Հայրենիքի համար մղված պայքարին նորից մասնակցելու պատրաստակամությամբ
Գլխավոր » Լրահոս » Հայրենիքի համար մղված պայքարին նորից մասնակցելու պատրաստակամությամբ

Հայրենիքի համար մղված պայքարին նորից մասնակցելու պատրաստակամությամբ

Փետրվար ամսվա ընթացքում ամբողջ Արցախում մեծ շուքով նշվել է Արցախյան շարժման 30-ամյակը, բոլոր շրջկենտրոններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ: ԱՀ Ասկերան քաղաքում կազմակերպված նման միջոցառման ժամանակ ուշադրությունս գրավեց փոքրամարմին, աշխույժ մի կին, ով առանձնակի ոգևորությամբ էր հետևում միջոցառման ընթացքին և կարծես վերապրում 1988թ. Վերածննդի ոգին: Վերջերս պարզվեց, որ այդ կինը «ընկեր Միրան» էր՝ Միրա Ավանեսյանը: Նա նույնպիսի ոգևորությամբ և խանդավառությամբ էր լցված նաև 1980-ական թթ.: «Մի անգամ «Ոզնի» թերթից մի համար է ձեռքս ընկնում, որտեղ զետեղված էր Զորի Բալայանի փոքրածավալ, բայց մեծ բովանդակությամբ «Հիմա էլ լռե՞նք» վերնագրով հոդվածը: Կարդալով այն՝ մի քանի օր անընդհատ Ղարաբաղի հարցի մասին եմ մտածում, հասկանում եմ, որ արդեն խոսքի ազատություն է, որ մենք իրավունք ունենք մեր հարցը բարձրաձայնել»,- ասում է ընկեր Միրան:

Միրան այն ժամանակ Ասկերան քաղաքի մանկապարտեզի վարիչն էր, որտեղ էլ որոշ ժամանակ անց հանդիպում են կազմակերպում Գուրգեն Գաբրիելյանի հետ: Մասնակցում էր նաև Ասկերանի շրջանային թերթի խմբագիր Կոմիտաս Դանիելյանը:

Միջոցառումից հետո Գուրգեն Գաբրիելյանը առանձնազրույց է ունենում տիկին Միրայի հետ, հարցնում է մանկապարտեզի երեխաների թվի մասին: «Ասում եմ` 305 երեխա կա, որից 3-ը` ադրբեջանցի, Գուրգեն Գաբրիելյանն ասում է, որ շատ են, այս ամենը բարդ ընթացք է ունենալու»: Այսպիսի խոսակցություններ կային, բայց մեծամասնությունը չէր հավատում, որ կարող է մեծ բռնկում լինել:

Որոշ ժամանակ անց շրջանային թերթի խմբագիր Կոմիտաս Դանիելյանն է կանչում, առաջարկում օգնել. ասում է՝ «մի քիչ դարդեր ունենք», անհրաժեշտ է ստորագրություններ հավաքել: Տիկին Միրան իսկույն պատրաստակամություն է հայտնում օգնել: Բայց  ժողովուրդը դեռ պատրաստ չէր. պետք էր բացատրական աշխատանք տանել, նոր առաջարկել ստորագրել: «Մանկապարտեզի շնորհիվ կապի մեջ էի հասարակության ակտիվ մասի` ծնողների հետ, դրա համար բացատարելը, համոզելը հեշտ էր: Քիչ անց նրանք էին ինձ փնտրում, որ ստորագրեն»- ասում է տիկին Միրան: Ավելի դժվար էր հաջորդ քայլը: «Մի օր էլ նորից են կանչում խմբագրությունից.  այս անգամ նաև Սլավա Միրզոյանն էր ներկա: Ասում է` այժմ մի ուրիշ հարց կա, հիմա պահանջվում է հիմնարկների ղեկավարների ստորագրությունները կնիքով, անձնագրային տվյալներով: Քանի որ գիտեինք, որ մեզ հետևում են և շշուկներ կային, որ բոլորին բանտարկելու են, մի պահ տատանվում եմ: Այդ ժամանակ աղջիկս՝ Սաթենիկը, շատ փոքր էր: Պատկերացրի` առանց ինձ ով պիտի պահի, խնամի նրան: Ինձ ասում են, որ դա ռիսկային հարց է, ոչ մեկին չեն պարտադրում, ես էլ որոշում եմ ամուսնուս եւ ոչ մեկին ոչինչ չասել: Լուռ մտնում եմ աշխատասենյակ, կնիքը վերցնում և ստորագրում: Մի քանի օրից հետո եմ ամուսնուս պատմում դրա մասին, ինքն էլ հավանություն է տալիս»,- հիշում է տիկին Միրան:

Ստորագրահավաք ասելը հեշտ է, աշխատանքի ծանրությունը, բովանդակությունը՝ մեծ: «70 տարի քնած մարդուն պիտի բացատրես, հավատացնես, որ հնարավոր է միանալ Հայստանին: Այդ ստորագրահավաքների ժամանակ է ժողովուրդն արթնացել և ցույցերի դուրս եկել` իր ձայնը պաշտպանելու»,- համոզված է տիկին Միրան: Ստորագրություններ հավաքողներն իրար հետ չէին կիսվում, ընդհանուր հավաքատեղին խմբագրատունն էր:

