Հեղկոմի իշխանության տակ

…Դեկտեմբերի 2-ը հասարակության վրա կարծես առանձին ազդեցություն չէր արել: Շատ հուզված էին միայն թրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ հատուկ ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ գոհ էին. Վերջապես, Ռուսը կգա՝ կփրկի մեզ. Կյանքը կդառնա ավելի դյուրին. Ահա ընդհանուր մտայնությունը… Ինչ որ չափազանց հատկանշական էր՝ մասնավոր գոհունակություն էր նկատվում հայ բուրժուազիայի մեջ: Հայ ժողովրդական կուսակցության մարդիկ չէին ծածկում իրենց ուրախությունը: Փույթ չէ, թե անկախությունը խորտակվեց. հո՛ դաշնակցականներն էլ ընկան…
Դեռ շաբաթներ առաջ, Հայ ժողովրդական կուսակցության Թիֆլիսի թերթը բոլշեւիկներին անվանել էր հայոց ազգային «Նոր» քաղաքականության ջահակիր եւ ողջունել նրանց գալը: Նույն տրամադրությունն էր իշխում եւ Երեւանում: Հայ բուրժուազիան, որ Ռուսաստանում ամենից քիչ է մասնակցել ազգային կյանքին, մեծ մասով զուրկ էր ազգային գիտակցությունից, անհաղորդ էր մնացել ազգային մշակույթին, չէր հասկանում ու չէր գուրգուրում անկախության վրա: Հայաստանի Հանրապետության կյանքի ամենալավ օրերին նա չկարողացավ թայֆայական նեղ շահերից բարձր կանգնել, չունեցավ պետական հասունություն, չլծվեց, չկամեցավ լրջորեն լծվել պետական գործին, այդ պատճառով էլ սրտի կատարյալ հանդարտությամբ հրաժարվեց անկախությունից ու ծափ զարկեց բոլշեւիկներին:
Դեկտ. 4-ին Ադրբեջանից Երեւան հասան Հեղկոմի նախագահ Ս. Կասյանը եւ անդամ Ավիս Նուրիջանյանը, որոնց դիմավորելու համար ընդառաջ էին գնացել նաեւ Դրոն եւ Հ. Տերտերյանը, իբրեւ թեկնածուներ՝ կազմվելիք իշխանության: Ռուսական ներկայացուցչության առջեւ տեղի էր ունենում միտինգ, ուր ճառեր են խոսում թե՛ նորեկները եւ թե՛ դիմավորողներից ոմանք: Ընդունելությունը լինում է անշուք ու զուսպ: Հասարակությունը լուռ սպասում է:
Միտինգից հետո, Դրոն եւ Տերտերյանը ուզում են տեսնել Կասյանին եւ Ավիսին եւ չորս ժամ ապարդյուն սպասում են ընդունարանում՝ Լեգրանի առանձնասենյակի դռանը: Հետո պարզվեց, որ այդ ժամանակամիջոցին Լեգրանի առանձնասենյակում աղմկոտ վեճ է եղել: Կասյանն եւ Ավիսը հայտնում են իրենց դժգոհությունն ու զայրույթը, որ Լեգրանը համաձայնություն է կնքնել դաշնակցականների հետ եւ դրանով պատճառ դարձել, որ իշխանությունը առանց կռվի անցնի իրենց ձեռքը: Նրանք մերժել են Լեգրանի ստորագրած համաձայնագիրը, մերժել են տեսնվել «տապալված» կառավարության ներկայացուցիչներ Դրոյի եւ Տերտերյանի հետ. էլ ի՞նչ պրոլետարիատի դիկտատուրա, երբ ինչ որ կոալիցիա պիտի կազմվի «դաշնակների» հետ…
Այս պատմությունը անմիջապես հայտնի դարձավ քաղաքում եւ խիստ ծանր տպավորություն թողեց հասարակության վրա:
Ավելի վատ տպավորություն գործեցին այն անվերջ միտինգները, որոնք հաջորդեցին բոլշեւիկների գալուն: Սկզբում շատ մարդ էր լինում այդ միտինգներին. հետաքրքրվում էին իմանալ՝ նոր ի՞նչ է ասվելու. բայց հետո բոլշեւիկները մնացին մենակ, եւ ինչե՜ր ասես չէին խոսում: Նրանք արբեցած էին իրենց «հաղթանակով», եւ շանթ ու կայծակ էին թափում «դաշնակների» գլխին: Կաշվից դուրս էին գալիս համոզելու համար, որ հեղափոխությամբ են տիրացել իշխանության եւ, իհարկե, լսել իսկ չէին ուզում համաձայնության մասին:
Օրվա նշանաբանն էր՝ «Ֆիզիկական մահ Դաշնակցության»: Ճառերի, թռուցիկների ու պլակատների մեջ փառաբանվում էր քաղաքացիական կռիվը:
Դեկտ. 4-ին սկսվեց հրատարակվել «Կոմունիստ» պաշտոնաթերթը Դաշնակցության տպարանում եւ «Հառաջ»-ի գրաշարներով ու թղթով: Հենց առաջին համարից «Կոմունիստ»-ը կատաղի պայքար սկսեց: Ամենալկտի հայհոյանքների, ստերի ու զրպարտությունների մարմնացում էին «Կոմունիստի» համարները: Երբ ծանոթ մարդիկ դիտել էին տալիս խմբագիր Աշոտ Հովհաննիսյանին՝ թե ինչո՞ւ է բացահայտ ստեր հրատարակում, նա շնական պատասխան էր տալիս, թե Դաշնակցության դեմ կռվի ամեն միջոց ներելի է…
Նույն այդ կույր ու նեղմիտ ոգին արտահայտվեց եւ Հեղկոմի մի շարք քայլերի մեջ: Լեգրանի հետ կնքված համաձայնությունը չգործադրվեց: Քաղաքացիական ազատությունները վերացվեցին: Բռնագրավվեցին բոլոր տպարանները: Ոչ-կոմունիստական թերթերի հրատարակությունն արգելվեց: Արգելվեցին ամեն տեսակ ժողովներ, բացի կոմունիստականներից: Ամենեն անմեղ հավաքույթներն անգամ թույլ չէին տրվում:
Շուտով Երեւան հասավ եւ «ռուսական զորքը», այն, որին այնպես անհամբեր սպասում էին երեւանցիները: Քաղաք մտան 200-ի չափ ձիավորներ՝ քոսոտ ձիերի վրա նստած, ցնցոտիապատ ու ողորմելի: Նրանց հետեւից գալիս էր «օբոզը»՝ պարենավորման գունդը – 10-15 խարխլված սայլակներ՝ լծված վատուժ, հազիվ շարժվող ձիերով: Սայլակների վրա դրված էին ծառի կեղեւից հյուսված կեղտոտ տոպրակներ, իսկ տոպրակների վրա բազմած էին ռուս կիներ՝ աղմկարար ու լրբերես: Տեսարանը հոյակապ էր…
«Ռուս զորքի» այս «հանդիսավոր» մուտքը մայրաքաղաք՝ սառը ջուր լցրեց երեւանցիների գլխին: Այս ողորմելի սովալլուկ խուժա՞նը պիտի փրկեր մեզ թուրքերից… Հիասթափության զգացումը է՛լ ավելի սաստկանում էր, երբ տեսնում էին ռուսների դիմավորելու ելած առողջ, կուշտ ու հիանալի հագված հայ զինվորներին…
Փոխանակ զորանոց, հայ զորքի մոտ տանելու, բոլշեւիկ զինվորներին տեղավորեցին քաղաքացիների բնակարաններում, ուր նրանք ստացան ո՛չ միայն գիշերելու տեղ, այլեւ սնունդ՝ ի հաշիվ քաղաքացիների: Այս եւս դարձավ դժգոհության աղբյուր ազգաբնակչության համար:
Շուտով ռուս զինվորնեը հագան հայ բանակի համար Անգլիայից բերված հագուստները, կշտացան եւ քաղաքում մտցրին բոլշեւիկյան բարքեր:
