Հայհոյել եմ, բայց սեռական բնույթը կասկածի տակ եմ առնում. ԱՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյան
Գլխավոր » Լրահոս » Հայհոյել եմ, բայց սեռական բնույթը կասկածի տակ եմ առնում. ԱՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյան

Հայհոյել եմ, բայց սեռական բնույթը կասկածի տակ եմ առնում. ԱՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյան

Այսօր Արցախի Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Խանումյանի ելույթը դուր չի եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանին: Վերջինս ԱԺ նիստի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Հայկ Խանումյանի հասցեին, եւ Խանումյանի կողմից նույնաբովանդակ պատասխաններ ստացել: Մեր զրույցում Ժաննա Գալստյանը չհերքեց, որ հայհոյել է, սակայն ասաց, որ չի հիշում հայհոյանքների սեռական բնույթը:

— Տիկին Գալստյան, Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն է տարածել ու գրառում արել, որտեղ ասում է, որ ԱՀ ԱԺ նիստի ժամանակ իր ելույթից հետո Դուք սեռական բնույթի հայհոյանքներ եք հնչեցրել: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հայհոյել եմ, բայց սեռական բնույթը կասկածի տակ եմ առնում: Այսինքն՝ սեռական բնույթի ո՞նց: Չեմ պատկերացնում: Վիրավորական խոսքեր ասել եմ, բայց չեմ հիշում՝ ինչ: Մանավանդ՝ բարբառով եմ ասել: Բայց բնույթը ի՞նչ կապ ունի, չնայած, որ հայհոյել եմ՝ միանշանակ է:

— Խանումյանի ելույթում ի՞նչը վրդովեցրեց Ձեզ:

— Վերջին ժամանակներս պատեհ, անպատեհ, լինի պատգամավորական հայտարարություն, լինի օրենքի քննարկում, օրինակ՝ այսօր բյուջեի կատարողականի քննարկում էր, կարծիքներ էին հայտնում համապատասխան խմբակցությունների պատգամավորները, ինքը սկսեց վիրավորել: Երեկ է դեռ սկսել, ինքը շատ անհարգալից, փողոցային ձեւով դիմեց մեր երկրի նախագահին, համաժողովրդական ընտրված նախագահին:

— Կոնկրետ ո՞ր մասը դարձավ Ձեր բարկության պատճառը:

— Կարդացել ե՞ք, գրե՞լ է, որ ասել է՝ Բակո Սահակյանը իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա: Հասկանո՞ւմ եք: Լրիվ, լրիվ, ինքը զրպարտում է նախագահին: Ա՛յ տղա, դու չհասկացա՞ր, որ երկրի նախագահը հայտարարություն արեց, ասաց, որ ես չեմ գնալու քսան թվականի ընտրություններին: Մի տարի ինը ամիս ժամանակ ունես, Հա՛յկ Խանումյան, պատրաստվի՛ր ընտրություններին: Ինչո՞ւ եք ուզում անընդհատ խաթարել թշնամու բերնի երկրի իրավիճակը: Մանավանդ մեկ տարի ինն ամսից ընտրություններ են, պատրաստվե՛ք, էլի: Հայաստանը, հասկանում ենք, ցայտնոտի մեջ է, ժամանակը չի հերիքում արտահերթ ընտրություններին պատրաստվելու, իսկ դուք ժամանակ ունեք, գնացեք: Ինչո՞ւ եք Ազգային ժողովի հարթակը օգտագործում դրա համար: Մենք հո միտինգի՞ չենք:

— Տիկին Գալստյան, պատասխանելու այլ տարբերակ չգտա՞ք, բացի հայհոյելը:

— Ես իրեն ասացի՝ գիտե՞ս ինչ, տղա՛ ջան, սա միտի՞նգ է քո համար, ու ինքը ինչ-որ բան պատասխանեց, ես հիմա չեմ հիշում: Չգտա ուրիշ տարբերակ, ուղղակի չգտա: Երբ իմ երկրի խորհրդանիշերը վիրավորում են, ինձ մոտ սկսում է աշխատել խրամատային բնազդը: Կներեք, խրամատում մեր էթիկետը մի քիչ ուրիշ է:

— Այս միջադեպից հետո ձեր հարաբերությունները նորմա՞լ են լինելու:

— Իհարկե: Ի՞նչ իմանամ, ես քրիստոնյա եմ: Էդ երեխու վիրավորանքները ես հենց առաջին րոպեին եմ ներել: Բայց թույլ չեմ տալու, որ ինքը իմ պետությանը վիրավորի, քանի՞ անգամ ինքը անհիմն վիրավորի: Ես ասել եմ, ինքը պատասխանել ա, կամ ինքն ասել, ես պատասխանել եմ: Իհարկե, ներելու եմ:

— Դուք ինչո՞ւ եք դեմ Բակո Սահակյանի հրաժարականը հիմա պահանջելուն:

— Ինձ հրաժարականը չի մտահոգում: Ինքը վիրավորում է իմ երկրի այսօրվա խորհրդանիշին: Ես ձեզ մի բան ասեմ, եթե մեր երկրի նախագահն այսօր լիներ Հայկ Խանումյանը, ես նույն վերաբերմունքն ունենալու եմ իր նկատմամբ:

— Իսկ հրաժարականի պահանջին առհասարակ եք դե՞մ, թե՞ միայն այս պահին:

— Կատեգորիկ, կատեգորիկ դեմ եմ, առհասարակ: Ես նույնիսկ դեմ էի, երբ ուժայիններն էին հրաժարական տալիս: Որովհետեւ ես որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ինձ անհրաժեշտ է եղել, որ ինձ ներկայացնեն, որ այդ անձնավորությունները մասնագիտական խախտում են կատարել, խնդիր չեն կատարել, երկիր են դավաճանել: Թե չէ հրաժարական են տալիս, որովհետեւ էս ինչը, էն ինչը ուզում է: Իհարկե, դեմ եմ: Որովհետեւ այդ գործընթացը, որ կամաց-կամաց պաշտոնաթողություն պիտի լինի, դա Բակո Սահակյանի օրակարգում դրած է: Այդ բոլոր փոփոխությունները լինելու են, բայց ո՞նց կարելի է այդ փոփոխությունները ինչ-որ մեկի ուլտիմատումով անել, մանավանդ ռազմական դրության մեջ գտնվող երկրում: Ես հասկանում եմ, որ շատ գայթակղիչ է՝ հեղափոխություն անենք, բան անենք, բայց դե այդպես չի էլի: Հետո՞ ինչ է լինելու:

Armtimes.com

1