Մանկապարտեզի կլոր-քառակուսի շենքը, կրակոցները եւ խաղալիքներ ունենալու երազանքը
Գլխավոր » Հասարակական » Մանկապարտեզի կլոր-քառակուսի շենքը, կրակոցները եւ խաղալիքներ ունենալու երազանքը

Մանկապարտեզի կլոր-քառակուսի շենքը, կրակոցները եւ խաղալիքներ ունենալու երազանքը

Այսօր Արցախի սահմանամերձ գյուղերում դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: ԼՂՀ կառավարության ներկայացուցիչներն իրենց ելույթներում բազմիցս շեշտել են, որ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումն առաջնահերթություն է երկրի կառավարության համար, սակայն  կան հարցեր, որոնց հետ անհնար է համակերպվել…

 

Մարտակերտի շրջանի Թալիշ սահմանամերձ համայնքի մանկապարտեզի շենքը կառուցվել է 2004 թվականին: Շենքի կառուցվածքը ո՛չ քառակուսի է, ո՛չ էլ կլոր: Այն իր մեջ ներառում է երկու սենյակ, որոնցից մեկը ծառայում է որպես դասասենյակ ու խաղասենյակ, իսկ մյուսը՝ որպես ննջասենյակ: Կա փոքր խոհանոց, սանհանգույց  ու վարիչների համար նախատեսված սենյակ:

 

 

Մանկապարտեզը պահեստ չունի, այդ պատճառով չոր սնունդը եւ օգտագործման անհրաժեշտ պարագաները պահվում են վարիչների սենյակում:

 

Կառուցման  օրից ի վեր շենքն երբեւիցե չի վերանորոգվել, այդ պատճառով շենքի ընդհանուր վիճակն անմխիթար է:

 

Մանկապարտեզի տնօրեն Փիրուզա Քոչարյանն  ասում է, որ այսքան տարիների ընթացքում փոխվել են միայն հոսանքի լարերը, այն էլ՝ երեք տարի առաջ:

 

 

 

«Լարերը փչացել էին, եւ տարբեր հատվածներում պայթուն էր առաջանում: Նամակով դիմել ենք վարչակազմին, եւ  էլեկտրաէներգիայի համար նախատեսվող գումարից տնտեսել եւ նոր լարեր ենք գնել,- ասում է Փիրուզա Քոչարյանը եւ  ավելացնում,- երեխաները մանկապարտեզ են հաճախում սահմանից հնչող կրակոցների ձայների տակ, սակայն կարծես թե մի տեսակ չեն վախենում. դա ցավալի փաստ է, որովհետեւ նրանց մանկությունն է խեղաթյուրվում, արդեն սովոր են, որ այդպես էլ պիտի լինի… Թեւ կա ապահովության եւ անվտանգության խնդիր, բայց ծնողները պարտաճանաչորեն երեխաներին ամեն օր բերում են մանկապարտեզ: Մենք, ճիշտ է, ապահովում ենք նրանց հետաքրքիր առօրյան, բայց… ուզում ենք, որ  մեր երեխաները անամպ երկնքի տակ մեծանան…»:

 

 

2016 թվականին Թալիշի մանկապարտեզի ծախսերը հոգալու  համար նախատեսվում է 10 429.700 ՀՀ դրամ պետական աջակցություն, որի մեջ մտնում են մանակապրտեզի բոլոր ծախսերը՝ տնտեսական, սնունդ, աշխատավարձ:

 

«Տարվա կտրվածքով նախատեսվող գումարը չի փոխվում, մենք էլ փորձում ենք նվազագույնս օգտագործել այն, որպեսզի տնտեսած գումարով կարողանանք ձեռք բերել առաջին օգտագործման եւ պիտանելիության պարագաներ՝ թաս, բաժակներ, թեյնիկ, որոնք ժամանակի ընթացքում ձեռք ենք բերել»,- նշում է տնօրենը:

 