Եկան Երեւան եւ այլ զորամասեր, որոնք քիչով էին տարբերվում առաջիններից: Եւ որքան ռուս սվինների թիվը ավելանում էր, բոլշեւիկները դառնում էին անզուսպ ու անհանդուրժող: Իրենցից զատ ո՛չ ոք իրավունք չուներ օդ շնչելու…
Բոլշեւիկների առաջին գործը եղավ Չեկայի կազմակերպումը: Նրան հատկացվեցին Ռոստոմի եւ Կարճիկյանի փողոցների անկյունում երկու խոշոր շինություններ: Չեկայի նախագահության համար բռնագրավվեց խորհրդարանի փոխնախագահ Ավ. Սահակյանի բնակարանը: Եւ սկսվեցին ձերբակալություններ: Առաջին բանտարկվողը եղավ հայ Սոցիալ-դեմոկրատ կուսակցության Կ. Կոմիտեի անդամ Բախշի Իշխանյանը: «Կոմունիստ»-ը հանդիսավոր կերպով հայտատարեց. «Ձերբակալված է հայտնի հակահեղափոխական Բ. Իշխանյանը»: Ապա, բանտարկվեց խմբապետ Համազասպը:
Հասարակության վրա առանձնապես ճնշող տպավորություն թողեցին Համազասպի ձերբակալության մանրամասնությունները: Նա վարում էր Բասարգեչարի զորամասի հրամանատարի պաշտոնը: Նոյեմբերի վերջերին Երեւանում գտնվելով, ծանոթ էր Լեգրանի վերջնագրին, այդ առթիվ կատարված խորհրդակցություններին եւ ընդունված որոշումին: Դեկտեմբերի 2-ին, երբ շատերը հեռացան Երեւանից, նա էլ մեկնեց դեպի Բասարգեչար, այնտեղից Զանգեզուր անցնելու համար: Սակայն ճանապարհին, փախչելու մտադրությունը փոխելով՝ հետ է գալիս ու պահվում է Երեւանի մոտակա գյուղերից մեկում: Այստեղից նա դիմում է կուսակցական ընկերներին եւ հարցնում նրանց խորհուրդը անելիքի մասին: Իմիջիայլոց դիմել էր եւ ինձ: Ես, վախենալով որ նրան կպատժեն Բաքվի գործերի համար, պատասխանեցի, որ անմիջապես հեռանա Հայաստանից եւ ո՛չ մի գնով չներկայանա բոլշեւիկներին: Նույն խորհուրդը տվել էին եւ ուրիշներ:
Համազասպը միաժամանակ նամակ է գրում բոլշեւիկ Ավիսին, որը այժմ զինվորական կոմիսար էր: Համազասպը եւ Ավիսը մի ժամանակ շատ մտերիմ ընկերներ են եղել: Ավիսը նրան պատասխանում է մի շատ սիրալիր նամակով եւ մտերմական խոսքերով հրավիրում է քաղաք «միասին աշխատելու համար»: Համազասպը հավատում է եւ գալիս Ավիսի մոտ, որն ընդունում է նրան գրկաբաց, համբուրում է եւ խոստանում՝ պաշտոն տալ, բայց հենց որ Համազասպը ուրախ տրամադրությամբ դուրս է գնում, անմիջապես կարգադրում է ձերբակալել եւ բանտ դնել:
Երեւանում ընդհանուր սուգ պատճառեց Երեւանից հեռացած գործիչների բռնվելու լուրը: Դեկտ. 6-ին, Թիֆլիսի ճանապարհի վրա, Ղարաքիլիսա գյուղից ոչ հեռու, ձերբակալվել էին մի խումբ աչքի ընկնող դաշնակցական գործիչներ – Հ. Օհանջանյանը, բժ. Հ. Տեր-Դավթյանը, Արտ. Չիլինգարյանը, Կորյուն Ղազազյանը, Վ. Նավասարդյանը, Վ. Բաբայանը, Ա. Աստվածատրյանը, բժ. Հ. Մելիքյանը, Գ. Վարշամյանը եւ ուրիշներ – ընդամենը՝ 19 հոգի: Ձերբակալվածներից մի մասին բեռնակիր ինքնաշարժը լցրած, մյուսներին ոտքով բերին Երեւան:
