Հպարտ եմ դաշնակցական երիտասարդներով
2017 թ. յուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները ՀՅԴաշնակցութեան երիտասարդների համար աշխատառատ ամիսներ էին։
Ութ երիտասարդական և ուսանողական միութիւնների միջոցով Հայաստանի և Արցախի 12 շրջաններում իրականացուեցին պատանեկան ճամբարներ, որոնց մասնակցեցին աւելի քան 2500 պատանիներ։
ՀՅԴ Սփիւռքի երկու երիտասարդական միութիւններ իրենց տարեկան բանակումն իրականացրեցին Հայաստան-Արցախում։
Տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան միութիւնների երրորդ հայաստանագնացութիւնը, որին մասնակցեցին 230 պատանիներ՝ տարբեր երկրներից։
Առաջին անգամ տեղի ունեցաւ ՀՅԴ ԱՊՀ ուսանողական բանակում, որին մասնակցեցին 100 ուսանողներ։
Եւ ի վերջոյ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան շրջանակներում տեղի ունեցաւ ճանաչողական այցելութիւն Արցախի Հանրապետութիւն, որին մասնակցեցին 18 երկրների 25 օտարազգի երիտասարդ քաղաքական գործիչներ։
Վերոշարադրուած աշխատանքների մասին ժամանակին զանգուածային լրատուամիջոցներով հանրութեանը տեղեակ պահուել է և այս գրութիւնը մէկ անգամ նորից կատարուած աշխատանքները թուարկելու համար չէ։
Այս գրութիւնը իմ, որպէս ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատուի, ով համակարգում կամ կազմակերպում է վերոյիշեալ աշխատանքները, շնորհակալական խօսքն է դաշնակցական երիտասարդներին։ Նրանք մեր հպարտութիւնն են։ Մեր հպարտութիւնն են թէ նրանք, ովքեր հրապարակի վրայ են ու թէ նրանք, ում աշխատանքն ակնառու չէ, բայց վարագոյրի հետևում վիթխարի աշխատանք են կատարում։
Իրօք հիացմունքի առիթ է տեսնելը այն տասնեակ ու հարիւրաւոր երիտասարդներին, ովքեր մէկ-մէկուկէս տարի, օրնիբուն աշխատում են որոշակի գաղափարներ յաջողութեան պսակելու համար։ Երբեմն իրար հետ համակարծիք, երբեմն տարակարծիք, երբեմն հաշտ ու համերաշխ, երբեմն մէկ-մէկու հետ կռիւ տալով, բայց միշտ բոլորի հայեացքը դէպի միևնոյն նպատակն է՝ դէպի դաշնակցական գործի յաջողութիւնը։
Ինչպիսի՛ հետևողականութիւն, ինչպիսի՛ կարգապահութիւն, ինչպիսի՛ նուիրում… Ուղղակի ապշեցուցիչ է ու հանելուկային, թէ ինչպէս կարող է 127 տարուայ կուսակցութեան նոր սերունդը այդպէս անձնուիրաբար իր ժամանակը, իր էներգիան, իր գրպանի դրամը ներդնի հաւաքական գործի յաջողութեան համար։ Այս ինչ ներուժ գոյութիւն ունի ՀՅ Դաշնակցութեան գաղափարախօսութեան, Դաշնակցութեան արժէհամակարգի, սկզբունքների ու երեք դարերի կտրուածքով ժառանգութեան մէջ, որ նոր սերունդը ոգի ի բռին ծրագրում ու իրականացնում է տեսակ-տեսակ աշխատանքներ՝ պատանիների դաստիարակութիւնից սկսած մինչև ուսանողական խնդիրների քննարկում ու բարձրաձայնում, հայկական նոր համայնքների կազմակերպումից մինչև՝ քաղաքական-յարաբերական աշխատանքներ։
Ես հպարտ եմ դաշնակցական երիտասարդներով։ Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակուել այս տեսակի երիտասարդների հետ աշխատել։ Երիտասարդներ, ովքեր ունեն ազգային մտածողութիւն, քաղաքական գիտակցութիւն, պատասխանատւութեան զգացում, սկզբունքայնութիւն, կարգապահ են ու կազմակերպուած։ Եւ ի վերջոյ, երիտասարդներ, ովքեր իրենց աշխատանքով ինձ համար օրինակ են հանդիսանում ու նոր շունչ ու լիցք հաղորդում։
Ընկերնե՛ր, վարձքներդ կատա՛ր։
Սարգիս Մկրտչեան
12 հոկտեմբեր, 2017 թ.