Ծրագրով նախատեսվում է կառուցել մանկապարտեզի նոր տիպային շենք, սակայն տնօրենն  ասում է. «Քանի տարի է՝ տեսնում ենք միայն նոր շենքի նկարը, սակայն արդեն  հույս չկա, որ կառուցած կտեսնենք…»:

 

 

 

 

Մանկապարտեզի հատակը բետոնից է, որի վրա փռված է կովրոլին եւ լինոլեում:

 

«Լինոլեումն արդեն  մաշվել է, եւ երեխաներն ընկնում են, այդ պատճառով միջանցքի հատվածում հանել ենք այն»,- նշում է նա:

 

Մանկապարտեզն ունի նաեւ ջրի խնդիր, սակայն այդ խնդիրը, ցավոք, ունի նաեւ ամբողջ համայնքը: Ջուրը համայնքում երկու օրը մեկ են տալիս:

 

«Մանկապարտեզի տանիքում տեղադրված է ջրի երկաթե մեծ տարա, սակայն այդ ջուրը հիմնականում օգտագործվում է սպասք լվալու եւ մաքրության համար: Ճաշ պատրաստելու համար աշխատողներս դույլերով ու մեծ տարաներով ջուր ենք բերում աղբյուրից,- ասում է Փիրուզան,- ինչ վերաբերում է խմելու ջրին՝ երեխաներն ամեն մեկն իր հետ տնից շշով  ջուր է բերում: Եվ այդպես ամեն օր»:

 

Տնօրենը նշում է, որ հատկապես աշխատանքը դժվարանում է ամռանը:

 

Թալիշի մանկապարտեզ են հաճախում  25 երեխա՝ 11 տղա, 14՝ աղջիկ իսկ մանկապարտեզում աշխատում է 9 աշխատող:

 

 

Մանկապարտեզն ունի նաեւ խաղալիքների խնդիր՝ եղածը հին է եւ մաշված: Սա եւս հուզում է տնօրենին. «Ի վերջո, մեր երեխաներն էլ երեխաներ են եւ  նրանք էլ, ինչպես աշխարհի բոլոր մանուկները,  ցանկանում են լավ ու շատ խաղալիքներ ունենալ…»:

 

«Նախարարությունից երբեմն զանգում են, Թալիշից գնում են հասնում Ստեփանակերտ, տեսնում՝ մեկ կամ լավագույն դեպքում՝ երկու  տիկնիկ:  Մեկ-երկու խաղալիք բերում ենք եւ պատից կախում, որովհետու չգիտենք, թե ում տանք, ում՝ չէ. նեղանում են մյուսիները,- պատմում է տնօրենը,- սկզբից երեխաներին ասում էինք, որ գնում ենք խաղալիք ստանալու, սակայն հիմա չենք ասում, որովհետեւ նրանց սպասումներն ու իրականությունը լրիվ տարբեր են: Մենք չենք ուզում, որ նրանք տխրեն դրա համար»:

 

Սեպտեմբերին երբեմն ծնողները գումար են հավաքում եւ իրենց երեխաների համար «լեգո»-ներ կամ այլ խաղալիքներ գնում՝ մանկապարտեզի հնացած խաղալիքները թարմացնելու համար:

 

 

Հայ օգնության միության Արցախի միավորը, «Ապահով մանկություն սահմանամերձ գյուղերում» խորագիրը կրող ծրագրի շրջանակում, Թալիշի մանկապարտեզին է փոխանցել գորգ, փոշեկուլ եւ Արցախում արտադրվող, էկոլոգիապես մաքուր Woodpeckers ֆիրմայի փայտե խաղալիքներ:

 

ՀՕՄի Արցախի միավորի նորընտիր ատենապետուհի Կարինե Դադայանը  նշել է, որ ՀՕՄ-ի անմիջական ուշադրության ներքո  է լինելու սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանը օժանդակելը, եւ կառույց, իր հնարավորությունների սահմաններում, կանի ամեն ինչ՝ հզորացնելու և շենացնելու այս գյուղերը՝ այդպիսով նաեւ ամրացնելով մեր պատության սահմանները:

Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ

1