Դեպքը աննկարագրելի ուրախություն առաջ բերեց բոլշեւիկների շարքերում: «Կոմունիստ»-ը գրգռիչ լուրեր եւ հոդվածներ հրատարակեց: Փախստականներին մեղադրում էին պետական գույքի գողության մեջ: Նախ գրեցին, թե բռնվածների մոտից դուրս է եկել 15 ֆունտ ոսկի. ապա՝ թե մեծ քանակությամբ պետական դրամ է բռնվել: Սկսեցին առասպելական մեղադրանքներ ուղղել դաշնակցականների հասցեին՝ օրավուր կրկնելով, թե հարյուրավոր միլիոններ են գողացված:
Ես փորձեցի փաստական հերքում տպել տալ «Կոմունիստ»-ում: Հերքելը շատ հեշտ էր. պետական գանձարանի հաշիվներից պարզ երեւում էր՝ ում ինչ դրամ էր տրված: Իրենք բոլշեւիկներն էլ շատ լավ գիտեին, իհարկե, որ ամբաստանություններն անհիմն էին, բայց այդպես էր պահանջում իրենց կուսակցական շահը. պետք էր դաշնակցականներին խայտառակել ժողովրդի աչքին:
Իմ խնդրանքով ընկ. Հ. Տերտերյանը դիմեց «Կոմունիստ»-ի խմբագիր եւ Լուսժողկոմ Ա. Հովհաննիսյանին, որը խոստացավ հրատարակել իմ հերքումը, պայմանով, որ եթե իմ գրածը ճիշտ դուրս չգա՝ փախած ընկերների փոխարեն ինձ դատեն: Ես համաձայնվեցի եւ ուղարկեցի հերքումը, բայց Ա. Հովհաննիսյանը խաբեց ու չտպեց: «Հեղափոխական դատարան»ն ու Չեկան շատ աշխատեցին՝ քրեական գործ հարուցանել մի շարք դաշնակցական գործիչների դեմ, բայց քննիչների բոլոր ջանքերը զուր անցան. մեղադրական նյութ չկար:
Բանտարկյալներին սկզբի օրերին պահեցին Խորհրդարանի շենքում, համեմատաբար տանելի պայմանների մեջ: Ապա փոխադրեցին կենտրոնական բանտը եւ օրեցօր ծանրացրին ռեժիմը: Հունվարի սկզբին, երբ Երեւան հասավ Աթաբեկյանը, բանտարկյալների վիճակը դարձավ սարսափելի: Բացի ֆիզիկական տանջանքներից, ցրտից ու անոթությունից, ամենքի գլխին դամոկլյան սրի պես կախված էր մահվան սպառնալիքը: Քաղաքում հազար տեսակ լուրեր էին պտտվում: Չեկայում բացահայտ կերպով խոսում էին գնդակահարությունների անհրաժեշտության մասին: Մահվան թեկնածուների անուններն էլ էին տալիս: Միշտ առաջին թեկնածու համարվում էր Արտ. Չիլինգարյանը, ապա՝ Ս. Մելիք-Յոլչյանը, Համազասպը, Բ. Իշխանյանը եւ մի քանի վաճառականներ…
Այս լուրերը, բնականաբար, հուզում էին բանտարկյալների ազգականներին ու մոտիկ մարդկանց: Ջղայնանում էր եւ քաղաքի բնակչությունը, որի հույսերը այնպես սարսափելի կերպով խորտակվում էին: Բայց բոլշեւիկներն իրենց լավ էին զգում: Նրանց ուրախությանը սահման չկար. խորտակելով «դաշնակների» ստեղծած դեմոկրատիկ հանրապետությունը՝ նրանք հաստատում էին «խորհրդային-սոցիալիստական պետություն»՝ կապկորեն ընդօրինակելով Ռուսաստանի խորքերը գործադրված բոլոր փորձերը…
Ս. Վրացեան
«Կեանքի ուղիներով»