Հանցագործների փոխանակումը գերիների հետ անընդունելի է
Գլխավոր » Լրահոս » Հանցագործների փոխանակումը գերիների հետ անընդունելի է

Հանցագործների փոխանակումը գերիների հետ անընդունելի է

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է միջազգային համապատասխան կառույցներին՝ առաջարկելով Արցախում իրենց պատիժը կրող դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին փոխանակել Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հետ:

Դեռևս 2014 թ. ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենք պահելու և լրտեսության, նաև հայկական բանակի սպայի սպանության համար: Դիվերսանտներն առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին, սպանել են 43-ամյա Սարգիս Աբրահամյանի և ծանր վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին։

Ադրբեջանական կողմի առաջարկը նորություն չէ. հենց 2014 թվականից էլ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ հանդես է եկել դիվերսանտներին փոխանակելու առաջարկով: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ադրբեջանական կողմի առաջարկը տարբեր մեկնաբանությունների նյութ է դարձել: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով հարցը, նշել է, որ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող հայ քաղաքացիական անձինք, ի տարբերություն Ասկերովի եւ Գուլիեւի, որեւէ վատ բան չեն արել ադրբեջանական պետության եւ ժողովրդի դեմ։ Եվ միջազգային նորմերի պահանջով նրանք պարտավոր են բաց թողնել այդ մարդկանց, իսկ Ասկերովն եւ Գուլիեւը ծանր հանցագործություններ են կատարել, այդ թվում՝ անչափահասի սպանություն։ Նրանք դատարանի կողմից միջազգային դիտորդների, իրավապաշտպանների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ բաց դատավարությամբ են դատապարտվել:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսելով խնդրի մասին՝ ասել է, որ սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելուն և աջակցելու է այդ գործընթացին, իսկ երկու հայ գերիների փոխանակումը Ասկերովի ու Գուլիևի հետ, ըստ նախարարի, պետք է Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշմամբ լինի:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք հնարավո՞ր է «Շուշի քրեակատարողական հիմնարկ»-ում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ, նշել էր, որ այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ:

Հարցի վերաբերյալ «Ապառաժ»-ին տված մեկնաբանությունում ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած պարտավորություններին՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ ազատ արձակելով գերեվարված պատանդներին կամ ռազմագերիներին։ Սակայն այս դեպքում խնդիրն այլ հարթությունում է և կայանում է նրանում, որ Արցախի Հանրապետությունում իրենց պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, չեն հանդիսանում ո՛չ պատանդներ, և ո՛չ էլ ռազմագերիներ։ Դիվերսիոն խմբի անդամների կողմից Արցախի տարածքում իրականացվել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

«Միևնույն ժամանակ, ըստ մեր տվյալների, Ադրբեջանում պահվում են ոչ թե երկու, այլ երեք հայ պատանդներ՝ Կարեն Ղազարյանը, Արայիկ Ղազարյանը և Արսեն Բաղդասարյանը, ովքեր Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն գործել։ Ավելին՝ նրանց գերության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այդ թվում՝ «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից՝ ավելացնելով, որ ռազմագերիների և պատանդների խնդիրը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ համապատասխան. «Իսկ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու հետ կապված ադրբեջանական կողմի նշված նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մարդասիրական բնույթի հարցերի հերթական շահարկում՝ սպասարկելու սեփական քաղաքական նպատակները»։

Տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ 1992-ից ի վեր ներկա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ ժամանակից ի վեր հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ կողմերի միջև՝ բացառապես մարդասիրական բնույթի հարցեր լուծելու համար՝ այդ թվում գերիների փոխանակումը: Արցախում Կարմիր Խաչի առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու Էտերի Մուսայելյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանում ԿԽՄԿ հովանու ներքո ավելի քան 700 մարդ է վերադարձվել ինչպես շփման գծի, այնպես էլ միջազգային սահմանի վրա։