Ասում է՝ դժվար օրեր էին, բայց երանությամբ է հիշում:

Հաճախ էին խաղաղ ցույցեր, միտինգներ լինում, որին մանկապարտեզի կոլեկտիվը միշտ մասնակցում էր՝ պաստառներով, դրոշներով: Հերթական ցույցի ժամանակ լսում է, որ թուրքերը մտնում են Ասկերան, իսկ մանկապարտեզը գտնվում էր հենց նրանց ճանապարհին. «Մարդիկ վազելով փորձում էին իրենց երեխաներին դուրս բերել: Կարգուկանոնով հայտնի մանկապարտեզը մի քանի րոպեում խառնաշփոթի է վերածվում: Երեխաները լացում էին, ծնողները չէին հասցնում կոշիկ, շոր հագցնել, գրկած դուրս էին տանում: Բայց ո՞ւր գնան, գնալու տեղ էլ չկա, մի կողմում ադրբեջանաբնակ Խոջալուն է, մյուս կողմում Աղդամը»:

Թուրքերը քարերով, երկաթե ձողերով զինված առաջ էին գալիս: Ճանապարհին ով պատահում էր` ծեծում էին, ամեն ինչ ջարդուփշուր անում: Հայերն էլ` ում ձեռքն ինչ ընկնում էր, դրանով էին պաշտպանվում: Տիկին Միրան մանկապարտեզի դուռը կողպելուց հետո շտապում է իրադարձությունների վայրը: «Մերոնցից Ջաբին հրացանով կրակում է թուրքերից մեկի վրա, դրանից հետո նրանք կանգնում են և առաջ չեն գալիս»,- պատմում է տիկին Միրան:

Այդ օրվա ցույցը լուսանկարել էր ասկերանցի Հայասերը, տանը թաքցրել էր ժապավենները, բայց օմոնականները գտնում են այն, տպում և դրանցում երևացող մարդկանց հետապնդում: «Ամուսինս տեղամասային տեսուչ էր աշխատում: Կանչում են նրան, հարցնում, թե ո՞ւմ է ճանաչում նկարներում երևացողներից: Ասում էր` լուսանկար չկար, որ ես չլինեի, բայց ինքը մատով լուսանկարներից ջնջում է դեմքիս մասը: Հետո տանը ջղայնանում է, թե ինչ պարտադիր էր հենց առաջին շարքում կանգնեի»,- ասում է տիկին Միրան:

Շարժման զինված փուլից հետո Արցախը անկախանում է, բայց անդառնալի շատ կորուստներ ունենում: «Ասկերանից այնքան լավ տղաներ են զոհվել, որ մի ամբողջ տարի չէի կարողանում իմ տեղը գտնել, չէի համակերպվում այն մտքի հետ, որ այլևս չեմ կարող այդ մարդկանց բարևներն առնել»,- կսկիծով ասում է տիկին Միրան:

Այժմ նա Ասկերանի ՀՅ Դաշնակցության գրասենյակի գործավարն է: Դաշնակցության շարքերը մտել է 2000թ., ինչպես ինքն է ասում` ոչ պատահական: «Փոքր եղբայրս դաշնակցական է, շարժման ընթացքում է մտել կուսակցության շարքերը: Դաշնակցությունն ինձ համար դարձավ «հարազատ եղբայր»՝ ուղիղ և փոխաբերական իմաստով»,- ասում է ընկեր Միրան ու ավելացնում, որ 2000-ական թթ. շատ դժվար էր դաշնակցական լինելը:

«Ժողովրդի մեջ այնքան ատելություն էին մեր դեմ սերմանել, որ զարմանում ես, թե ո՞նց կարելի է այդքան անտեղի ատել: Բայց ինչքան էլ իշխանությունները թարս աչքով էին նայում, այնքան մենք մեր համախմբվածությունից, միասնությունից ուժ էինք ստանում»,- նշում է տիկին Միրան: «Իրենք ցանկանում էին մեզ արհամարհել, բայց մեզ հաջողվել է իրենց արհամարհել: Հետագայում պարզվել է, որ նաև նախանձում էին մեր համախմբվածությանը»,- ասում է տիկին Միրան:

Որդիներից ավագը՝ Ալենը, 14 տարեկան էր պատերազմի ժամանակ, բայց մասնակցել է կռիվներին: Բանակից թոշակի է անցել: Մյուս որդին էլ հիմա զինծառայության մեջ է: Դուստրն արդեն ընտանիք է կազմել: Այժմ տիկին Միրան ապրում է իր զավակներով և հպարտանում յուրաքանչյուրի հաջողություններով: Իսկ եթե պետք լինի, պատրաստ է նորից մասնակցել հայրենիքի համար մղված պայքարին…

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1