Համագործակցության հուշագիր՝ մշակույթի նախարարության եւ ԵՊՀ-ի միջեւ
Գլխավոր » Լրահոս » Համագործակցության հուշագիր՝ մշակույթի նախարարության եւ ԵՊՀ-ի միջեւ

Համագործակցության հուշագիր՝ մշակույթի նախարարության եւ ԵՊՀ-ի միջեւ

Այսօր՝ ապրիլի 18-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը եւ Երեւանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրվել է կողմերի համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու նպատակով՝ հիմք ընդունելով մշակութային քաղաքականության եւ մշակույթի մասին բազմաբնույթ գիտելիքների փոխանակման անհրաժեշտությունը:

ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանն իր խոսքում ասել է, որ կողմերի առաջնային խնդիրը մշակութային քաղաքականության հիմնախնդիրների ուսումնասիրումն է եւ հեռանկարային ծրագրի մշակումը։

«Արցախն աչքի է ընկնում իր մշակութային ակտիվությամբ, բայց ժամանակակից գիտելիքի, մեթոդների, տեսլականի պակաս կա։ Մենք ուզում ենք կազմակերպել դասախոսությունների շարք, որի շրջանակներում Հայաստանի լավագույն մասնագետները հանդես կգան դասախոսություններով»,- ասել է Պետրոսյանը։

Մշակութաբանի խոսքով՝ Արցախում մարդիկ կարիգ ունեն մշակութային ինքնադրսեւորման․ «Ցանկացած հասարակության մեջ մարդու բավարարվածությունը նախ եւ առաջ չափվում է մշակութային սեփական ներուժի ցուցադրման եւ կիրառման աստիճանով, այլ ոչ թե մշակութային արժեքների սպառման աստիճանով։  Այդ իսկ պատճառով մենք ձեռնամուխ ենք եղել ապահովել արցախցիների մշակութային իրավունքը»,- ընդգծել է Պետրոսյանը։

1