Ձմեռ պապ. «Թող այլեւս սահմանին ոչ մի հայ զինվոր չզոհվի»
Նոր տարվա ամենասպասված հյուրը, հատկապես մանուկների համար, Ձմեռ պապիկն է, որի գալստյան հետ կապվում են նրանց երազանքները: Երեւի թե մեզանից յուրաքանչյուրն էլ իր կյանքում երբևէ հավատացել է Ձմեռ պապի գոյությանը, նամակներ գրել նրան, սպասել Ամանորի հրաշքին: Նոր տարին համընդհանուր սիրված տոն է:
Գենա Առուշանյանն արդեն 5 տարի է, ինչ աշխատում է որպես Ստեփանակերտ քաղաքի Ձմեռ պապ: Նա մասնակցում է քաղաքի գլխավոր տոնածառի բացման հանդիսավոր արարողությանը, ամանորյա միջոցառումներին, այցելում է դպրոցներ, մանկապարտեզներ ու տարբեր հաստատություններ, նաեւ տանն է այցելում մանուկներին, հանձնում նվերներ:
Գենան սիրով է կատարում Ձմեռ պապիկի դերը, աշխատում իրական երեւալ, որպեսզի երեխաներն իսկապես հավատան Ձմեռ պապի գոյությանը: Սա էլ, իրավ, դժվար «մասնագիտություն» է, որ ոչ բոլորը կարող են ստանձնել:
Նոր տարվա շեմին aparaj.am-ը հյուրընկալեց Ձմեռ պապին և փորձեց գտնել մի քանի հետաքրքրող հարցերի պատասխաններ:
-.Ինչպես գիտենք, արդեն մի քանի տարի է Ստեփանակերտ քաղաքի Ձմեռ պապն եք: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դա էլ յուրովի մասնագիտություն է: Դժվա՞ր չէ արդյոք հանդես գալ որպես Ձմեռ պապ:
— Ձմեռ պապի դերում հանդես գալով՝ պիտի նախ եւ առաջ կարողանալ շատ նուրբ մոտեցում ցուցաբերել երեխաների հետ շփման ժամանակ: Մի անզգույշ քայլ, մի անզգույշ արտահայտություն եւ կարող ես կոտրել երեխայի հավատը Ձմեռ պապի հանդեպ: Պետք է գործդ անես կատարելապես: Պետք է բոլոր երեխաներին քո ուշադրությունից մի մասնիկ տաս, որպեսզի երեխաները զգան, որ Ձմեռ պապը բոլորին սիրում է:
Երեխաների հետ պետք է խոսել երեխաների լեզվով, նրանց կողմից սիրված հեքիաթների եւ մուլտֆիլմերի հերոսների լեզվով, որպեսզի երեխայի մոտ այն տպավորությունը լինի, որ Ձմեռ պապն էլ հեքիաթից է գալիս: Այս ձեւով հեքիաթը երեխայի աչքին իրական է դառնում: Մեր ժամանակներում շատ կարեւոր է պահպանել հեքիաթի նկատմամբ երեխաների հավատը: Ձմեռ պապն այդ առաքելությամբ պիտի մանուկներին այցելի:
—Ժամանակակից երեխաները որքանո՞վ են հավատում Ձմեռ պապին ու Նոր տարվա հրաշքին:
— Իհարկե, ժամանակակից երեխաներին դժվար է ինչ-որ բանով զարմացնել: Մեր ժամանակներում մենք անգամ չգիտեինք, որ մեր ուսուցիչը կամ ուսուցչուհին հաց են ուտում, իսկ հիմա դա ծիծաղելի է:
Սակայն ասել, որ այսօրվա երեխաները չեն հավատում Ձմեռ պապիկին, սխալ կլիներ: Իհարկե, շատ-շատերը հավատում են: Դա ես զգում եմ նրանց աչքերի փայլից, ուրախության ճիչերից: Շատ հաճախ նրանք ինձ ամուր գրկում են և ասում.«Ձմեռ պապ, ես քեզ շատ եմ սիրում»:
Այս հարցում շատ կարեւոր է նաև ծնողների դերը: Յուրաքանչյուր ծնող պետք է իր երեխային պատմի Ձմեռ պապի մասին որպես իրական հերոսի, ով կատարում է նրանց երազանքները:
—Երեխաներից նամակներ ստանու՞մ եք, ի՞նչ են խնդրում երեխաները Ձմեռ պապիկից:
—Իհարկե, առաջ ավելի շատ էին գրում Ձմեռ պապիկին, բայց հիմա էլ նամակներ ստանում եմ: Երեխաները հիմնականում իրենց նամակները փոխանցում են քաղաքային տոնածառի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Հիմա էլ շատ նամակներ ունեմ երեխաների կողմից: Մտածում եմ՝ շատ ավելի լավ կլիներ,եթե Ձմեռ պապն իր էջն ունենար համացանցում, որպեսզի երեխաները գրեին նրան,իսկ Ձմեռ պապը պատասխաներ: Առաջիկայում կփորձեմ աշխատել այդ ուղղությամբ:
Երեխաներից ստացած նամակների բովանդակությունները հաճախ նման, հաճախ էլ՝ տարբեր են: Ոմանք խնդրում են խաղալիք, ոմանք համակարգիչ եւ այլն: Չեմ կարող մոռանալ անցած տարի ստացած նամակներից մեկը: Նամակում հասցե ու ազգանուն չկար նշված, միայն երեխայի անունն էր գրված՝ Մարիա: Մարիան խնդրում էր Ձմեռ պապից, որ նա այս տարի հրաշքով տուն բերի իր հայրիկին: Նա գրում էր, որ իրեն ուրիշ բան պետք չէ: Այդ պահին մտածում էի՝ երնեկ կարողանայի…
-Իսկ ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այս «մասնագիտությունը»:
-Երեւի աշխարհում չկա ավելի բարի եւ ոգևորիչ բան, քան երեխայի ուրախությունն է: Երեխայի աշխարհը շատ նուրբ աշխարհ է: Ես նրանց հետ շփվելիս միշտ հիշում եմ իմ մանկությունը: Մեր ժամանակ պատերազմ էր, մեր Ձմեռ պապիկները մեզ «մոռացել էին», այլ գործով էին զբաղված:
Այն մանկական անկեղծ ուրախությունը, որ մեր ժամանակ մթագնել էր արկերի պայթյուններով, ես միշտ երազել եմ ինքս պարգեւել այսօրվա երեխաներին: Չեմ կարող բառերով բացատրել զգացողություններս:
-Ի՞նչ է մաղթում Ձմեռ պապն Արցախին ու Արցախի մանուկներին:
-Ձմեռ պապիկը շատ է սիրում իր Արցախ աշխարհը եւ գիտի, որ մի օր Արցախը կհասնի իր նվիրական երազանքին՝ մայր Հայաստանին միավորմանը, միացյալ Հայաստանի ստեղծմանը: Թող այս նոր՝ 2015 տարում մենք ազգովի մի նոր քայլ անենք դեպի այդ նվիրական երազանքը: Թող 2015-ին ծնված մանուկներն իրենց ողջ կյանքի ընթացքում չիմանան, չլսեն պատերազմի մասին: Թող սահմանին այլեւս ոչ մի հայ զինվոր չզոհվի եւ խաղաղությունը հարատեւի:
Հարցազրուցը՝ Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