Համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը նոր չէ
Գլխավոր » Լրահոս » Համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը նոր չէ

Համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը նոր չէ

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին տեսակապի միջոցով Tert.am-ի հետ զրույցում ասաց՝ Սփյուռքում ողջունում են համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը, սակայն սա նոր բան չէ. նախկինում էլ՝ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային: Պատգամավորի հետ Tert.am-ի հարցազրույցը՝ ստորև:

– Պարո՛ն Բագրատունի, լիբանանահայ համայնքը հայկական սփյուռքի ողնաշարն է: Մոտավոր հաշվարկներով՝ այսօր Լիբանանում բնակվում է շուրջ 140 հազար հայ, իհարկե` թիվը զգալի կրճատվել է։ Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում Լիբանանի հայկական համայնքը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական դրությունը Մերձավոր Արևելքում:

– Բնականաբար, լիբանանահայությունը կղզիացած վիճակում չէ, երբեմն դրական, երբեմն բացասական ազդեցություններ են լինում լիբանանահայության վրա: Լիբանանահայությունն այսօր ապրում է իր սովորական առօրյայով. գործում են ազգային, եկեղեցական, բարեսիրական, մարզական, մշակութային կառույցները: Այսօր ունենք տնտեսական խնդիր, որի հետևանքով էլ շատ լիբանանահայեր բռնում են հայրենադարձման ուղին. սրա համար մենք միայն ուրախ ենք:

Լիբանանում հայությունն ունի քաղաքական ներկայություն պետական համակարգում: Երկրի սահմանադրությամբ սա ամրագրված է, և մենք օգտվում ենք մեր իրավունքներից: Լիբանանահայությունն ազատ է քաղաքական դիրքորոշում ունենալու առումով, սակայն որպես Լիբանանի քաղաքացիներ՝ մենք ունենք պարտականություններ, որոնք պետք է կատարենք այն խորը հավատով, որ Լիբանանը պետք է մնա միասնական՝ հեռու լինի արտաքին միջամտությունից, պետք է պահպանի տարածքային ամբողջականությունը, միջհամայնքային հարաբերությունները պետք է խաղաղ լինեն:

– Ասացիք, որ տնտեսական դրությամբ պայմանավորված՝ լիբանանահայ համայնքը նոսրանում է: Առհասարակ ի՞նչ ռիսկեր եք տեսնում այսօր սրա հետ կապված: Ինչի՞ կհանգեցնի այն փաստը, որ Հայաստանը Մերձավոր Արևելքում քիչ-քիչ կորցնում է հարյուրամյա իր համայնքը:

– Տասնամյակներ շարունակ ասել ենք, որ Սփյուռքը կառուցում ենք հայրենիքի համար և մի օր պետք է Սփյուռքի ներուժն օգտագործել ի շահ Հայաստանի և Արցախի: Այսօր մենք այն իրավիճակում չենք, որ արհեստականորեն հայրենադարձություն սկսենք: Անհրաժեշտ է, որ Սփյուռքի ներկայի վիճակը պահպանվի, ավելին՝ պետք է այնպես անել, որ Սփյուռքը հզորանա: Մենք այս պահին տեսնում ենք մեկ այլ առաջնային հարց. եթե տնտեսական, սոցիալական և այլ պատճառներով արտագաղթ է տեղի ունենում Սփյուռքում, ապա դա պետք է ուղղվի դեպի Հայաստան: Հակառակ պարագան ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի և ո՛չ էլ Սփյուռքի համար օգտակար չէ: Չի կարելի քանդել արդեն իսկ եղած համայնքները և ստեղծելը նոր համայնքներ, որոնք կունենան հայապահպանության, ինքնության պահպանման խնդիր:

– Նշեցիք՝ Սփյուռքի ներուժը պետք է օգտագործել ի շահ Հայաստանի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեփանակերտյան իր ելույթում խոսեց համահայկական օրակարգ ձևավորելու մասին: Իշխանությունների գործողությունների հաջորդականությունն արդյո՞ք կբերի նրան, որ իսկապես ձևավորվի համահայկական օրակարգ: Դուք դրա միտումը տեսնու՞մ եք:

– Վարչապետ Փաշինյանի՝ համահայկական օրակարգ ստեղծելու առաջարկը, ձգտումը ողջունելի է, սակայն համահայկական օրակարգ ստեղծելու այս ձգտումը նոր բան չէ. նախկինում էլ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային: Մենք անվերապահորեն աջակցում ենք այս գաղափարին: Սակայն երբ ասում ենք համահայկական օրակարգ, այդ բառն, ինքնստինքյան, պարտավորեցնում է, այսինքն՝ այն իսկապես պետք է լինի համահայկական՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր քաղաքական, հասարակական ու այլ ուժերի մասնակցությամբ: Այս համատեքստում անպայմանորեն պետք է նկատի առնվի Ցեղասպանության, Արցախի հարցը, Հայաստանի հզորացման, անվտանգության պահպանման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հարցը:

– Վարչապետ Փաշինյանը նշեց նաև հայկական կապիտալը Հայաստան բերելու մասին: Առհասարակ ի՞նչ տրամադրություններ կան Սփյուռքում նոր իշխանությունների նկատմամբ: Սփյուռքը պատրա՞ստ է կապիտալը Հայաստան բերելու:

– Ներդրումային առումով Սփյուռքում ապրող հայը մշտապես պետք է ազգային իր պարտականությունը կատարի, սակայն Լիբանանում ասացվածք կա՝ «դրամագլուխը վախկոտ է»: Ներդրողի տեսանկյունից՝ ներդրումները հայրենասիրության հետ կապելը ճիշտ չէ: Անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանություններն առավելագույնն անեն՝ Հայաստանը վերածելու ներդրումային միջավայրի, որտեղ թե՛ հայը, թե՛ օտարերկրացին ներդրումներ կանեն ու կիմանան, որ կան անվտանգության երաշխիքներ, միջավայրն ապահով է, գործում են բոլոր օրենքները: Մենք էլ պետք է Սփյուռքում աշխատենք հայ ու ոչ հայ ներդրողներին ուղղորդել դեպի Հայաստան: Դրանից, մեծ հաշվով, օգտվում են բոլորը՝ թե՛ հայաստանցիները, թե Սփյուռքում ապրող հայերը:

arfd.am

1