«Չափազանց կարևոր է նշել՝ չնայած նրան, որ ԿԽՄԿ-ն կողմերի խնդրանքով կարող է ներգրավված լինել վերադարձման վերաբերյալ բանակցություններում, սակայն ԿԽՄԿ-ն որևէ կերպ ազդեցություն չունի վերադարձվող անձանց ընտրության կամ այլ պայմանների վրա, որոնք պետք է համաձայնեցվեն կողմերի միջև։ ԿԽՄԿ-ն կներգրավվի միայն փաստացի վերադարձման գործընթացին, եթե անձը (անձիք) ցանկություն են հայտնել վերադառնալ»,- ավելացրել է Էտերի Մուսայելյանը։

Արցախյան շարժման օրերից պատանդների փոխանակման գործում մասնակցություն ունեցած, Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքով պատանդներ պահելը Ադրբեջանի ձեռագիրն է, որը դրսևորվել է Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից. «Դեռևս 1988թ. փետրվարյան դեպքերից հետո, երբ Ասկերանի շրջկենտրոնի և հարակից գյուղերի վրա հարձակումներ են եղել, Ադրբեջանը ԽՍՀՄ զորքերի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում ստեղծել է այսպես կոչված պարետային ծառայություն, և Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ է տրվել:

1988թ. փետրվարի 22-ի դեպքերով քրեական գործ է հարուցվել, Մոսկվայի կողմից հատուկ հարցերով քննչական խումբ է ստեղծվել: Արդեն իսկ այդ ժամանակներից ադրբեջանցիները սկսել են մարդաորսություն անել. բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, որոնց թվում էին ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Համլետ Գրիգորյանը, Ռուդիկ Ազարյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Մանուչարովը: Նրանց որպես պատանդներ են տարել: Մի պարզ խնդիր էր դրված. ձերբակալել, վախեցնել, հնարավորության դեպքում՝ «վերբովկա» անել, որպեսզի մարի ազգային-ազատագրական շարժումը, իսկ երբ դա չի հաջողվել, սկսել են այդ մարդկանց կամաց-կամաց բաց թողնել»,- ասել է Վիտալի Բալասանյանը՝ ավելացնելով, որ  սկզբնական շրջանում հայկական կողմից էլ են պատանդի կարգավիճակով մարդկանց պահել՝ հետագայում իրենց հարազատների հետ փոխանակելու համար: Իսկ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում որևէ մեկը պատանդի կարգավիճակով Արցախում չի պահվել:

 «Մեր կողմում հայտնված մարդկանց մենք հենց այնպես բաց էինք թողնում: Մարտական գործողությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները հայտնվել են այս կամ այն կողմում: Բայց պատերազմական ժամանակներում և դրանից հետո մենք հատուկ նպատակով մարդկանց պատանդ չենք վերցրել»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

Անդրադառնալով մերօրյա քննարկումներին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ դատապարտվածներից մեկը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը՝ Ռուսաստանի Դաշնության. «Այս երկուսի հանցանքը պարզ է, քրեական գործերի հիման վրա վճիռ է կայացվել: Բայց մենք տեղյակ չենք, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները հայտնվել ադրբեջանական կողմի մոտ: Չի բացառվում, որ տարել են, և չի բացառվում, որ կանխամտածված անցել են սահմանը կամ մոլորվել: Արդյո՞ք համաչափ են նրանց գործողությունները»:

Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ փոխանակման հարցը քննարկվում է, հակամարտության կողմ հանդիսացող Արցախի դիրքորոշումը հստակ է՝ հանցագործների փոխանակումն անմեղ գերիների հետ անընդունելի է:

Արցախը միշտ էլ երկխոսության, բանակցության կողմնակից է եղել, սակայն Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումն ահազանգ է. հանցագործները պատժից խուսափելու՝ առավել ևս հերոսանալու հնարավորություն չպետք է ունենան:

 Տաթևիկ Աղաջանյան

1