ ԱԳՆ հրավիրած խորհրդակցությունը:

-Արցախում պաշտոնական և ընկերական հանդիպումներ ենք ունեցել: Խորհրդակցության ընթացքում ԱՀ Արտգործնախարար Մասիս Մայիլյանը փոխանցեց իր զեկույցները, այնուհետև հանդիպումներ ունեցանք ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ՊԲ նախարար Լևոն Մնացականյանի, ԱՀ ԱԺ միջխորհրդարանական բարեկամական խմբի հետ: Վերոնշյալ հանդիպումների ժամանակ քննարկեցինք մենք անելիքները, արձանագրված հաջողությունները, առկա դժվարությունները: Միաժամանակ խոսեցինք առաջիկա տարիների աշխատանքների մասին:

Այս մակարդակով վերջին հանդիպումը 5 տարի առաջ առաջ էր կայացել, որը շատ երկար ժամանակահատված է, ԱՀ ԱԳՆ նախարարն առաջարկեց երկու տարին մեկ հանդիպել:

-Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում Արցախի ներկայացուցիչը Ավստալիայում և ինչպե՞ս եք դրանք լուծում:

-Ավստալիայում Արցախի ներկայացուցչությունն արդեն 21 տարվա աշխատանքային փորձ ունի, բավականին հաջողություններ է արձանագրել, բայց ունի նաև մի շարք խնդիրներ: Ամենամեծ դժվարությունն է, որ չունենք Հայաստանի Հանրապետության որևէ դիվանագիտական ներկայացուցչություն: Իբրև ներկայացուցիչ, ես այնտեղ մեծ դժվարությամբ են հանդիպումներ, պաշտոնական ընդունելություններ ունենում: Բայց բարեբախտաբար շատ սերտ համագործակցություն ունենք ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հետ և մեր աշխատանքը տանում ենք Հայ Դատի հանձնախմբի խողովակներով ու միջոցներով: Միասին ենք որոշում ռազմավարությունը, մարտավարությունը, որոնց հիմնական իրականացնողը հանձնախումբն է:

2015թ. Ադրբեջանն այնտեղ ունի դեսպանատուն, գործում է Թուրքիայի դեսպանատունը, որը զորակցում է ադրբեջանցիներին: Նրանք ուղղակի կապ ունեն Ավստրալիայի ԱԳ նախարարի, ԱԳՆ պատասխանատուների հետ, որի առիթը ներկայացուցչությունը չի ունենում: Մենք հիմնականում խորհրդարանի միջոցով ենք աշխատում, մեր բարեկամների միջոցով հարցումներ ենք ուղղում, այդ ձևով փորձում ենք շրջանցել խոչընդոտները, բայց շատ ցանկալի կլիներ ուղղակի կապեր ունենալ:

-Վերջերս Ավստրալիա է այցելել ԱՀ նախագահի հատուկ հանձնարարականների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը, ի՞նչ է տվել այդ այցը համագործակցության առումով:

-Հայ Ավետարանչական եկեղեցին տոնում էր իր 100-ամյակը, որի առիթով առաջարկեցին Արցախից պատվավոր հյուր հրավիրել: Մեր առաջարկով հրավիրվեց Արայիկ Հարությունյանը: Նրա այցը մի քանի նապատակ էր հետապնդում: 4 տարի շարունակ աշխատում ենք, որպեսզի Արի (Artsakh Roots Investment) ծրագիրն իրականացնենք նաև Ավստրալիայում: Երկրորդ նպատակը Արցախյան շարժման 30-ամյակի և Ավետարանչական եկեղեցու 100-ամյակի տոնակատարություններն էին: Այս երեք նպատակներն էլ իրագործվեցին:

Կարողացանք 800.000 դոլլար նվիրատվության խոստում ստանալ և Քարվաճառի շրջանում 40 նոր տուն ընդգրկող գյուղի ծրագիր կազմել:

-Ավստալիայում նահանգային, քաղաքային մակարդակներով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, արդյո՞ք հնարավոր համարում եք պետական մակարդակով ճանաչումը:

-Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը ճանաչել է Նոր հարավային Ուելսի Վերին պալատը: Արայիկ Հարությունյանի այցելությունից հետո Ռայթ քաղաքը բանաձև ընդունեց Արցախի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու վերաբերյալ: Ճանաչման գործը մեծամասնությամբ տարվում է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի կողմից: Հիմա հանձնախմբի հետ աշխատանք ենք տանում տարբեր նահանգներում ինքնորոշման իրավունքի, անկախության ճանաչման ուղղությամբ:

-Նշեցիք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համագործակցաբար հակահայ քաղաքականություն են տանում, ի՞նչ հակազդող քայլեր են ձեռնարկվում:

— Հայաստանի և Ավստրալիայի միջև տնտեսական կապեր համարյա չկան: Իսկ Ադրբեջանը կարողացել է շատ ուժեղ տնտեսական կապեր հաստատել Ավստրալիայի հետ: Նախկինում մոտ 4 մլրդ դոլլարի ներդրում են կատարել և գնել են կառավարական բաժնետոմսեր, որն անհրաժեշտության դեպքում հսկայական քաղաքական ուժի է վերածվում: Ճիշտ է հետագայում ներքին խնդիրների պատճառով որոշ մասը հետ գնեցին, բայց հիմա մոտ 2 մլրդ դոլլարի բաժին ունեն:

Տնտեսական գետնի վրա ազդեցության լծակ չունենք: Մեր խնդիրը արդարության, մարդու իրավունքների հարցի վրա հենվելն է: Բարեբախտաբար, ավստրալական քաղաքական շրջանակներում կա որոշ մարդկային մոտեցում, բարոյական նորմեր կան, ամեն ինչ դրամի վրա չի հիմնված: Մենք այդ խաղաքարտն ենք օգտագործում և կարողանում ենք հաջողություններ արձանագրել:

Ավստրալիայում ունենք շուրջ 50.000 հայություն, ադրբեջանիցիները հայտարարում են, որ ունեն 20.000-ոց համայնք, իսկ թուրքերի թիվը հասնում է 300.000-ի: Նրանք ֆինանսավորվում են ուղղակի Թուրքիայից և բարեբախտաբար քաղաքական հարցերում ակտիվ չեն:

Մենք չենք ընկճվում, հւոսահատվում, ընդհակառակը, մեզ համար շատ ավելի հաճելի է, երբ հաղթում ենք իրենց: Իսկ Հայ Դատի հանձնախմբի երիտասարդները շատ լավ աշխատանք են տանում, ուղղակի հրաշք են գործում:

-ՀՀ-ում տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխություններն արդյո՞ք ազդել են համայնքի աշխատանքերի վրա:

-Համայնքում ողջունել են կատարվածը, աշխուժություն է նկատվում: Մեր աշխատանքի վրա դժբախտաբար վերջին բացահայտումները բացասական ազդեցություն են ունեցել: Բայց մինչև հստակ բացահայտումներ և դատական վճիռներ չլինեն, որևէ մեկին մեղադրելու հարց չկա: Ամեն երկրում կա խարդախություն, անիրավություն, չի բացառվում, որ Արցախում ևս կա, բայց դա չի նշանակում, որ ամբողջ երկիրը, համակարգը սխալ է աշխատում:

Չնայած ամեն ինչին, Ավստրալիայի հայ համայնքում «Արցախ» անունը անսակարկ զորակցության նշանակություն ունի: Արցախն առաջնահերթություն է: Եթե Աստված մի արասցե որևէ արտակարգ իրավիճակ լինի, մեր ժողովրդի զորակցությունն անկասկած է: Մեզ համար Արցախն անսակարկելի, բացարձակ արժեք է:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1