Համահայկական 7-րդ խաղերի կամավորները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը. Գրիգորի Սահակյան
Գլխավոր » Երիտասարդական » Համահայկական 7-րդ խաղերի կամավորները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը. Գրիգորի Սահակյան

Համահայկական 7-րդ խաղերի կամավորները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը. Գրիգորի Սահակյան

Համահայկական 7-րդ խաղերի կամավորների պատասխանատուի պարտականությունը ստանձնած՝ ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը «Ապառաժ»-ին պատմել է այդ օրերին կատարված աշխատանքի մասին եւ գնահատական տվել կամավորների աշխատանքին:

«Անցած ճանապարհս եւ փորձս հաշվի առնելով՝ որոշվել է ինձ նշանակել Համահայկական 7-րդ խաղերի կամավորական ջոկատի պատասխանատու: Նոր հանձնարարությունն ընդունել եմ որպես մարտական նոր առաջադրանք»,-ասում է Սահակյանը:

Կամավորների ընտրություն, աշխատանքի բաժանում, կազմակերպչական հազար ու մի աշխատանք. կամավորական ջոկատների պատասխանատուի անելիքը մեծ էր, ժամանակը՝ սուղ, սակայն կազմակերպչական մեծ ձիրք ունեցող, թոշակի անցած զինվորականը 6 օրում նպատակադրեց եւ ամբողջացրեց կամավորների 250 հոգանոց խումբը:

«Համահայկական խաղերի կամավորները խելացի  եւ պատրաստակամ պատանիներ ու երիտասարդներ էին, ովքեր իրենց առջեւ դրված խնդիրը ոչ միայն պատշաճ էին կատարում, այլև ունակ էին սեփական նախաձեռնությամբ ընդունելու որոշումներ, որոնք նպաստում էին համահայկական այդ արարողության կայացմանը,-ասում է Համահայկական 7-րդ խաղերի կամավորների պատասխանատուն,- վստահաբար կարող եմ ասել, որ Համահայկական 7-րդ խաղերի կամավորները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը, իսկ իմ գնահատականի փաստարկը խաղերի հաջողված պաշտոնական բացումն էր»:

 

Մենք աշխատում էինք առանձնահատուկ նվիրումով

 

Զարինե Սառաջյան, Համահայկական 7-րդ խաղերի կամավոր

«Կամավոր լինելը առանձնահատուկ պատիվ եւ բավականություն է, մանավանդ երբ կամավորագրվում ես մի այնպիսի աշխատանքի, որի գերնպատակը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանն է ուղղված։ Արցախից բազմաթիվ կամավորներ սիրով եւ պատասխանատվությամբ կամավորագրվեցինք Համահայկական 7-րդ խաղերին։ Մենք բոլորս այդ օրերին աշխատում էինք առանձնահատուկ նվիրումով, անշահախնդիր եւ առանց որեւէ նյութական ակնկալիքի։ Մենք բոլորս աշխատում էինք՝ գերակա ունենալով մեկ հիմնական սկզբունք՝ ամեն ինչ անել, որպեսզի Արցախ այցելած յուրաքանչյուր մեր հայրենակից Արցախում տեսնի ջերմություն, սեր եւ իր հետ տանի մի ջերմ Արցախ, հոգատարություն եւ անմոռանալի դրական տպավորություններ։ Կարծում եմ՝ մեզ հաջողվել է։

Այդ օրերը մեզ համար նոր բարեկամներ ձեռք բերելու օրեր էին։ Այդ օրերին մենք՝ կամավորներս, նման էինք մի ընտանիքի, որին ուղղորդում էր կամավորների աշխատանքը համակարգող Գրիգորի Սահակյանը, մարդ, որ բոլոր հարցերի պատասխանն ուներ եւ հարյուրավոր կամավորներին պատասխանելու ժամանակ»։

 

Ամեն մեկս յուրովի ներկայացրինք Արցախը

 

 

Օկսաննա Բալայան, Համահայկական 7-րդ խաղերի կամավոր

«Արցախում Համահայկական 7-րդ խաղերն անցկացնելու մասին լուրն իմանալուն պես՝ անդամագրվել եմ որպես կամավոր՝ համահայկական այդ արարողությանն իմ ներդրումն ունենալու համար: Կամավորներիս մասնակցությունը մեծ կարեւորություն ուներ, որովհետեւ ամեն մեկս յուրովի ներկայացրինք Արցախը հեռավոր մայրցամաքներից եւ երկրներից ժամանած մեր հայրենակիցներին: Իսկ Համահայկական խաղերի ժամանակ մեր շփումները ձեռքբերում էին ինչպես կամավորների, այնպես էլ ժամանածների համար:

Եվ վստահաբար կարող եմ ասել, որ հենց Գրիգորի Սահակյանի շնորհիվ են կամավորների ու Սփյուռքից ժամանած հայրենակիցների միջեւ ձեւավորվել բարեկամական հարաբերություններ: Նա յուրահատուկ վերաբերմունք ուներ յուրաքանչյուրիս հանդեպ եւ բոլորիս հետ կիրառում էր անհատական վերաբերմունք՝ ոչ թե որպես ղեկավար, այլ ընկեր եւ բարեկամ»:

 

Լուսինե Թեւոսյան

1