Կարաչինարում Մոնթեին մի ամիս մեր տանը պահեցինք: Արցախցի Եսայանների էպոպեան
Գլխավոր » Հասարակական » Կարաչինարում Մոնթեին մի ամիս մեր տանը պահեցինք: Արցախցի Եսայանների էպոպեան

Կարաչինարում Մոնթեին մի ամիս մեր տանը պահեցինք: Արցախցի Եսայանների էպոպեան

Ասում են արցախցիները հյուրասեր մարդիկ են: Դրանում համոզվելու համար պարզապես նրանց այցելել է պետք, իսկ զրույցի ընթացքում հետաքրքիր բացահայտումների պակաս չեք ունենա: Արցախում այս անգամ հյուրընկալվել ենք Եսայանների ընտանիքում. նրանք Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր գյուղում են ապրում:

Վառարանի ձայնը հաճելի թմբիր է բերում, իսկ տան տիկինն արդեն սկսել է մեզ հյուրասիրել իր պատրաստած համեղ կոմպոտն ու զանազան չրերը:  Զրույցի համար ամեն ինչ պատրաստ է ու տիկին Սոնիկը մի քանի խոսքով պատմում է իր մասին.

— Ես Նաֆթալանում եմ ծնվել, հիմա 54 տարեկան եմ: Նաֆթալանից Կարաչինար գնացինք, հետո Թալիշ, Մատաղիս, Երևան, Սովետաշեն,Մասիս ու Նոր Բրաջուր:

Ամենատարբեր քաղաքների ու գյուղերի այս տեսակ հերթականությունը զարմանալի չէ…Շահումյանի շրջանից բազմաթիվ ընտանիքներ անցել են նույն ճանապարհով, պատճառը՝ Արցախյան ազատամարտն էր:

— Մեր մտքով չէր անցնի, որ ստիպված ենք լինելու թողնել Կարաչինարը: Մենք կրակոցների տակ հող էինք մշակում, բերք ստանում: Նույնիսկ երեխաներն արդեն սովորել էին անվերջ կրակոցների ձայները լսել: Բայց 1992 թվի հունիսին վիճակն ավելի էր վատացել, այլևս հնարավոր չէր գյուղում մնալ ու մենք ամսի 13-ին դուրս եկանք: Ես 3 երեխաներիս հետ՝ 2 տղաներս հինգ և չորս տարեկան էին, աղջիկս մեկ ու կես: Երբ արդեն մարդիկ Մատաղիսում էին հավաքվել, Շահեն Մեղրյանը 3 ուղղաթիռ էր ուղարկել, որ գոնե երեխաներին դուրս բերեին: Այդ տեսարանը երբեք չեմ մոռանա…Ուղղաթիռը գետնին չէր կանգնել ու մարդիկ պարզապես նետում էին երեխաներին ուղղաթիռից ներս, այն բարձրանում էր ու ծնողները մնում էին ներքևում: Քանի՜ բարուր երեխա տարանք…

Տիկին Սոնիկի խոսքի ժամանակ ներս է մտնում ամուսինը՝ Ռոբերտ Եսայանը: Սպիտակ մազերով, ժպտերես մարդ է նա, բայց ժպիտի մեջ անգամ մի տեսակ տխրություն կա, ազատամարտիկին բնորոշ խստություն:  Նա մինչև 1994 թ.-ը զենքը վայր չի դրել, կնոջից ու երեխաներից տեղեկություն չի իմացել, երբ նրանք ապրել են Մասիսում: Այդ տարիներին տիկին Սոնիկի համար հեշտ չի եղել միայնակ պահել 3 երեխաներին, բայց նա հաղթահարել է ցանկացած դժվարություն՝  ամենամեծ պարգևը համարելով իր երեխաների առողջությունը: Պարոն Ռոբերտը պատմում է, որ իր համար ամենածանր պահը հայրենի գյուղը՝ Կարաչինարը կորցնելն էր.

-Ես իմ գյուղը շատ եմ սիրում: Ես, որ իմ կյանքում լաց եղած չկայի, արցունքներս չէի կարողանում զսպել, երբ հայրենի գյուղս թուրքին թողեցինք: Լեոնիդը (Լեոնիդ Ազգալդյան), որ Կարաչինար եկավ, ինձ 4 հատ ավտոմատ տվեց, որ ջոկատ հավաքեմ, ես էլ Կարաչինարից կամավորներ հավաքեցի, իսկ իմ հրամանատարն արդեն Շահեն Մեղրյանն էր: Հետո 1991 թվին Մոնթեն էլի 2 կամավորների հետ Կարաչինար եկավ, մեկի անունն էլ Արսեն էր: Մոնթեին Կարաչինարում մի ամիս մեր տանը պահեցինք:

Բառերը արժեքներ են, որ ես փորձում եմ լիովին ընկալել, իսկ իմ զրուցակիցը տեսնելով իմ հետաքրքրվածությունը, ժպտում է, երևի Մոնթեի կերպարը նորից մտքում տեսնելու համար.

-Մեր գյուղում մի հարևան ունեինք՝ բարբառով էր խոսում ու շատ արագ…Մոնթեն էլ չէր հասկանում ու ինձ հարցնում էր, թե «Ռոբերտ ջան էս ի՞նչ ա ասում»: Մոնթեն էլ արևմտահայերեն էր խոսում ու ես պիտի մեր հարևանին արևմտահայերենը բացատրեի, որովհետև նա էլ Մոնթին չէր հասկանում:

Ծիծաղում ենք ու կարճ դադարից հետո տան տերերը կրկին անգամ փաստում են՝ «Մոնթեն լավ մարդ էր» :

-Մոնթեն գալիս էր մեր խրամատները, ամեն ինչ ստուգում, պարզում, թե որտեղից են կրակում: Նրա պես շատ լավ կռվող, կամավոր տղերք եկան, շա՜տ- շատերը հենց Արցախում էլ զոհվեցին: Ուղղաթիռ բարձրանալիս Մեղրյանին ասացի «Երեխեքիս 7 ամիս չեմ տեսել, ես էլ գամ, կտեսնեմ, հետո էլի ձեր հետ կգամ» , բայց Մեղրյանը առանց ինձ բարձրացավ ուղղաթիռ: 100 մետր դեռ չէր բարձրացել ուղղաթիռը, երբ այն խոցեցին: 13 մարդ  կար, ոչ մեկ չփրկվեց:

Պարոն Ռոբերտի հայացքն էլի խստացավ, ակնոցը վերցրեց ու նստեց փոքրիկ համակարգչի առջև, ուզում էր համացանցում Կարաչինարի տեսանյութերն ինձ ցույց տալ…«Ահա Մեղրյանը», «Այ էս ճանապարհն էր բաժանում Կարաչինարը, թուրքերը շատ մոտ էին», «Էս ֆիդայինները Երևանից էին եկել»…

Եսայանները  տեսանյութերն արդեն շա՜տ անգամ էին նայել, դրանցից առավել իրենց հիշողություններն են, որ պահել են սրտում ու շարունակում են ազատագրված հայրենիքում հպարտությամբ ապրել:

Արաքսյա Միրզոյան

1