Հիշատակման արժանի
Այն ժամանակաշրջանից, որ երկրների սահմանները փորձվեց գծել ազգի բնակչության վայրի հիման վրա, այլ խոսքով՝ միջազգային բեմահարթակում կիրառվեց ազգ-պետություն հասկացությունը, պետության գործառույթների մեջ շեշտակիորեն ավելացավ ազգային արժեքները պահպանելու ու դրանք հաջորդ սերունդներին փոխանցելու աշխատանքը:
Այս գործառույթը հաճախ ամրագրվում է երկրների սահմանադրության և օրենքների մեջ՝ հատուկ տեղ հատկացնելով, օրինակ, լեզվին, կրոնին կամ ավանդույթների պահպանման կարևորությանը: Ազգային արժեք է համարվում նաև այն ճիգն ու պայքարի ուղին, որի հետևանքով ազգի հավաքական մտքում ձևավորվում է անկախ պետություն ունենալու հրամայականը: Վերը նշվածի լույսի ներքո՝ պատահական չէ, որ Արցախի Սահմանադրության ներածական բաժնում նշված են հետևյալ տողերը՝ «…հավատարիմ մնալով հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը…»:
Այս հավատարմությունից ելնելով՝ հատկապես Արցախի նման կարգավիճակում գտնվող պետությունը պարտավոր է հատուկ ուշադրության արժանացնել ժողովրդի ազատագրական պայքարի ընթացքում կարևոր և անկյունադարձային հանգրվաններին և դրանց հիշատակումը ծառայեցնել որպես դաստիարակչական առիթներ, դրանք դարձնելով պայքարի, տոկունության և մարտունակության ոգի ու շունչ փոխանցող խորհրդանիշներ:
Հուլիսի վերջին տասնօրյակում հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պատմության էջերում անկյունադարձային երկու հիշատակելի օրեր են արձանագրվել:
Առաջինը տեղի է ունեցել 125 տարի առաջ, հուլիսի 25-ին՝ Խանասորի արշավանքը: ՀՅԴ-ն որոշում է կայացրել պատժիչ գործողություն իրականացնել Մազրիկ քրդական ցեղի նկատմամբ: Դա կարևորվում է այն բանով, որ հայ իրականության մեջ մինչ Խանասորի արշավանքը տիրող խեղճի և զոհի հոգեբանությունը բեկումնային անկյունադարձ ունեցավ. հայը զգաց, որ ինքն էլ է կարող պատժել և ոչնչացնել թշնամուն:
Երկրորդ կարևոր իրադարձությունը տեղի է ունեցել 1983թ. հուլիսի 27-ին, Խանասորի արշավանքից 86 տարի հետո, երբ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները «Հայ հեղափոխական բանակ» անվան տակ գրավեցին Լիսբոնի թուրքական դեսպանատունը և իրենց ողջակիզմամբ հայ ժողովրդի ազատագրական պայքարի ձայնը լսելի դարձրին ողջ աշխարհին:
Վերադառնանք մեր իրականություն: Ցավոք սրտի, Արցախում որևէ մակարդակով չհիշատակվեցին վերոհիշյալ երկու հիշատակելի օրերը: Կարող է թվալ, որ այս բացթողումը մեր կողմից արձանագրելով՝ փորձ է արվում գովազդել Հայ Յեղափոխական Դաշնակցության արածն ու չարածը, սակայն այդ արածն ու չարածն արդեն ազգային ազատագրական պայքարի պատմության էջ է, որը ոչ այլ ինչ է, քան ազգային արժեք:
Հիշեցման կարգով. հաջորդ տարի լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը:
«Ապառաժ»-ի խմբագրական, 31 հուլիսի, 2017թ.